ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Սահակյանը այլ տրամաբանություն է տեսնում
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվեց Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակազմը: Սերժ Սարգսյանի հրամանագրում տրված ձեւակերպման համաձայն` նպատակը ԱԱԽ դերի բարձրացումն է:
Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը հրապարակումից ժամեր անց արդեն տարատեսակ մեկնաբանությունների առարկա դարձավ. «Սասնա ծռեր» խմբի զինված հարձակումից մինչեւ աշնանը սպասվող ցնցումներ:
Օրինակ` ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը ԱԱԽ աշխատակազմը լուծարելու մասին որոշումը դիտարկում է ԱԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանի լիազորությունների մեծացման շրջանակում: Նա մասնավորապես մամուլում այսպիսի կարծիք է հայտնել. «Աշնանը Սերժ Սարգսյանը սպասում է երկրի համար լրջագույն ցնցումների, այդ պատճառով էլ արդեն իսկ ուժեղացնում է անիմաստ մարմինը, որը երկու տարի թափուր աթոռ է ունեցել, որպեսզի պատասխանատվության մեծ մասը գցի նրա վրա: Սա ցնցումներին դիմակայելու համար է արված եւ այս անգամ արդեն՝ Արմեն Գեւորգյանի դեմքով»:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը ԱԱԽ աշխատակազմի լուծարումն այնքան էլ չի կապում զինված ապստամբության հետ: Նա այս որոշումը կապում է ԱԱԽ նոր քարտուղարի` Արմեն Գեւորգյանի նշանակման հետ. «Նա կցանկանա բերել նոր աշխատակազմ եւ աշխատել նոր թիմով: Նախկին թիմը ստեղծվել էր Արթուր Բաղդասարյանի օրոք՝ նա էլ բերել էր իր թիմակիցներին»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը ձեռնպահ մնաց որակումներ տալ Սերժ Սարգսյանի որոշման դրական կամ բացասական լինելուն` շեշտելով, թե ինքը չէ, որ նախագահի որոշումներին պետք է գնահատական տա:
Նա հորդորեց ուշադրություն դարձնել հրամանագրի տեքստին, որտեղ էլ, ըստ նրա, ամրագրված է այն տրամաբանությունը, որի ներքո նման որոշում է կայացվել. «2017-2018-ից հետո, երբ լիարժեք ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, Ազգային անվտանգության խորհրդի որոշ գործառույթներ եւս պետք է փոփոխություն կրեն: Պետք է ձեւավորվի նոր աշխատակազմ, որը պետք է համահունչ լինի այսօրվա մարտահրավերներին ազգային անվտանգության առումով եւ կարողանա ապահովել նոր Սահմանադրության գործառույթները»:
Պարոն Սահակյանի համոզմամբ` այս որոշման տակ պետք չէ որեւէ ենթատեքստ փնտրել. «Երբ խոսում էինք ավելի համակարգային ու առարկայական փոփոխությունների մասին, սրա մասին էր խոսքը, եւ այս որոշումն էլ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում»:
Մեր հիշեցմանը, թե Հանրապետականի ընդդիմախոսները, այնուամենայնիվ, նեղսրտած են, որ Սերժ Սագսյանը փոփոխություններ չի կատարում իր մերձավորների շրջանակում, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Հարցադրումն ավելի անձնական տիրույթում է, իսկ մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին: Հարազատներ, մերձավորներ…… այդ քննադատությունները քաղաքական շեշտադրումներ են պարունակում»:
Մեր հարցին` ԱԱԽ աշխատակազմը լուծարելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը կարելի՞ է արդյոք դիտարկել «Սասնա ծռեր»-ի ապստամբության համատեքստում, պարոն Սահակյանը պատասխանեց. «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակման մասին երկար վերլուծություններ անելու եւ գնահատական տալու ժամանակն ու առիթը դեռ կլինեն: Պետք չէ ամեն ինչ բերել ու կապել զինված խմբի գործողությունների հետ: Իմ անձնական տեսակետն այն է, որ այս որոշումը պետք է դիտարկել սահմանադրական բարեփոխումների տիրույթում, այն հենց այդ տրամաբանության մեջ է»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
11.08.2016