Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Ղարաբաղի խնդիրը տեղափոխում է ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա ձեւաչափ

Օգոստոս 12,2016 15:00

Ո՞վ էր «բռնի կերպով պարտադրում» որոշում

Օգոստոսի 8-10-ը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ոչ միայն կառնչվեն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, այլեւ դրանք տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություններ են:

Օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Պուտինը Բաքվում էր, որտեղ կայացան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Օգոստոսին 9-ին Սանկտ Պետերբուրգում Պուտինը հանդիպեց Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 10-ին Պուտինը Մոսկվայում սպասում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ վերոնշյալ հանդիպումներին եւ բանակցություններին անդրադառնալն առանձնացնենք մի քանի կարեւոր գնահատականներ, որոնք հնչեցին ԼՂ կարգավորման առնչությամբ: Ռուսաստանյան RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ համանախագահները հնարավորություն են փնտրում՝ կազմակերպելու համար նոր հանդիպում: «Երեւանում դիմակայության խաղաղ հանգուցալուծումը մեզ մոտ առաջացնում է թեթեւության զգացում: Դիմակայությունը եւ դրա հետ կապված հասարակական քննարկումները միայն հաստատում են կարեւորությունն այն բանի, որ տեւական խաղաղությանը հասնելու ճանապարհն անցնում է բանակցային գործընթացի միջով, որն ընդունելի է բոլոր կողմերի համար եւ տանում է դեպի հակամարտության բազմակողմ կարգավորման»: Այնուհետեւ Ուորլիքը ուշագրավ դիտարկում արեց. «Ոչ մի որոշում չի կարող բռնի կերպով պարտադրվել կողմերից որեւէ մեկին: Խաղաղության գործընթացում հավելյալ առաջընթացի հասնելու համար մենք հնարավորություն ենք փնտրում՝ կազմակերպելու համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական համատեղ հանդիպումը»:

Թե ով էր «բռնի կերպով պարտադրում» որոշում՝ Ուորլիքն, իհարկե, չէր մանրամասնում: Բայց Ուորլիքի ուղերձը, կարծես, բավական արագ տեղ հասավ: Ալիեւի հետ բանակցությունների մեկնարկին Պուտինն անուղղակիորեն արձագանքեց Վաշինգտոնի` կարելի է ասել, բավական կոշտ նախազգուշացմանը:

Պուտինը մերժո՞ւմ է «արտաքին ճնշումը» ԼՂ կարգավորման գործընթացում

Բաքու մեկնելուց առաջ Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել ադրբեջանական Azertaj-ին, որում նկատել էր, թե փոխզիջման հասնել նշանակում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռություն գտնել. «Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի արդյունքում կողմերից եւ ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հանրությանը»: Պուտինը շեշտել էր, որ Մոսկվան ամենեւին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր. «Կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ»: Այնուհետեւ ՌԴ նախագահը շեշտել էր, որ ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ-ն վճռական դերակատարություն է ունեցել: Ապա` Պուտինը մոլորություն է անվանել տարածված այն կարծիքը, թե ՌԴ-ն փորձում է մենաշնորհել ԼՂ բանակցությունները, եւ հավաստիացրել է, որ ՌԴ-ն գործում է մյուս համանախագահների հետ միասին, եւ, որպես ապացույց, նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպման եզրափակիչ մասին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները։

Պուտինի կողմից արձանագրումը, որ կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, եւ որ Մոսկվան չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին «պատրաստի բաղադրատոմսեր» թելադրել, արդեն իսկ վկայում էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում, գոնե այս փուլում, որոշակի անվստահություն կա ՌԴ-ի նկատմամբ, եւ թերեւս հենց այդ անվստահության մթնոլորտն էր Պուտինը փորձում ցրել Բաքու մեկնելուց առաջ:

Բաքվում արդեն Պուտինն արձանագրեց, որ ձգտելու են, որպեսզի կողմերը գտնեն փոխզիջումային լուծում: Ալիեւը հատուկ շնորհակալություն էր հայտնել Պուտինին Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ՌԴ դերակատարության համար. «Մենք այդ դերը գնահատում ենք, գնահատում ենք նաեւ Ձեր անձնական մասնակցությունը, որը շատ կարեւոր նշանակություն ունի կարգավորման առաջընթացի հարցում: Մեր հանդիպումը Սանկտ Պետերբուրգում հունիսին մեծամասամբ հենց այս խնդրին էր նվիրված»: Պուտինն իր հերթին ընդգծել էր. «Դուք նշեցիք, որ Ղարաբաղը իսկապես խնդիր է, որ մեզ բոլորիս հասել է մեր խորհրդային անցյալից: Գիտակցում ենք, թե ինչքան ցավոտ է այս հարցը Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա եւ ապագա սերունդների համար»:

