Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջը, «ո՞վ» է, է՜, էդ Կոռուպցիան

Օգոստոս 12,2016 12:12

Օղորմի քեզ, Արութին աղա: Հիշու՞մ ես, թե ինչ էիր ասում. «Խաբում ինք ու խաբված ինք»: Մի Պեպո էր ձեռքդ ընկել, հա՜ տանջում էիր: Գլուխդ թե հիմա բարձրացնես, կհամոզվես, որ քո արածը հեչ բան է եղել: Խաբե՞լ: Խաբելն այ թե հիմա տեսնես, զարմանքից կքարանաս:

Ձեր ժամանակ գոնե ամոթ կար, փորձում էիք էնպես անել, որ «խալխը» չիմանա: Այժմ նայում են երեսիդ ու խաբում, պարզ, «ափաչքարա»` դատավորով, կատարածուով, մեծ ու փոքր չինովնիկներով, վենձ պետերով: Ով շատ է խաբում ու շուտ հարստություն դիզում, նա էլ կարգին մարդ է: Իրար «պաս» տալով, օրենք-մորենք խախտելով` տուն են «քցում», դուրը չեկած մարդուն պաշտոնից հանում, դատ ու դատաստան խաղում… Է՜, որ մեկն ասեմ:

Հա, ինչու քեզ հիշեցի: Գլխներիս փորձանք է եկել: Մեր հանրապետությունում վերջին տարիներին մի նոր ուրվական է հայտնվել: Չէ, էն չէ` Կոմունիզմը, «նա» մեռավ դեռ չծնված, մոր փորումը գլուխը կերան, չթողեցին լույս աշխարհ գա: Էս մեկն էլ է եվրոպաներից եկել, մեկելի չար տեսակն է, ու էլի «կ»-ով է սկսվում, Կոռուպցիա է անունը:

Եկել, Հայաստանի մայրաքաղաքում նստել է ու շոշափուկները ողջ երկրով տարածել: Ասում են` դրա բնույթն է այդպիսին. թույլ տեղ է գտնում թե չէ, ամուր բուն է դնում: Եվրոպաներն էլ հայերիս փող են խոստացել, թե մենք խղճացրել ենք, դուք սատկացրեք, թե չէ ետ կգա: Մերոնք էլ, էն գլխից գիտես, կարան թե չէ, հանձն են առնում՝ փողի անուն են լսում, ոտքերները դողում են: Բայց մոռանում են, որ էդ Կոռուպցիան միայն փողով է սնվում, մերն էլ աղքատ երկիր է: Էդ եվրոպաներն ինչքա՞ն պետք է տան, որ դրա փորը լցնեն, որ շատ չկատաղի, մինչև դրա սատկացնելու ձևը գտնենք: Բայց դե հայի հետին խելքը գիտես` մի ճար կհնարի: Առաջին անգամ չէ, որ աշխարհը հույսը մեզ վրա է դրել, ուրեմն՝ մի բան հասկանում են:

Հարցնում ես, ախր, ի՞նչ վնաս է տալիս էդ ուրվականը: Ասեմ, Զիմզիմով ջան, ասեմ: Մարդկանց խելքը կերել է: Էլ դասախոս, բժիշկ չի թողել, դատավոր ու չինովնիկ, բոլորին ստիպում է փող հավաքեն, որ իրեն կշտացնեն: Էդ սրիկան էլ ուրիշ փող չի սիրում` միայն կանաչ գույնի, բերանի համը լավ գիտի: Ասում են` ֆունտ ստերլինգը լավ չի մարսում, եվրոյին էլ նոր է սովորում: Հա, որտեղ մնացինք: Ուրեմն, թվանշանը դնում են փողով, «կույր» աղիքը հանում են փողով: Մեր քաղաքում մի դպրոցի տնօրեն կա /հիմի նախկին/: Սա, որ համառեց, թե ոչ մի բան չեմ տա, որոշեցին բանտ ուղարկել: Մարդը տաս տեղ դիմեց, արդար դուրս եկավ ու թե իմ տեղը ետ տվեք: Մինչև օրս վրեն ծիծաղում են, ոչ մի դատարանի վճիռ բանի տեղ չեն դնում: Կոռուպցիան թույլ չի տալիս: Մի կնոջ էլ տնից զրկեցին: Հարսի ձեռքով: Կեղծ թղթերով, խաբելով, անձնագրային բաժնով, դատարանով տունը ծախեցին, դոլարները Կոռուպցիայի բաժին հանեցին: Խեղճ կինը վերին ատյաններով բոլորին սխալ հանեց, բայց ինչ` բանը բանից անցել է, գնա հրեշի փորից հանի: Այդ կինը հիմա անտուն է մնացել:

Երկիրը ծակ պրոֆեսորներով է լցվել, քնից արթնացողը գիտնականի կոչում է ստանում՝ առանց մատը մատին խփելու, այստեղից-այնտեղից արտագրածով դոկտոր են դառնում: Հարուստների տղերքը, ախպերտիքը, հարսներն ու զոնքաչները էնքան խելացի են դարձել, որ ժառանգաբար պաշտոններ են գրավում: Ուրիշնե՞րը, հա, բթացել են: Ուրիշներին տեղ չկա: Ղեկավարները միայն մոտիկներն են՝ բարեկամները, կամ ընկեր-ընկերուհիները: Ինչ կարևոր է՝ դրանց գլխումը թեփ է, թե ալյուր: Եվ հենց սրանք են հավատքի եկել ու եկեղեցիներից դուրս չեն գալիս՝ մաքրության, ազնվության մասին քարոզներ լսում: Նրանք կարծես համոզվել են, որ ագահությունը, խաբեբայությունը, մեքենայությունն ու ստորությունն են իրենց պայծառափայլություն հաղորդում:

Հը՞, նախանձեցիր` երանի մեր ժամանակներում ծնված լինեիր, չէ՞:

Էլի թվեմ: Էնքան փաստեր կբերեմ, որ յոթ անգամ կգնաս էն աշխարհն ու ետ կգաս; Կոռուպցիային կշտացնելու համար ամեն ինչ փողով է դառել: Մի կտոր թուղթ (դուք «բարաթ» էիք ասում) վերցնելու համար աշխատավարձիդ կեսն ես տալիս: Հա՛, հա՛, «զակոննի», բա ոնց: Փողոցների, բազարների կողքին ավտոյով (հիմի կառք չկա) կանգնեցիր, կարմիր գիծը տրորեցիր, փող ես տալու: Ինքնաթիռով տեղ գնալիս տոմս ես առնում: Հա, հիմի կարողանում ենք վերև բարձրանալ, ուղիղ ճամփով աշխարհի որ ծերն ասես, մի քանի ժամում հասնել: Մինչև օդ թռչելը փող են վերցնում, թե ինչ է, ձրի ես շնչելու: Որ մեկն ասեմ: Լսել եմ, որ շուտով ականջներիս համար սարք են ստեղծելու` հաշվիչ, որ լսածներիս դիմաց էլ փող վերցնեն: Հետո էլ կաշիներիս տակ «չիպսեր» են դնելու, որ լավ մաշկեն, մորթիներս չփչանա: Բա, Զիմզիմով ջան, էդ Կոռուպցիան բոլորիս վառել, վար է դրել: Ժողովրդին, որ տեսնես, մեղքդ կգա. աղքատացել, վերջին թելին է մնացել:

Վե՞րջը: Վերջը մեծամեծերով որոշել են պայքարել Կոռուպցիայի դեմ, ժողովրդին փրկել էդ հրեշից: Սկզբում մի քանիսը գոռում էին` պայքար, պայքար, պայքար մինչև վերջ: Վերջն այդ պայքարի վերջը տվեցին: Կոռուպցիայի բուկը էնքան լցրեցին, որ սա կեսը փսխեց՝ էս էլ ձեր փայը: Սրանք գնացին` կյանքներում չտեսածը վայելելու:

