Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ հետեւյալ գրությամբ դիմել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, որովհետեւ կարծում եմ, որ ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի արարքում հանցակազմ կա:
Հաղորդում հանցագործության մասին
Պարոն Շահինյան.
Կարդացեք նաև
Ս/թ հուլիսի 28-ին այցելել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի վկայականս եւ ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր:
Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել:
Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել:
Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը:
Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որեւէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ:
Գտնում եմ, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:
Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներ եւ քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց»: