Արտակարգ լավ լուր` ինձ համար: Այսօրվանից մինչեւ օգոստոսի 25-ը ես չեմ մտնելու Ֆեյսբուք եւ այլ կայքեր: Միայն գրքեր եմ կարդալու, որը շատ ավելի մոտ է իմ խառնվածքին եւ կյանքի մասին իմ պատկերացումներին: Դեռեւս 60-70-ականներին ամերիկացի հոգեբանները խորհուրդ էին տալիս չդիտել հեռուստատեսային նորությունները` արդարացիորեն կարծելով, որ եթե ինչ-որ մի լուրջ բան պատահի, դուք, միեւնույն է՝ մի տեղից դրա մասին կիմանաք: Պատճառաբանությունն այն էր, որ լուրեր սարքողները, բնականաբար, նպատակ ունեն դրանք վաճառելու: Իսկ ո՞ր լուրերն առավել լայն սպառում ունեն` իհարկե, այն լուրերը, որոնք պատմում են որեւէ աղետի, որեւէ չարիքի, որեւէ մեկի դժբախտ կյանքի մասին: Ընդհանուր առմամբ, ընդունելի խորհուրդ է, եւ ես դրան անպայման կհետեւեի, եթե այլ գործով զբաղվեի:
Դա առավել եւս ճիշտ է այսօր, երբ հեռուստատեսային դարաշրջանն ավարտվել է, եւ սկսվել է համացանցի դարաշրջանը, եւ լուրի, կարծիքի, վերլուծության հանդեպ պատասխանատվությունը պակասել է մի քանի տասնյակ անգամ: Ֆեյսբուքյան ժողովուրդը նստել է «լայքերի» եւ մեկնաբանությունների ասեղի վրա, եւ միջին վիճակագրական օգտատերն իրեն շատ վատ է զգում, երբ, ասենք, 10 րոպե որեւէ ծանուցում (notification) չի ստանում, եւ տագնապի մեջ է ընկնում` «վայ, ուրեմն ինձ մոռացել են, արի մի բան էլ գրեմ, մի բան էլ մեկնաբանեմ, գուցե ստացվի մի քանի ծանուցում ստանամ»: Կան, իհարկե, նաեւ մազոխիստական դրսեւորումներ` «տեսնես՝ Պողոսը կամ Պետրոսը, որն իմ ամեն գրածի տակ ինձ քլնգում է, այսօր ինչ բառերով է որոշել ինձ քլնգել»:
Հայաստանի յուրահատկությունները հաշվի առնելով՝ ցանկացած «քլնգոց» իշխանությունների հասցեին ընկալվում է մեծ խանդավառությամբ, որպես քաղաքացիական արիության բարձր դրսեւորում: Օրինակ՝ եթե անհայտ ծագում ունեցող որեւէ «ֆեյք» որեւէ իշխանավորի հասցեին գրում է «davajan», 20-30 «լայքն» ապահովված է` համ գրողն է իրեն լավ զգում, համ «լայք» տվողները: Երբ մեկնաբանություններ գրողները, որոնք նույնքան «ֆեյք» են, ավելացնում եմ «srika» եւ «takanq», բառերը, ուրեմն վստահ եղեք, որ ֆեյսբուքի այս «ճյուղում» հավաքվել են ազգի հարցերով խիստ մտահոգ մարդիկ:
Ինչո՞ւ ես չեմ կարող ընդհանրապես դուրս գալ ֆեյսբուքից` որքան էլ ցանկանամ դա անել: Նախ` որովհետեւ «Առավոտի», այդ թվում` իմ նյութերը տարածվում են Ֆեյսբուքի միջոցով: Երկրորդ` վերը նկարագրված «ճյուղերի» կողքին կան նաեւ մարդկանց խմբեր, որոնց կարծիքը ես միշտ չէ, որ կիսում եմ, բայց նրանց տեսակետները կարեւոր եմ համարում: Ուզենք, թե չուզենք՝ Ֆեյսբուքը եւ համացանցն այն գործոններից են, որոնք ձեւավորում են այսօրվա հանրային օրակարգը, եւ լրագրող աշխատել` մշտապես հեռու մնալով այդ օրակարգից, հնարավոր չէ:
Կարդացեք նաև
Բայց երկու շաբաթով այդ օրակարգից ուղեղն անջատելը խիստ ցանկալի է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բարև Ձեզ, պարոն Աբրահամյան,ներեցեք համարձակությանս համար, իմ և շատերի կարծիքով «քլնգել» բառը ենթադրում է հարցուփորձի միջոցով կարծիք իմանալ, «լեզվի տակն իմանալ»։ Քլունգը «կվալտի» գործ չի անի։)
Հարցը միայն Համացանցում գերիշխող՝ անպատասխանատու եւ անկիրթ վարքագիծն ու խօսքերը չեն:
Նամանաւանդ պատանիների մօտ, իրական աշխարհը գոյութիւն չունի այլեւս, եւ լիովին փոխարինուած է Համացանցի աշխարհով: Դէմ-դիմաց նստած, իրարու էսեմեսներ են յղում, իսկ իրողութիւն մը գոյութիւն չունի, եթէ զայն չնկարեն ու չտեղադրեն Համացանցի մէկ անկիւնը…
Հաւանական չէ որ այս կացութիւնը այս ընթացքով շարունակուի: (Թէեւ նոյն բանը ըսող եղաւ, երբ որ հեռախօսը հնարեցին, ապա՝ հեռուստատեսիլը… )