Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե դրսի ինչ-որ ուժ կամ Ֆրանսիան «Սասնա ծռերի» թիկունքում լիներ, այսպես չէր լինի». Պապյանը՝ Իսագուլյանին

Օգոստոս 12,2016 15:51

«Որտե՞ղ է եղել մի քանի ամիս առաջ պարոն Ենիգոմշյանը, ո՞նց եղավ, որ վերջին պահին վիզա ստացավ Ֆրանսիա, ո՞ւմ հետ հանդիպեց այնտեղ, ի՞նչ ծրագիր էր քննարկում: Հերի՛ք եղավ, որ մենք ոչինչ չասենք, որ էս ամեն ինչը հարթվի: Բայց երբ տեսնում ես, որ իրենք ուղղակի սուտ լուրեր են տարածում այս ամենը գրգռելու համար, այլ բան չի մնում, քան ասել ճշմարտությունը»,- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակի օրերին հրատապ ասուլիս հրավիրեց եւ այսպիսի ուղերձով հանդես եկավ՝ փորձելով կապ գտնել «Սասնա ծռեր» խմբի գործողությունների եւ Ֆրանսիայի միջեւ:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասաց, որ եթե Ալեք Ենիգոմշյանն իսկապես Ֆրանսիայում է եղել, դա հիմք չէ կապելու այդ երկու գործողությունները. «Մենք շատերս տարբեր տեղեր ենք գնում: Ես վստահեցում եմ, որ եթե դրսի ինչ-որ ուժ կամ Ֆրանսիան այս տղաների թիկունքում լիներ, այսպես չէր լինի: Մերոնք շատ լուրջ են ընդունում, ասում են՝ Արեւմուտքի մատն է խառը: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Արեւմուտքը ուզենա Հայաստանում մի հատ հեղաշրջում կազմակերպի, այնքան հանգիստ դա կանի, ու մերոնք չեն էլ կարող դրան դիմակայել: Ուղղակի չգիտեմ, ցավոք սրտի, թե բարեբախտաբար՝ մենք Արեւմուտքի համար որեւէ դեր չունենք: Սա, իմ խորին համոզմամբ, հասարակության ավելի ռադիկալ խմբի ճարահատ քայլ էր, որը երկար տարիներ փորձելով տարբեր մեթոդներով իր ձայնը լսելի դարձնել՝ չկարողացավ դա անել: Մյուս կողմից էլ՝ հասարակության մեջ հասունանում էր այն միտքը, որ դե հերիք է խոսեք, պետք է մի բան անել, իրենք որոշեցին մի բան անել: Ես կասեի՝ բավականին անկազմակերպ, որը ցույց է տալիս, որ որեւէ Ֆրանսիա կամ Ամերիկա կապ չուներ: Ապստամբությունը չի գնում պաշտպանության: Ապստամբությունը առաջին հերթին հարձակվում է: Եվ ոչ թե ՊՊԾ գունդ են գրավում, այլ գրավում են շատ ավելի կարեւոր կառույցներ»:

Արա Պապյանն ասաց, որ ներսից ուսումնասիրել է մի քանի հեղաշրջումներ. «Առաջին հերթին գրոհում են նախագահական պալատ: Այդ ձեւ է արվում: ՊՊԾ գունդը գրավելով՝ ակնհայտ է, որ եթե դու գրավում ես եւ մտնում ես խորը պաշտպանության մեջ, դու արդեն դատապարտված ես: Եթե իրենց հույսը նա էր, որ պիտի 100 հազար ժողովուրդ փողոց դուրս գար, եթե անգամ դուրս էլ գար, 100 հազար անզեն ժողովրդի դեմ կարելի էր հանել 10 հազար զինված ոստիկանություն եւ այդ 100 հազարի հարցը հանգիստ կարելի էր լուծել: Մենք դա տեսել ենք եւ էլի կարող ենք տեսնել: Դրա համար ես մշտապես դեմ եմ եղել այդ ծայրահեղ միջոցներին, որովհետեւ դա ուրիշ վտանգ ունի իր մեջ: Վտանգը նրանում է, որ անորոշությունները շատ են՝ արտաքին վտանգ, ներքին վտանգ: Հետո ստացվում է, որ ժողովուրդն էլի դերակատար չի: Ղեկը կհայտնվի անհայտ մարդկանց ձեռքում, որոնք կարող է ընդհանրապես վիճակն ավելի վատ դարձնեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031