Aravot.am-ի հարցին, թե վերահսկման մեխանիզմներ կա՞ն կենդանիների համարակալման գործընթացում, որպեսզի գյուղացիները, այսպես ասած, «գույքահարկ» չմուծելու համար չթաքցնեն իրենց կենդանիներին, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն ասաց, որ հաշվառման հիմքում հենց այդ խնդիրն է դրված, որպեսզի բոլոր կենդանիները հաշվառված լինեն:
«Բարդ գործընթաց է, մոտ երեք տարի կտեւի, բայց դրանից հետո ոչ մի կենդանի չհամարակալված չի մնա: Այդ կենդանուն չեն կարող վաճառել ո’չ սպանդանոցին, ո’չ էլ խանութին, եթե նա չունենա իր համապատասխան համարը»:
Ըստ պարոն Հարությունյանի, համարակալման նպատակն այն է, որպեսզի պատկերացում լինի, թե Հայաստանում որքան գլխաքանակ կա եւ ըստ այդմ էլ յուրաքանչյուր սպառող պետք է պաշտպանված լինի:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Փոխնախարարն ասաց, որ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 2016-ին Հայաստանից դեպի ԵՏՄ 90 տոկոսով ավելացել է պտուղ-բանջարեղենի արտահանումը: Հարցին, թե ԵՏՄ ասելով հիմնականում ՌԴ նկատի ունի՞, պարոն Հարությունյանն ասաց` այո: Ըստ նրա, Ռուսաստանի համեմատությամբ ղազախական շուկա, Բելառուս արտահանմամբ զիջում ենք եւ այդ ուղղությամբ նախարարությունը աշխատանքներ է տանում:
«ԵԱՏՄ-ն մեր գյուղատնտեսական մթերքների համար այսօրվա դրությամբ ամենաարդիական շուկան է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կենտրոնանում է արտահանման ծավալներն ավելացնելու վրա»,-ասաց պարոն Հարությունյանը: Նրա հավաստմամբ, այս պահի դրությամբ Հայաստանը փորձում է 10 երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքել:
Հնդկաստան գյուղնախարարության պատվիրակության այցելությունից հետո հայկական գինիները կառաքվեն նաեւ Հնդկաստան: Այդ երկրից արդեն կան գործարարներ, որոնք հետաքրքրված են հայկական արտադրանքով: Պարոն Հարությունյանը խոսեց նաեւ գյուղատնտեսության ապահովագրությունից, որը դեռեւս ներդրված չէ մեր երկրում` չափազանց ռիսկային ոլորտ լինելու պատճառով: Այն կներդրվի ոլորտ առ ոլորտ` միջազգային կազմակերպությունների կողմից ռիսկերը գնահատվելուց հետո:
Փոխնախարարի խոսքերով, մինչեւ տարեվերջ շուրջ 100 նոր կոոպերատիվ էլ կստեղծվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