ՀՀ ոստիկանությունը հուլիսի 20-ին պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում կիրառել է անբեկոր լուսաձայնային նռնակ՝ «Զարյա 3»՝ 24 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»՝6 հատ, ձեռքի լուսաձայնային միատարր նռնակ «Ֆակել-Ս»՝ 4 հատ, լուսաձայնային գրգռիչ ազդեցության ձեռքի նռնակ՝ «Դրոֆա»՝ 3 հատ: Այս մասին ոստիկանությունը տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հարցմանն ի պատասխան:
Ոստիկանության կիրառված զենքերն, ըստ էության, օրենքով արգելված չե՞ն՝ Aravot.am –ի այս դիտարկմանը հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը պատասխանեց, որ «Ոստիկանության մասին» եւ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով Ազգային ժողովը հաստատել է, թե որ դեպքերում՝ ինչ հատուկ միջոցներ կարող են կիրառել:
«Բայց այստեղ հարցն այն է, որ սա այդ դեպքը չէ: Խոսքը ամսի 20-ի երեկոյան՝ ժամը 22.00-ի կողմերը, երբ կիրառեցին այս հատուկ միջոցները, իրենք պետք է փորձեին ագրեսիվ քաղաքացիներին մեկուսացնել, այլ ոչ թե 30-ից ավելի նռնակ, արցունքաբեր գազ կիրառել, եւ մի քանի տասնյակ մարդ ուղարկել հիվանդանոց՝ միայն այն պատճառով, որ մի քանի քաղաքացի ագրեսիվ են: Եթե ագրեսիվ են, չի նշանակում, որ 25 մարդու պետք է ուղարկել հիվանդանոց»:
Ըստ Իոանիսյանի, այսինքն, ոստիկանությունը որեւէ գործողություն չի կատարել, որպեսզի ցույցի խաղաղ մասնակիցներին պաշտպանեն.«Առավելեւս առաջին իսկ մի քանի լուսաձայնային նռնակների կիրառելուց հետո, կադրերում կարելի է տեսնել, մարդիկ արդեն հետ էին գնում, փախչում էին: Ոստիկանությունը փախչող մարդկանց հետեւից շարունակում էր կրակել, համարյա 40 կրակոց է եղել: Մինչեւ գումի շուկա կրակում էին: Սա հատուկ միջոցների կիրառմամբ վենդետա էր, եւ ոչ թե օրենքով սահմանված գործողություն»:
Կարդացեք նաև
Իոանիսյանն ասաց, որ իրենք պատրաստվում են հուլիսի 20-ին ոստիկանության այդ գործողությունների վերաբերյալ դիմել ՄԻԵԴ.«Դրա համար բոլոր հիմքերը կան, եւ կոչ ենք անում բոլոր տուժած քաղաքացիներին միանալ»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հ/կ-ն կրկին ոստիկանական գործողությունների համար դիմել էր ՄԻԵԴ, խոսքը «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի մասին է՝ հունիսի 23-ին կիրառած բիրտ ուժի, ջրցանի եւ բռնությունների համար:
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքով ՄԻԵԴ-ը հ/կ-ի հայցն ընդդեմ Հայաստանի, վարույթ է ընդունել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Դանիել Իոանիսյանի ֆեյսբուքյան էջից