Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյո՞ք գործող դատական համակարգը, իշխանությունը տրամաբանությամբ կամ ողջամտությամբ են առաջնորդվում

Օգոստոս 12,2016 10:20

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Նուբարաշենում» է։ Կալանավորվել է երկու ոստիկանների ցուցմունքով։ Նրան մեղադրում են Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Ոստիկանները, որոնք հուլիսի 29-ին Սարի թաղում ձայնային ազդանշաններով մարդ էին վախեցնում, լրագրող էին ծեծում, ցուցարարների աչքերը թիրախավորելով, նրանց ծանր մարմնական վնասվածքներ էին հասցնում, գրել են, որ իրենք ճանաչել են Դավիթ Հովհաննիսյանին եւ նրա ձեռքում քար են տեսել։ «Հա, լավ արեցիր, որ ճանաչեցիր, ի՞նչ էր անում Հովհաննիսյանը,- հարցնում է նրա պաշտպան Հովիկ Արսենյանը,- որ նայում ենք, շունը տիրոջը չէր ճանաչում, այնպիսի ձայնային նռնակներ ու այլ միջոցներ էին կիրառում։ Ո՞նց կարող էր հանկարծ ոստիկանը տեսնել քարը Դավիթի ձեռքին, որը, ի դեպ, առաջին շարքերում չի էլ եղել։ Հենց այս երեւույթն սկսվել է, նա հեռացել է»։ Դավիթ Հովհաննիսյանին բերման էին ենթարկել իր բնակարանից, հունիսի 30-ին, ապա մեղադրանք առաջադրել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Հովիկ Արսենյանը երեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, միջնորդելով դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը եւ վերացնել կալանքի որոշումը, որը «պահեկան հանգամանքներից դրդված է ընդունվել եւ անհիմն է»։ «Վարույթ իրականացնող մարմինը սույն որոշումը կայացնելիս ենթադրություններ է արել եւ նշել է հանգամանքներ, որոնք դեռ ապացուցման կարիք ունեն։ Անհասկանալի է, թե ինչից ելնելով է վարույթն իրականացնող մարմինը խաղաղ երթը որակել զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ կատարում այն դեպքում, երբ որեւէ փաստական տվյալ գոյություն չունի, որ երթի մասնակիցները նախապես զինված են եղել մահակներով եւ քարերով»,- ասում է փաստաբանը։ Ըստ նրա, մասնակիցներն ընդամենը քայլել են, եւ երբ, այսպես ասած՝ բախում է տեղի ունեցել, երթին մասնակցող զանգվածը գլխապատառ դիմել է փախուստի։ Հովիկ Արսենյանին մի քանի հարց ուղղեցինք։

– Փաստորեն, անկարգությունները ոչ թե ցույցի մասնակիցներն են կատարել եւ հրահրել, այլ ոստիկաննե՞րը։

– Ոչ թե տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ եւ բախումներ ոստիկանության հետ, այլ ոստիկանությունը հարկադիր կերպով դադարեցրել է զանգվածային միջոցառումը։ Բախումն այնքան հանկարծակի է եղել, որ մարդիկ հազիվ ճողոպրել են այդ վայրից, եւ ոստիկանության կողմից այնպիսի ոչ իրավաչափ գործողություններ են կատարվել, որ լուսաձայնային եւ գազային նռնակների օգտագործման հետեւանքով մինչեւ 6 տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ եւ այրվածքներ ու տեղափոխվել են հիվանդանոց։

– Ի՞նչ հիմնավորումներ եք բերել Ձեր վերաքննիչ բողոքում ոստիկանների ցուցմունքի հիման վրա կալանքի սանկցիա կիրառելու մասով։

