Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի, Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի հանդիպումների օրակարգում եղել է տարածքների հանձնման հարցը». Հայկ Մարտիրոսյան

Օգոստոս 12,2016 16:58

Միմյանց հաջորդած հանդիպումները Բաքվում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի բնութագրմամբ բավականին վտանգավոր են:

«Նոյյան տապան» մամուլի սրահում նա չբացառեց, որ այդ հանդիպումներն ավելի ինտենսիվ դառնան, ինչը վտանգավոր է հատկապես Հայաստանի համար: Ըստ նրա` որքան էլ ՀՀ իշխանությունները թաքցնեն դրանց օրակարգը, գրեթե փաստ է, որ քննարկվում է տարածքների հանձման հարցը, ինչը չի կարող լավ հանգամանք լինել հայկական կողմի համար. «Տարածքների հանձնումից հետո ոչ թե կմեծանա պատերազմի հավանականությունը, այլ մեզ համար կործանարար պատերազմը կդառնա տեխնիկայի խնդիր»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի` բազում տեղեկություններ ունեն և՛ կրեմլամերձ, և՛ ադրբեջանական աղբյուրներից, թե ինչի մասին են ընթանում բանակցությունները: Ըստ նրա` տարածքների հանձնման համատեքստում յուրաքանչյուր բանակցություն մեզ համար կործանարար է. «Միջազգային պրակտիկայում նման դեպք չգիտեմ, երբ քեզ զոհեր են պատճառում, քեզնից հողեր գրավում և դրա արդյունքում դու գնում ու անմիջապես սկսում ես բանակցել թշնամուդ հետ, ուրեմն դու պարտված ես»:

Պարոն Մարտիրոսյանը զգուշացնում է, թե հողերի հանձնումը չի լինելու մեկ անձի ստորագրությամբ, այլ դա կարվի շատ «բնական» կերպով: Մասնավորապես նա զարգացման այսպիսի սցենար է հավանական համարում. «Կլինի մի իրավիճակ, երբ ռազմական հարձակման դեպքում հայկական ուժերը երկու անգամ ավելի անպաշտպան կլինեն ազատագրված տարածքներում և արհեստականորեն կկրեն պարտություն և կկորցնեն տարածքներ: Ու դա կներկայացվի, թե չկարողացանք, ի՞նչ արած: Եվ այդպիսով կհանձնվեն տարածքներ: Հիմա ընթանում են բանակցություններ տեխնիկական կողմերին և հասարակություններին` դրան պատրաստելու համար»:

Հայկ Մարտիրոսյանը հատկապես կարևորեց Ալիևի պալատում Ալիև-Պուտին թեյախմությունը, այնուհետև նշեց, թե թող որևէ մեկը կասկած չունենա, որ այնտեղ քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը:

Տարածաշրջանային բացասական զարգացումները ևս, ըստ քաղաքագետի` անխուսափելի են, քանի որ Թուրքիայում անկայունությունն ավելի է խորանում: Ըստ նրա` Հայաստանում մարդիկ ամեն ինչ դատում են Երևանի փողոցներով ու հանգիստ են, թե աշխարհը չի թողնի, որ պատերազմ լինի: Բերելով Հալեպի օրինակը` Հայկ Մարտիրոսյանը զգուշացրեց, թե ոչինչ չի խանգարում Ադրբեջանի և Թուրքիայի նման պետություններին իրականացնել ցեղասպանության երկրորդ փուլ ու իրենց խնդիրը լուծել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031