Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մարդիկ հիվանդանոցում տառապում էին, ու ինքը ներողության և մոռանալու կոչ է անում, դա ինձ համար տարօրինակ էր». A1plus.am կայքի տնօրեն

Օգոստոս 12,2016 13:45

Լրատվամիջոցների խմբագիրները հայտարարում են, որ իրենց պահանջները բավարարված կլինեն այն ժամանակ, երբ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար ոչ միայն հրահանգն իրականացնողները, այլև այդ հրահանգը տվողները կկրեն քրեական պատասխանատվություն:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի համոզմամբ` պատասխանատվությունն ընկնում է հենց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վրա, քանի որ միակ որոշում կայացնողը նա է:

«Հայելի ակումբում» լրագրողների հետ հանդիպմանը «Հանուն խոսքի ազատության» հավաքի արդյունքներն ու պահանջները քննարկելիս պարոն Մովսիսյանը պատասխանատվություն կրելու առումով մանրամասնեց. «Երկրում ամեն ինչ որոշում է մեկ հոգի, ուստի պատասխանատվություն պետք է կրի այդ մեկ հոգին: Երևի նա Սերժ Սարգսյանն է, որին մոտ 15 օր ման էինք գալիս: Հետո գտնվեց, հիմա պատասխանատվության ժամանակն է: Ուղղակի պատասխանատվությունը Սերժ Սարգսյանինն է, քանի որ բոլոր որոշումները կայացնում է նա և բոլոր որոշումների պատասխանատվությունը հավանաբար ինքը պիտի կրի»:

Իսկ թե ինչու նման վերաբերմունք գրանցվեց լրագրողների հանդեպ, պարոն Մովսիսյանը երեք հավանական տարբերակ է առաջ քաշում. «Առաջինը ուշադրություն շեղելն էր, երկրորդը` մի քիչ զսպաշապիկ հագցնելը, երրորդը` լսեք` ես ինչ եմ ասում»:

Ստեղծված իրավիճակում A1plus.am կայքի տնօրենի համար ծիծաղելի էր Սերժ Սարգսյանի «ներողությունն» ու «մոռանալը». «Երբ մարդիկ հիվանդանոցում տառապում էին, ու ինքը ներողության և մոռանալու կոչ է անում, դա ինձ համար մի քիչ տարօրինակ էր: Ի՞նչ է նշանակում մոռանանք. օրինակ` ես, եթե հարվածեմ ոստիկանին, ապա ինձ դատ է հասնում, իսկ լրագրողին, որի վրա գրված է «մամուլ», բայց թքած ունեն այդ ամեն ինչի վրա, կարող են ռմբակոծե՞լ, քցել հիվանդանո՞ց: 21-րդ դարի կեսին խոսում ենք բռնությունների մասին, ոնց որ միջնադարում լինենք: Ի՞նչ է նշանակում ոստիկանապետն է կարգադրել, իսկ ո՞վ է ոստիկանապետը այս պարագայում, նա ինձ պետք է պաշտպանի, ոչ թե լրագրողներին բրդեն առաջին գիծ ու ռմբակոծեն»:

Այն, որ Սարի թաղի գործով ձերբակալված երկու քաղաքացիներն արդեն կալանավորվել են, Մեսրոպ Մովսիսյանի համար ևս ընկալելի չէ. «Ձեռագիրը լրիվ նույն է` ինչ «Էլեկտրիկ Երևանի», ինչ «Սասնա ծռերի» ժամանակ: Չեմ կարողանում հասկանալ`ո՞նց կարող էր քաղաքացին լրագրողների վրա նետել պայթուցիկ ռումբ, կամ ո՞նց այդպես միանգամից գտնվեց հենց այն մարդը, որն այդ ռումբը նետել էր, միանգամից պարզվեց, որ ոստիկանները կապ չունեն, այլ տեղի ապրողները կապ ունեն, որոնք վնաս են հասցրել ու միջամտել: Այս ամենը շատ դժվար է ընկալել, քանի որ ձեռագիրը նման է 2003, 2007-2008 թվականներին, 2015-ին: Կապ չունի այնտեղ Վլադիմիր Գասպարյանն է նստած, թե Պողոս Պետրոսյանը: Թանաքն է միայն փոխվել: Դժվար է ընկալել այս ամենը և ներել. ո՞ւմ` ներել քաղաքացիներին, որ միտումնավոր հասցրել են վնաս լրագրողներին, թե՞ ներել ՀՀ նախագահին, որ ունի այդպիսի քաղաքացիներ»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ակնկալում է քրեական և քաղաքական պատասխանատվություն. «Մեզ չի բավարարում մի քանի շարքային ոստիկանների կամ նրանց հետ «համագործակցող» քաղաքացիների կալանավորման փաստը: Մեր պահանջը քրեական պատասխանատվությունն է, որը պետք է գործի ոչ միայն կատարողների, այլև հրահանգ տվողների նկատմամբ»:

Արմինե Օհանյանը փաստեց, որ հասարակության և լրատվամիջոցների երկարատև դաժան պայքարի արդյունքում նվաճվել է ազատ մամուլ ունենալու իրավունքը, բայց տեսանք, որ իշխանությունն իր տարբեր օղակներում և պետական տարբեր ծառայողների մակարդակում պատրաստ չէ դա ընդունել ու անընդհատ զսպելու, ճնշելու փորձեր է անում:

Այնուամենայնիվ, տիկին Օհանյանը մի դրական բան գտել է Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության մեջ. «Տարիներ առաջ նա երկրում տիրող գաղջ մթնոլորտի մեջ մեղադրում էր լրագրողներին, իսկ մի քանի տարի հետո` այժմ, կարևոր ու օգտակար աշխատանք է համարում լրագրողի աշխատանքը, դա արդեն առաջընթաց է: Բայց ի՞նչ է նշանակում բանավոր ներողությունները, այն պարագայում, որ ովքեր պիտի լսեն այդ կոչերը, նրանք բանի տեղ դա չեն դնում»:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների զինված հարձակմանը` Մեսրոպ Մովսիսյանը դա ճիշտ քայլ չհամարեց, բայց միևնույն ժամանակ նշեց, թե դա «անելանելիության ճիչ էր», որի նպատակն էր իրենց զոհաբերելով` ժողովրդի մեջ արթնացնել ինչ-որ զգացմունքներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031