Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհելու որեւէ առաջարկ չեմ արել». Վարդևան Գրիգորյան

Օգոստոս 12,2016 17:35

Այսօր Գյումրու ավագանին մեկ դեմ ձայնով պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Սերժ Սարգսյանի եղբորը` Լևոն Սարգսյանին: Վերջինս «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հոգաբարձուների խորհրդի նախագահ է , Գյումրիում ամեն տարի կազմակերպվող «Վերածնունդ» փառատոնի հիմնադիրներից:

Ավագանու նիստին նշվել է, որ վերջինիս պատվավոր քաղաքացի շնորհելու առաջարկով հանդես են եկել Գյումրու Արվեստների ակադեմիան, ինչպես նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:

Մենք Վարդևան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է նման առաջարկ հնչեցրել: Վերջինս նշեց, որ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, առաջարկ չի հնչեցրել, ընդամենը իր համաձայնությունն է տվել Գյումրու արվեստների ակադեմիայի ներկայացրած առաջարկին: «Այդ առաջարկի մեջ նշված էր նաև այն հանգամանքը, որ Լևոն Սարգսյանը` որպես բարեգործ, համակարգչային լսարան, ֆիզիկայի, քիմիայի աշխարհագրության ու կենսաբանության լաբորատորիաներ է նվիրել Գյումրու մանկավարժականին: Նրանց ներկայացրած փաստաթղթի այդ հատվածը ընթերցելով` ես տվեցի իմ համաձայնությունը, ստորագրեցի, բայց նորից եմ կրկնում, դա չի եղել իմ առաջարկը, իմ նախաձեռնությունը, ես ընդամենը միացել եմ նրանց առաջարկին, հիմա անգամ չեմ հիշում, թե երբ էին առաջարկել», ասաց Վարդևան Գրիգորյանը:

Գյումրու ավագանու միակ անդամը, որը դեմ էր քվեարկել այս առաջարկին, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էր: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում «Հերթական ամոթալի պատմությունը Գյումրու ավագանու նիստում» վերնագրով գրառում է կատարել` նշելով. «Այդ կոչմանը նախկինում արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք Վիկտոր Համբարձումյանն է եւ Արտավազդ Փելեշյանը, եւ այնպիսի տխրահռչակ անձինք, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը, Գորիկ Հակոբյանը եւ Սերժ Սարգսյանը…»: Ավագանու անդամը հիշեցրել է նաև Գյումրիում երկու տարի առաջ աղմուկ հանած այն փաստը, որ Լևոն Սարգսյանը Գյումրիում «Վերածնունդ» փառատոնը կազմակերպելու համար 5 միլիոն դրամ էր տարել Գյումրիի ծայրահեղ աղքատ բյուջեից»:

«Հիմա ԲՀԿ-ական Գրիգորյանի եւ ՀՀԿ ցուցակ մտած Բալասանյանի առաջարկությամբ եւ շատ օրենսդիր ավագանու ջանքով հերթական խայտառակությունը կապվեց քաղաքի վզին: Ի դեպ, Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչման համար առաջ հրած երկու անձինք էլ քաղաքապետ են ուզում դառնալ, սա երեւի Աստծո աչքը իրենց վրա քաղցր պահելու ծրագրի մի բաղադրիչն էր միայն», -գրում է Լևոն Բարսեղյանը:

Գյումրու ավագանին այսօր պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նաև Գագիկ Ծաոուկյանին` որպես բարեգործի: Սախարովի ավան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ բոլոր տեսակի կոչումները` գիտության, արվեստի, մշակույթի ու այլ բնագավառներում արդեն հնացած են: Վերջինս նույնպես վերհիշեց, թե ինչպես նախագահի եղբայրը երկու տարի առաջ Գյումրու քաղաքային աղքատ բյուջեից 5 միլիոն դրամ էր տարել ամեն տարի անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն անցկացնելու համար: Մեր զրուցակցի մեկնաբանմամբ, դիմացն ընտրություններ են ու այս ձևով ցույց են տալիս, թե ինչպես են հարգում նախագահին, որ չեն անտեսում նույնիսկ նրա ընտանիքի անդամներին, եղբորը:

Իսկ Գագիկ Ծառուկյանը,Սեյրան Մարտիրոսյանի ասելով, «բարեգործություններ» էր անում, երբ ինքը քաղաքականության մեջ էր, ընտրությունների ժամանակ, իսկ այդ ընթացքում, ըստ մեր զրուցակցի, նրա արածը կոչվում էր մեկ այլ բառով` դա ընտրակաշառքն է:

Մեր զրուցակիցը այս երկու անձին էլ պատվավոր քաղաքացի շնորհելն աբսուրդ է համարում` նշելով, որ գյումրեցիները երբեք չէին հարցնի, թե ինչու ասենք Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացի չեք շնորհում, հիմա անընդհատ հարցնելու են, իսկ ինչու է Լևոն Սարգսյանը դարձել պատվավոր քաղաքացի: «Հայաստանում շուտով առանց կոչման մարդ չի մնա»,- համոզված է Սեյրան Մարտիրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. H.K.O says:

    Սկսվեցին ստահոտ լուրերը տարածել Վարդևանի մասին:Սա նույն մարդու ձեռագիրն է:Բոլորի վրա գրել է տալիս:

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Երկու եղբայրներին տվել եք կոչում, հարց է առաջանում. -Իսկ երրորդը՝ Սաշիկը չի՞ նեղանա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031