Դեռ մինչեւ Պուտինի այցը` ռուսական կողմից եղան հավաստիացումներ այն մասին, որ Մոսկվան ու Բաքուն զենքի վաճառքի նոր համաձայնագրեր են կնքելու: Թե ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Ալիեւը Բաքվում թեյ խմելիս՝ երկու երկրների ղեկավարների մամլո ծառայությունները չհայտնեցին։ Ու թեեւ Պուտինի այցի ընթացքում հրապարակային զենքի վաճառքի նոր գործարքների մասին հայտարարություններ չեղան, սակայն բացը, կարծես, արդեն լրացրել էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «ՌԴ-ն, որպես լավ եւ ոչ թանկարժեք զենքի մատակարար, հետաքրքիր է Ադրբեջանին եւ Իրանին»,- ասել էր Ռոգոզինը Բաքվում գագաթնաժողովից առաջ` հավելելով, որ Ադրբեջանը հետաքրքրված է ՌԴ-ից MC-21 օդանավերի գնմամբ եւ ակնկալում է 2017թ. փետրվարին 10 օդանավի գնման շուրջ պայմանագիր ստորագրել։ Ռոգոզինը հայտնել է նաեւ, որ Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն եւ ինքնաթիռների հավաքման գործարան. «Այստեղ խորհրդային արտադրության շատ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ կան։ Դրանց արդիականացումը, սպասարկման ծառայություններն այժմ կիրականացվեն Ադրբեջանի տարածքում»։

Putin_Aliev

Բաքվում տարածաշրջանում համագործակցության նոր ձեւաչափ ստեղծվեց

Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված հիմնական միջոցառումը օգոստոսի 8-ին Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովն էր, որի նախաձեռնողն Ալիեւն էր: Այս ձեւաչափում տարածաշրջանային համագործակցության առանցքային հարցերն էին Հյուսիս-Հարավ երկաթգիծը եւ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովում երեք երկրների նախագահները համատեղ հռչակագիր ընդունեցին` պայմանավորվելով կրկին հանդիպել 2017-ին՝ Իրանում։

Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռուհանիի ընդունած հռչակագրում Լեռնային Ղարաբաղը չհիշատակվեց, սակայն կար կետ, որը վերաբերում է հակամարտություններին։ «Կողմերը համարում են, որ տարածաշրջանային չկարգավորված հակամարտությունները զգալիորեն խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը, եւ դրա հետ կապված կողմերն ընդգծում են դրանց շուտափույթ խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ բանակցությունների ճանապարհով միջազգային իրավունքների նորմերի եւ սկզբունքների եւ դրանց կապակցությամբ ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»,- ասվում էր հռչակագրում։

ԼՂ խնդրի մասին գագաթնաժողովը բացելիս խոսել էր Ալիեւը` նշելով. «Իրանն ու Ռուսաստանը հարգանքով են վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը, եւ երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են, որ խնդիրը պետք է կարգավորել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Ալիեւը կրկին հայտարարել էր, որ «այսօրվա ստատուս քվոն ընդունելի չէ, եւ խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախեւառաջ ազատի տարածքները»։

Բաքվի գագաթնաժողովում Պուտինն ու Ռուհանին շեշտել էին տարածաշրջանում համագործակցության նոր ձեւաչափի ստեղծումը: Գագաթնաժողովի առանցքային հարցը Հյուսիս-Հարավ երկաթգիծն էր, իրանա-ադրբեջանական Ռեշտ-Աստարա հատվածի շուրջ կողմերը պայմանավորվել էին: Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2018թ., ինչը թույլ կտա Պարսից ծոցը կապել Ռուսաստանի, ինչպես նաեւ Արեւելյան եւ Հյուսիսային Եվրոպայի հետ։

ԼՂ խնդիրը` Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափում

Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը կստեղծեն համագործակցության եռակողմ ձեւաչափ՝ օգոստոսի 9-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Թուրքիայի նախագահին լրացրեց այդ երկրի արտգործնախարարը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքով` եռակողմ ձեւաչափը ձեռնտու է բոլոր կողմերին: «Մենք այդ ձեւաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Այդ նախաձեռնությունը հնչեցվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Ռուսաստանը նույնպես դրական է գնահատել այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»,- ասել էր Չավուշօղլուն:

Թեեւ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցություններում առաջին պլանում տնտեսական համագործակցությունն էր, սակայն դժվար չէր գուշակել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերբեռնման եւ ջերմացման նոր փուլի փաթեթում Ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ օրակարգի վերջին հարցերից չի լինելու:

Ամփոփումը` տպագիր «Առավոտի» այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 11.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031