Հիմի էլ ուրիշներն են ասպարեզ եկել, բայց սրանք պայքար բառը երեք անգամ չեն կրկնում: Սրանք, քեզ ասեմ, արդեն հարուստ, պաշտոնով մարդիկ են, ձեռքներին ահագին հնար կա: Գործին էլ պինդ են կպել (եվրոպաները նեղում են): Հիմի մեխանիզմներ են մշակում: Չէ, չէ, ինչ տրակտոր-մրակտոր, դե, մեխանիզմներ, ոնց բացատրեմ` ձև, մեթոդ: Ոնց որ թե ճիշտ ճամփա են բռնել: Պարոններով հավաքվել, խորհուրդ են ստեղծել (բա՜), քաղաքներում էլ հանձնաժողովներ, հանձնախմբեր, փոքր շեներում, թաղերում էլ ենթահանձնաժողովներ, հանձնաժողովիկներ, էլի ուրիշ իկ իկներ: Ուժ է: Ամեն տեղ 25 մարդ, որ պետք լինի, ուրշներին էլ են ներգրավելու: Ղեկավարներն էլ պետերի տեղակալներն են` պետերի անմիջական հսկողության տակ: Հա′, ոնց որ գլխից են բռնել: Էլ Կոռուպցիա կդիմանա: Էդ հրեշի հախից գալու մեթոդն էլ է որոշված: Ժողովրդին հրահանգված է` դրա մասին ինչ գաղտնիք գիտեք, եկեք, մեզ ասեք: Կրկնում եմ` զուր չի ասվել` հայի հետին խելքը: Խորամանկ քայլ է արվելու: Ուրվականի շոշափուկները հաշվելու են, բայց անհատական մոտեցում չեն ցուցաբերելու: Կասկածյալներին, ովքեր Կոռուպցիային կերակրում են, ի ցույց են դնելու: Հետո, երբ փաստերը հավաքվեն, մշակվեն, վերլուծվեն… Չէ, Արութին աղա, հրեշին չեն կախելու, հիմի մեզ մոտ մահապատիժը վերացված է, ընդհանրապես, պատիժը հիմա «մարալնի» է: Օրինակ` կաշառքի համար ոչ մեկին բան չեն ասում, սովորական բան է` էլ թաքուն, ծրարով չեն տալիս, ուղիղ, ձեռքից ձեռք, բոլորի աչքի առաջ, վերցնողներն էլ դեռ պարծենում են: Իսկ «մարալնին» էլ գիտե՞ս ոնց է. թողնում են, որ կաշառակերը գնա տուն ու հոգեպես տանջվի: Բա ոնց, քրիստոնեավայել, տերտերի նման` զավակս, մեղքդ խոստովանեցիր, աստված թողություն է տալիս, գնա, բայց չմոռանաս դրամարկղի մեջ մի քանի կոպեկ գցել: Այնպես որ, Կոռուպցիային չեն կախելու: Ասացի, փաստերը հավաքելու են, հավաքելու, այնքան «մատերիալ», որ հետո այդ ամենը հենց Կոռուպցիայի դեմը դնեն, լեղին ջուր դառնա, շունչը փչի: Խորամանկ է, չէ՞, մտածված: Մենակ հայը կարող էր այդպիսի ելք գտնել:

Դե, գիտես ինչ, Զիմզիմով, միամիտ հարցեր մի տա: Բա սնողնե՞րը, կասկածյալնե՞րը: Մարդիկ գործի են կպել ոչ նրա համար, որ իրենք իրենց դեմ պայքարեն: Ուրվականին կգտնեն, կսատկացնեն, ժամանակին կերակրած լինելու համար խոստովանություն կանեն, հոգիները կթեթևանա, մեղքերը կքավեն, կպրծնի, կգնա: Ու ամեն ինչ հալալ-զուլալ կդառնա: Էդ ո՞նց կլինի: Ոնց, ոնց: Ինչ է, կասկածու՞մ ես: Երևում է շան, թաթերի, կծելու մասին հին խոսքը չես մոռացել: Շատ իզու′ր: Հավատ է պետք, հավատ…

Է՜հ, Արութին աղա, խելքը գլխիդ մարդ ես, բայց վերջերս «տուպոյացել» ու հարցնում ես. «Վերջ ի վերջո ով է, է՜, էդ Կոռուպցիան»: Իսկ ով գիտի: Նախ` ով չէ, այլ… այլ… Կոռուպցիան է: Երկրորդ` ըսկի պայքարողները չգիտեն, հասարակ մահկանացուներս ինչ իմանանք: Կարող ա` այլմոլորակային ա: Ոնց որ Կոմունիզմը: Դրա դեմը շուտ առան, չծնվեց: Դատարկ տեղը պետք էր մի բանով լցվեր, թե չէ՞:

