Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչոն (պատմվածք)

Օգոստոս 12,2016 12:20

Դպրոցի «Ինֆորմատիկա» առարկայի ընդարձակ սենյակում, որը բացվել էր դեռ խորհրդային կարգերի ժամանակ և այժմ անգործության էր մատնված, Փայլակ Փայասլյանը դասավորեց իր փոքրիկ հիմնարկի երեք համակարգիչները, որպեսզի դասավանդի այդ առարկան նոր, ամերիկյան արտադրության համակարգիչներով, միևնույն ժամանակ շարունակի իր փոքրիկ ուսումնական կենտրոնի վճարովի դասընթացների գործունեությունը՝ դպրոցական դասաժամերից հետո:

Դպրոցի տնօրենը ըմբռնումով էր մոտեցել իր տեղափոխմանը, քանի որ քաղաքում սնկի պես աճելով համակարգչային ուսումնական կենտրոնները անցյալ դարի 90-ականներին դժվարացրել էին Փայլակի առաջիններից ստեղծած ուսումնական կենտրոնի գործունեությունը և նա հնարավորություն չունենալով մուծելու տարածքի վարձակալական ծախսերը, ստիպված տեղափոխվեց այս դպրոցի տարածք:

Տնօրենը, իհարկե, շատ բարյացկամ գտնվեց և նրանից վարձավճար չպահանջեց, ասելով.

-Հիմա իմ բոլոր ուսուցիչներն էլ դասերից հետո վարձով պարապում են, հո ես նրանցից վարձավճար չեմ վերցնելու, ես էլ եմ պարապում, ինձ էլ են ահագին պարտք սրանց ծնողները:

Կարծես, թե ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մի օր էլ դասերից հետո համակարգչային դասասենյակում, որտեղ արտաժամյա պարապմունքներ էր անցկացնում Փայլակը, հայտնվեց այդ թաղամասի «լավ տղաներից» մեկը՝ Վաչագանը, որին շրջապատի տղերքը կարճ՝ Վաչո էին ասում:

Վաչոն սիրալիր բարևեց Փայլակին, հարցուփորձ արեց աշխատանքից, աշակերտներից ու վերջում էլ՝ թե այս համակարգիչներից մեկը չե՞ս վաճառի ինձ, հետաքրքիր մտահղացումներ ունեմ իրականացնելու:

-Հարգելի Վաչագան, ասաց Փայլակը,-ընդամենը երեք համակարգիչ է՝ երեսուն երեխաների համար, առանց այն էլ շատ քիչ է, ո՞նց մեկը վաճառեմ քեզ:

-Դե՛, որտեղ երեք, այնտեղ էլ՝ երկու, տարբերությունը ընդամենը մեկն է,-համառեց Վաչագանը,-բայց ավելի քիչն էլ կա չէ՞, ասենք մեկ հատ լիներ, միևնույնն է դասերը անց էիք կացնելու չէ՞, դե լավ մտածիր, ես գործեր ունեմ, մի շաբաթից նորից կգամ,-ավարտեց իր խոսքը Վաչագանը ու հրաժեշտ տվեց Փայլակին:

«Այ քեզ պատմություն»,-մտքում կրկնում էր Փայլակը,-այս մարդը փորձա՞նք էր:
Ուղիղ մեկ շաբաթ անց, դասերից հետո, նորից հայտնվեց Վաչագանը:

-Հը, ի՞նչ, ենք անում,-բարևելուց հետո, հարցրեց նա:

-Ինչ պիտի անենք, անհնարին բան ես ասում, համ էլ սրանք նստած են իմ հիմնարկի բալանսի վրա, բաժնետիրական ընկերություն է, հո ես չեմ կարող այդ բոլորը հաշվի չառնել:

-Լավ, ասաց Վաչագանը, գործեր ունեմ, քաղաքից բացակայելու եմ, երկու շաբաթից կգամ, մի քիչ էլ մտածիր, ելքեր գտիր,-հաջողություն մաղթելով հրաժեշտ տվեց:
Վաչագանը գնաց, իսկ Փայլակը մտատանջության մեջ սկսեց ելքեր որոնել: Բայց ինչ ելք գտնելու մասին է խոսքը, որ առանց այն էլ այդքան քիչ քանակի համակարգիչներով էլ դժվար էր ինֆորմատիկայի դասերի անցկացումը՝ երեսունից ավել աշակերտներ ունեցող դասարաններում:

Երկու շաբաթ հետո Վաչագանը նորից հայտնվեց, իր հետ բերելով նաև երկու ջլապինդ տղաների: Նա սիրալիր բարևեց Փայլակին, ձեռքը տարավ գրպանը, հանեց դրամապանակը, այնտեղից հանեց երեք հարյուր ($300) դոլար դրամ, դրեց սեղանին ու ասաց.

-Շնորհակալություն, բարի կամք ցուցաբերելու համար, Դուք գնահատում էիք այս համակարգիչները երկու հարյուր հիսուն դոլար ($250), չէ՞, իսկ ես տալիս եմ մի քիչ ավելին, հաջողություն եմ մաղթում,-այս ասելով դիմեց դեպի ելքի դուռը:
Իսկ մինչ այդ, այն երկու ջլապինդ երիտասարդները հասցրել էին անջատել համակարգիչը ու ամեն մեկը գրկած իր բաժին ավարը, դռների մոտ սպասում էր Վաչագանին:

Փայլակը շփոթված կանգնել ու նայում էր նրանց հետևից՝ չիմանալով ի՞նչ անել, ոստիկանություն կանչել, թե ըմբռնումով մոտենալ Վաչագանի բռնած գործին ու ելքեր որոնել նոր իրականությունում:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031