Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է

Օգոստոս 12,2016 20:02

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում և հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ  հարթակներում պարբերաբար քննարկվում են 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ հանցանքների մեջ մեղադրվող և անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, հետաքննության և նախաքննության, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու սահմանադրական իր գործառույթի իրացման շրջանակներում, լիազորված է պարզաբանել, որ տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների տեսակցության իրավունքի սահմանափակումը պայմանավորված է հետևյալ փաստական հանգամանքներով.

  1. քրեական գործերով անցնող մեղադրյալներին ներկայացված մեղադրանքի բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով, այն է, որ դրանք առավելապես հասարակական անվտանգության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ են,
  2. ենթադրյալ հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագծով, այն է՝ միմյանց միջև կայուն և տևական կապով, ինչպես նաև ներկայումս նրանց տեսակցելու ցանկություն հայտնած անձանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների և որոշ պատգամավորների հետ նախկինում ունեցած շփումներով,
  3. մեղադրյալներին վերագրվող արարքներն ավարտվելուց հետո իրավասու իրավապահ մարմինների կողմից հանցավոր այլ դրսևորումների բացահայտման, ներառյալ՝ մեծաքանակ զենք և ռազմամթերք հայտնաբերելու փաստերով, հետևաբար, և ազատության մեջ հնարավոր հանցակիցներ ունենալու ողջամիտ ենթադրությամբ և բարձր հավանականությամբ:

Այս պայմաններում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը (15 հոդվածի 9-րդ պարբերությունը) նախատեսում է իրավաչափ նպատակով, այն է՝ քննության շահերից ելնելով, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլ անձանց հետ (բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի) ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու հնարավորություն:

Թեև ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցության իրավունքը սահմանափակվել է օբյեկտիվ փաստերի հիման վրա և օրինական հիմքով, այդուհանդերձ, յուրաքանչյուր մեղադրյալի համար դրա հետագա պահպանման անհրաժեշտության հարցը ենթակա է առանձին քննարկման՝ առկա իրավիճակի և զարգացման միտումների հաշվառմամբ:

Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է հետաքրքրված հանրությանը հարգել  քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները, կանխարգելիչ այս միջոցի կիրառումը չդարձնել արհեստական քննարկումների կամ շահարկումների առարկա, և չփորձել այդ կամ ոչ իրավաչափ որևէ այլ ձևով ներազդել իրավասու պաշտոնատար անձանց լիազորությունների իրականացման վրա:

Հույս ենք հայտնում նաև, որ օրենքի ուժով նշված սահմանափակման կիրառման տիրույթում չհայտնված անձինք օրենքով տրված արտոնությունը կօգտագործեն բացառապես իրենց մասնագիտական գործառույթների իրականացման նպատակով՝ հարգելով սեփական առաքելությունն ու արդարադատության շահերը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031