Հա, չմոռանամ. վերջերս փիքր եմ անում` իսկ ինչու՞ Կոռուպցիա, չէ որ հայերս ավելի նուրբ ու քնքուշ հրեշ ունենք, որն էս օտարերկրացու բոլոր ընդունակությունները և հատկություններն էլ ունի, հետն էլ անունը դարձյալ Կ տառով է սկսվում` Կաշառակերություն: Պարզ, հասարակ, հասկանալի: Տարբերությունը միայն այն է, որ հոգեհարազատին վերացնելու համար մինչև հիմա դրամաշնորհ չէր առաջարկվել, իսկ եվրոպականի սատկեցման նպատակով ի՜նչ փողեր են խոստանում: Պատկերացնու՞մ ես, թե ինչ գայթակղիչ գործ է տարվում Կոռուպցիայի գլուխը կտրելու համար…. Կաշառք է տրվելու: Ասենք՝ չի խանգարի: Միշտ չէ, որ ավել պատառից մեծ ախորժակով ստամոքսում ծակոցներ են առաջանում: Բա՛: Հեքիաթասեր եվրոպացիների առաջարկը յոթգլխանի դևի պատմությունն է հիշեցնում` հրեշի մի գլուխը թռցնում են, տեղը նորն է դուրս գալիս:

Իսկ դու գնա, Արութին Զիմզիմով, գնա ու մի լավ փիքր արա միամիտ-միամիտ ասածներիդ շուրջը. «Խաբում ինք ու խաբված ինք»: Այ, այն ժամանակ էլ կհասկանաս, թե «ով» է Կոռուպցիան ու քեզ հետ ինչ կապ եմ գտել:

Միայն զգույշ եղիր` նախանձից սիրտդ չպայթի:

 

 

Ներսես Կոստանյան

լրագրող, ք. Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Եվ այսպես հարգարժան Տիկնայք – Պարոնայք…
    Հրամայում եմ!!!
    Հանուն ժողովրդի և նրանց բարեկեցության,հանուն մեր պետականության ամրապնդման…Խնդրում եմ…Հիմա ժամանակը չէ ծափահարությունների,մենք շատ գործ ունենք անելու ու քիչ ժամանակ կա դրա համար:
    ՈՒրեմն մենք պետք է բոլորս անշահախնդիր և եռանդով լծվենք կորուպցիաի դեմ պայքարում,այդ է պահանջում այսօրվա հրամայականը:Պահանջելու եմ Նորածնից միչև ամենածերը…նամանավանդ նորածիններից :
    Եվ ուրեմն…
    Առաջինը-Պարտավորեցնել գյուղատնտեսության նախարարությանը բոլոր այծերին ու այծանման կենդանիներին հսկել մեր կաղամբի արտերը:
    Երկրորդ-Կենդանիների ու բնության պահպանության նախարարությանը բոլոր աղվեսներին հսկել մեր հավերին ու հավանման թռչուններին:
    երրորդ-այս մեկը հանձնարարում եմ ուժաին կառույցներին պարտավորեցնել և վստահել գայլերին հսկել բոլոր ոչխարների անվտանգությունը:
    Ի դեպ այծերին,աղվեսներին և գայլերին չմոռանաք ներարկել մեր հայկական արտադրության “ԱՆԿՈՒՇՏՈՒԹՅԱՆ”վակցինան:
    Հասկանում եք,եթե մենք կարճ ժամանակում չկարողանանք կոռուպցիայի պայքարում եվրոպացիներին ցույց տալ արդյունքներ,կապ չունի սուտ-ճիշտ,կզրկվենք…ավելի ճիշտ կզրկվեք (ես գռոշների կարիք չունեմ) 15 միլիոն եվրոից:
    Այդ միամիտները կարծում են թե, մենք…ավելի ճիշտ Դուք,մնացել ենք իրենց տված ողորմության հույսին:
    Ինչևէ ,սա մեզ համար գումարի խնդիր չէ,այլ պատվի:Ես անհարմար եմ զգում, որ մինչև հիմա, այսքան ալան-թալանից հետո քիչ թե շատ դեռ պետություն է մնացել:Իսկ ամենամեծ ամոթը բոլորիս համար նա է,որ դեռ մեր երկրում քաղաքացիներ են մնացել:Սա ինչ ազգ է չեմ հասկանում?ՈՒրիշ պետություն լիներ հիմա մարդ չէր մնացել…Սա դեռ քիչ է,պատերազմում են մի թիզ հողի համար,բայց իրենց իրավունքների համար չեն էլ ուզում տեղներից շարժվեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031