– Դեռեւս 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների կապակցությամբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովն իր 1609 բանաձեւում արձանագրել է, որ այն անձինք, ովքեր կալանավորվել են առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով, կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որեւէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ ԵԽԽՎ-ն նույն միտքն է արտահայտել իր 1670 բանաձեւում, բայց այս անգամ՝ ավելի կոշտ դիրքորոշմամբ։ «Այն անձանց նկատմամբ հարուցված գործերը, ովքեր հիմնականում մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, պետք է կարճվեն, բացառությամբ, երբ առկա են հիմնավոր ապացույցներ առ այն, որ մեղադրյալներն անձնապես կատարել են բռնի գործողություններ կամ հրամայել, դրդել կամ օժանդակել են դրանց կատարմանը»։ Եվ․ «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։ Հիմա մենք ունենք նույն իրավիճակը, ինչ որ տարիներ առաջ։ Տվյալ դեպքում պաշտպանյալիս իբրեւ թե առնչությունը 2016թ․ հուլիսի 29-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին հիմնված է երկու ոստիկանների ցուցմունքներով։ Այլ ապացույց այն մասին, որ պաշտպանյալս անձամբ կատարել է բռնի գործողություն կամ դրդել, կամ հրամայել է ինչ-որ մեկին կատարել, գոյություն չունի։ Այս պայմաններում Դավիթ Հովհաննիսյանին նախաքննական մարմնի կողմից ոչ միայն պետք է կալանավորման տակ պահելու միջնորդություն չհարուցվեր, այլեւ պետք է դադարեցվեր քրեական հետապնդումը՝ առնվազն ապացույցների, իսկ ավելի տրամաբանական կլիներ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

– ԵԽԽՎ որոշումները կարծես չեն էլ եղել։ Պետությունը չի «մտածում», թե սա ինչ հետեւանք կարող է ունենալ։ Չէ՞ որ այս ատյաններից արդեն մեզ դիմել են մեկ անգամ ու ամեն ինչ հստակ գրել են։

– Դժբախտաբար, «պետություն» ու «իշխանություն» հասկացությունները չպետք է նույնականացնենք։ Այսօր գործում է իշխանություն, որը ցանկանում է մնալ ղեկին, թեկուզ հեղինակազրկման, նյութական վնասների կրման արդյունքում, եւ դրանով հեղինակազրկում է մեր պետությանը։

– Կալանավորվածների շրջանում կան գործիչներ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, նաեւ Ձեր պաշտպանյալը, որոնց դեմ ապացույցներ չկան, որոնց, շատերի կարծիքով, շուտով բաց կթողնեն, հավանաբար՝ ապացույցների բացակայության հիմքով։ Ձեր կարծիքով, նրանց փակելու տրամաբանությունը ո՞րն է։

– Տրամաբանական հարցեր են դրանք, բայց արդյո՞ք գործող դատական համակարգը, իշխանությունը տրամաբանությամբ կամ ողջամտությամբ են առաջնորդվում։ Այս պահին իրավիճակը կարգավորելու նպատակ են հետապնդում։ Ինչ խոսք, որ հունիսի 29-ի շիկացումն անցել է, իրադրություն է փոխվել, եւ «Սասնա ծռեր» խումբը կամովին հանձնվել է։ Իրենք պետք է նախաձեռնություն ցուցաբերեին եւ, առաջնորդվելով Ձեր հարցի տրամաբանությամբ, լուծում տային, ոչ թե մարդկանց հավաքեին ու մեկուսացնեին։ Էլ չեմ ասում, որ սա 2008 թվականը չէ։ Պետք է ավելի անկեղծ լինենք, այն ժամանակ չկային այնքան տեսաձայնագրություններ, ինչպես այսօր։ Սարի թաղում մի ամբողջ լրագրողական համակարգ է աշխատել, եւ ամեն մի դետալ նկարահանված կա։ Սակայն հին մեթոդով են աշխատում, նորից ոստիկանի ցուցմունքով փորձում են մարդկանց քրեական հետապնդման ենթարկել, կարծես այս 8 տարիները չեն էլ եղել։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031