Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ համայնքի շնորհակալական այցը Մոսկվայում Գերմանիայի դեսպանություն

Օգոստոս 12,2016 13:25

Օրերս Մոսկվայի հայ համայնքի պատվիրակությունը` Յուրի Նավոյան, Էդիկ Դանիելյան և Ռոբերտ Աբաղյան կազմով, Մոսկվայում Գերմանիայի դեսպանությունում հանդիպում ունեցավ ՌԴ-ում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև դեսպանության քաղաքական բաժնի խորհրդական Ուտե Կատչ-Էգլին:

Հայ համայնքի ներկայացուցիչները դեսպանություն էին այցելել ի նշան երախտագիտության Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:

Պատվիրակության անունից Յուրի Նավոյանը Բունդեստագի բանաձևը գնահատել է իբրև ցեղասպանության հանցագործության և ժխտողականության դեմ պայքարի կարևոր քայլ, միաժամանակ ընդգծելով, որ Գերմանիայի կողմից Հայերի ցեղասպանության ճանաչման առանձնահատկությունն այն է, որ այդ երկիրը Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցն էր: Այս քայլով Գերմանիան դրական օրինակ է հանդիսանում Թուրքիայի համար: Մյուս օրինակն էլ այն է, որ Գերմանիան ժամանակին կարողացել է վերանայել իր պատմությունը, ճանաչել է հրեաների ցեղասպանությունը և հատուցում է դրա համար: Հայ համայնքի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Բունդեստագի բանաձևը կոչ է անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը և այդ ճանապարհով հարաբերություններ հաստատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Հայ պատվիրակները անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում խաղաղության և կայունության պահպանման ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցության գործընթացին: Այդ իմաստով հիշատակվել են նաև Գերմանիայի` իբրև ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ջանքերը և այս ամռանը Գերմանիայի արտգործնախարարի այցը տարածաշրջան: Ընդգծվել է, որ այցի ժամանակ արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչը իրավիճակը անմիջականորեն և ամբողջությամբ պատկերացնելու հնարավորություն է տալիս:

Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեաս Մայտցները հայ համայնքի պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել այցի համար: Նա նշել է, որ Բունդեստագի բանաձևին նախորդել են երկար ու թեժ քննարկումներ գերմանական քաղաքական կուսակցությունների միջև, ինչը ի վերջո հանգեցրել է ընդհանուր համաձայնության: Գերմանացի դիվանագետը բանաձևի ընդունումը գնահատել է իբրև Գերմանիայի մեղսակցության գիտակցում, ընդգծել, որ իր երկիրը պատմությանը բաց նայելու կողմնակից է և նույն կերպ վարվելու կոչ է անում Թուրքիային: Չպետք է տաբու լինի որևէ հարցի նկատմամբ, իրենք խրախուսելու են Թուրքիայի հասարակությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներին, իսկ դա միայն կնպաստի ժողովուրդների հաշտությանը:

Նա ավելացրել է, որ իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր Գերմանիան շարունակելու է ջանքեր գործադրել Մինսկի խմբի ձևաչափով բացառապես խաղաղ միջոցներով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար:

Գերմանացի դիվանագետի խնդրանքով Յուրի Նավոյանը` իբրև Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համառուսաստանյան հանձնաժողովի համակարգող, ներկայացրել է ցեղասպանության թեմայով Ռուսաստանում իրականացվող ծրագրերը: Նա նաև անդրադարձել է ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ուղղված այն աշխատանքներին, որը տանում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում: Այդ իմաստով և համահայկական միասնականության ապահովման համար նա ընդգծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պետական հանձնաժողովի գործունեության նշանակությունը:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաև հայ-գերմանական հարաբերությունների մի շարք ծրագրերի մասին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031