Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը օգոստոսի 12-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց գլխավոր գործոնները, որոնք ազդում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:
-Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորը անվստահությունը. «Դա ոչ միայն կա երկու երկրների իշխանությունների միջեւ, այլ նաեւ հասարակությունների միջեւ: Անվստահությունը շատ խորն է, եւ պարզ է, որ ազդում է ընդհանուր մթնոլորտի եւ ղարաբաղյան հարցի կարգավորման վրա»:
-Հայաստանի ներսում անվստահությունը. «Ես ուրիշ ոլորտների մասին չեմ խոսի, բայց Ղարաբաղի հարցում ակնհայտ դա երեւում է: Մտահոգություն, թե առանց տեղյակ պահելու հասարակությանը կարող են լինել որոշումներ»:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում առկա իրավիճակը. «ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների միջեւ ակնհայտ երեւում են տարբերություններ: Նախկինում դա հստակ չէր երեւում, այսօր երեւում է: Արեւմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, մենք տեսնում ենք այս մասը համանախագահողների հստակ դիրքորոշում ունի, կա Վիեննայի պայմանավորվածություն՝ վստահության մթնոլորտ ստեղծելը, հետաքննող մեխանիզմների, Կասպերչիկի առաքելության ուժեղացումը եւ հետո վերսկսել բանակցային գործընթացը: Շատ տրամաբանական է, բայց կա երկրորդ գիծ, որն ակնհայտ երեւացող է, Ռուսաստանի գիծն է, որտեղ որ ակնհայտ երեւում է, որ Ռուսաստանն ուզում է ինչ-որ հարցեր լուծել՝ օգտվելով իրավիճակից»:
Կարդացեք նաև
Ըստ Ստեփան Գրիգորյանի, անհրաժեշտ են ոչ ավանդական որոշումներ, օրինակ՝ոչ ֆորմալ կոռուպցիայի դեմ պայքարելը կամ թուլացնել մենաշնորհները. «Սկսել ձերբակալել այն ոստիկաններին, որոնք ուժ կիրառեցին հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում: Դա էլ վստահությունը կբարձրացնի, այլ ոչ թե հանել գործից, հետո պարզ է, չէ՞՝ որտեղ են հայտնվելու այդ մարդիկ՝ այլ պաշտոններում: Դա պետք է ներսում վստահության մթնոլորտ ստեղծի, բացի դրանից դա արդարության հետ է կապված. ոստիկանը, որը դաժանաբար ծեծում էր լրագրողին, պետք է բերդում լինի: Ինքը իրավունք չունի հրաժարական տա ու դուրս գա խաղից: Պետության դերակատարումը հակառակն է՝ ցուցադրական պատժել այն մարդկանց, որոնք օրենքի դեմ դուրս եկան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