Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջ կերպարը ոչ բոլոր տղամարդ արտիստներին է հասանելի»

Օգոստոս 12,2016 13:30

Երիտասարդ դերասան Արտյոմ Սիմոնյանն
իր ավագ գործընկերներից բազմազբաղ է

Որքան էլ իրարամերժ կարծիքներ հնչեն ստուդիաների մասին, այս դեպքում՝ թատերական, այնուամենայնիվ, որոշ «ստուդիականներ» անհամեմատ ավելիին են հասնում, քան շատ համալսարանականներ: Վերջին տարիներին մեզ մոտ սնկի պես աճած թատերական ստուդիաների «նահապետը» միանշանակ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից, դեռեւս 1969թ. բացված ստուդիան է, որն այսօր կրում է անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի անունը: Տնօրենն էլ ճանաչված դերասան, վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն է: Ի դեպ, այս ստուդիան են ժամանակին ավարտել այնպիսի դերասաններ, որոնց ներկայացնելու հարկ նույնիսկ չկա, այդ թվում՝ Ալլա Վարդանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Էլբակյանը, Ալիս Կապլանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը:

Վարդան Աճեմյանի անվան թատերական ստուդիայում ուսում առած դերասան Արտյոմ Սիմոնյանն առավել հայտնի դարձավ 2015թ. «Էլ-Մարկ» հիմնադրամի՝ «Տարվա լավագույն թատրոնի դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվելուց հետո: Մինչ այդ երիտասարդ արվեստագետին հանդիպել էինք «Մետրո» թատրոնում՝ Արմեն Դալլաքյանի ռեժիսուրայով իրականացված «Հարսնացուն Անգլիայից» ներկայացման մեջ, որտեղ նա մարմնավորում է տատիկի կերպարը, գյուղապետի օգնականին ներկայացնող «Բեյսիք հավուզ», «Իրական սիրո է արժանի միայն մայրս» բեմադրություններում, կինոթատրոններում եւ TV-ներով հեռարձակվող «Չիկագո-Ծաղկաձոր-Տրանզիտ» (ռեժիսոր՝ Ելենա Արշակյան), «Պապարացի» (ռեժիսոր Նադի Իսպիրյան) ֆիլմերից, «Սահմանին» հեռուստասերիալից, «Խոպանի ցտեսություն» եւ «Ֆուլ հաուս» սիթքոմներից, եւ այլն:

Artyom_Simonyan_1

Կադր «Հայրեր» ֆիլմից:

Երիտասարդի ավագ շատ գործընկերներ կերազեին այսչափ զբաղվածության մասին, որովհետեւ գաղտնիք չէ, որ անգամ կոչումավոր արտիստների երազանքն է սերիալներում նկարվելը՝ ինչպես իրենք են հաճախ «արդարացնում» այդ գործունեությունը՝ գումար վաստակելու համար:

Artyom_Simonyan_4

Արտյոմ Սիմոնյանն (աջից) ու Անդրանիկ Շահինյանը՝ «Երջանկության հորմոնում»:

Մեզ հետ զրույցում Արտյոմ Սիմոնյանը նշեց, որ շուտով կինոթատրոններում իր մասնակցությամբ կցուցադրվեն հայ-ռուսական «Հայրեր» խաղարկային (ռեժիսոր՝ Արշավիր Հարությունյան), «Արմդրինս պրոդակշընի» արտադրության «Երեւան, ես քեզ սիրում եմ» ֆիլմերը: Ասաց նաեւ, որ շուտով կավարտի ստուդիան եւ այս օրերին զբաղված է դիպլոմային երկու ներկայացումներում՝ Մ. Գորկի՝ «Հատակում» (ռեժիսոր՝ Ռազմիկ Խոսրոեւ) եւ Պիրանդելո՝ «Վեց պերսոնաժները» (ռեժիսոր՝ Տիգրան Գասպարյան): Ռեպլիկին՝ թե պատրաստվում է ուսումը շարունակել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մեր զրուցակիցը կտրականապես ասաց՝ ոչ, ապա այդ «ոչը» ներկայացրեց հետեւյալ կերպ. «Նախ՝ ես կարող էի միանգամից ուսանել ինստիտուտում, բայց նախընտրեցի Մայր թատրոնը: Երկու տարվա ուսումնառությանս ընթացքում հնարավորություն ստացա բեմ բարձրանալ Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկային Շանթի «Հին աստվածներում» (ռեժիսոր՝ Վահե Շահվերդյան), ապա Արմեն Էլբակյանի ռեժիսուրայով բեմադրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ, իհարկե՝ մասսայական տեսարաններում:

Artyom_Simonyan_2

Տեսարան՝ «Իրական սիրո է արժանի միայն մայրս» բեմադրությունից:

Նշեմ, որ կոնկրետ ինձ համար երկրորդական, երրորդական ու փոքր դերեր չկան եւ որ այսքան խոսվում է՝ իբր ինչի՞ են հատկապես ճանաչված ավագ կոլեգաներս նկարահանվում սերիալներում, ես դա էլ չեմ ընդունում: Ի՞նչ է, սերիալում պրոֆեսիոնալ դերասաններ հարկավոր չե՞ն, թե՞ պետք է անպայման փողոցից բռնեն-բերեն նկարահանեն: Ի դեպ, դա էլ չեմ բացառում, շատ հնարավոր է, որ նրանց մեջ լինեն շնորհալիներ՝ թեկուզ մեկ-երկուսը, որոնց հետո անպայման կձգի ուսումը, թատրոնը…»:
Անդրադառնալով ստուդիային՝ Արտյոմ Սիմոնյանը հիացմունքի խոսքեր շռայլեց իր դասախոսների հասցեին, այդ թվում՝ ճանաչված արտիստներ Մարջան Ավետիսյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Գուրգեն Գասպարյանի եւ մյուսների:

Վերջին մի քանի ամիսներին YouTube -ում շրջանառվող հոլովակը, որտեղ կնոջ կերպարներում են ներկայացված Արտյոմ Սիմոնյանն ու հումորիստ Անդրանիկ Շահինյանը, 200 000 դիտում է ապահովել: Ընդ որում՝ Արտյոմը նաեւ հիանալի երգում է:
Հետաքրքրվեցինք՝ հավանաբար իրեն ձգում է շոու-բիզնեսը: «Բացարձակ: Ինձ ձգում է կոմեդիայի ժանրը… Բայց կարծում եմ, որ կնոջ կերպարը ոչ բոլոր տղամարդ արտիստներին է հասանելի, այսինքն՝ իսկապես բարդ է: Իսկ այդ նախագիծը՝ «Երջանկության հորմոն», Արմեն Դալլաքյանի ռեժիսուրայով է եւ նոր եթերաշրջանում TV-ներից մեկով կհեռարձակվի: Հ1-ով էլ հրավիրված եմ մասնակցելու մի նոր նախագծի, որն իր նախադեպը չի ունեցել: Եվ քանի որ շարքի խորագիրը չգիտեմ, միայն կարող եմ ասել, որ դա հոգեբանական թատերականացված հաղորդաշար է»,- հայտնեց դերասանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»

11.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031