Օգոստոսի 12-ը աշխարհում նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւս նշեց այդ օրը: Այս տարվա միջոցառումը նպատակ ուներ երիտասարդների հետ միասին Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ճանապարհներ գտնել: Երիտասարդության միջազգային օրվա 2016 թ. թեման է «Ճանապարհ դեպի 2030՝ վերացնել աղքատությունը և հասնել կայուն սպառման և արտադրության»:
Հանդիպումը բացվեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) վերաբերյալ համառոտ խոսքով, ապա ցուցադրվեց գլխավոր քարտուղարի տեսաուղերձը:
«Երբ մենք ներդրումներ ենք անում հանուն երիտասարդության, նրանց հնարավորություն ենք տալիս նպաստել նոր շուկաների, արժանապատիվ աշխատանքի, արդար առեւտրի, կայուն տնտեսության, կայուն տրանսպորտի եւ զբոսաշրջության ապահովման, ինչպես նաեւ տալիս ենք բազմաթիվ այլ հնարավորություններ, որից շահում են թե՛ մարդիկ, թե՛ մոլորակը»,-ասված էր ուղերձում:
ԿԶՆ-ը նպատակների, թիրախների եւ ցուցիչների մի նոր գլոբալ համակարգ է, որը ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է օգտագործեն առաջիկա 15 տարիների ընթացքում՝ իրենց ազգային օրակարգերն ու քաղաքականությունները կազմելիս: Կայուն զարգացման նպատակները 17-ն են՝ սկսած բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով աղքատության վերացումից, վերջացրած հանուն կայուն զարգացման գլոբալ գործընկերության ակտիվացումով:
Կարդացեք նաև
Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաեւ Հայաստանի քաղաքացիների հարցումների պատկերը: 630-ից ավելի հայաստանցիներ ԿԶՆ-ի վերաբերյալ քվեարկությանը մասնակցելիս՝ առաջին տեղում կարեւորել են բարձրորակ կրթությունը, երկրորդ տեղում աշխատանքի հնարավորությունն է, երրորդում՝ ազնիվ ու բաց կառավարությունը:
Կայուն զարգացման 12-րդ նպատակի՝ ապահովել սպառման եւ արտադրության կայուն մոդելներ, երկու ներկայացում եղավ: Առաջինի հեղինակները Կարինեն ու Ֆլորենսն էին՝ Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից՝ «Տոպրակ պետք չի» նախաձեռնությունը: Նրանց նախագիծը հուլիս ամսվա հաղթողն էր: Նրանք սուպերմարկետների պլաստիկ տոպրակներին այլընտրանք էին առաջարկում:
Միջոցառման մյուս մասնակիցը Վահեն էր, որը ներկայացրեց Հայաստանում արտադրվող «Նաիրյան» բնական կոսմետիկ միջոցները:
Իսկ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը անդրադարձավ սոցիալ ձեռներեցությանը, որի նպատակը ոչ թե զուտ շահույթ ստանալն է, այլ հանրային օգուտը: Նա խոսեց նաեւ այդ համատեքստում հայտարարված համապատասխան մրցույթից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