1990 թվականից ի վեր կրծքով կերակրման կարեւորությունը եւս մեկ անգամ ընդգծելու համար օգոստոսի 1-7-ը նշվում է որպես Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ՝ աշխարհի ավելի քան 170 երկրում:
Առանցքային փաստեր`
-ըստ երեխաների իրավունքների համաձայնագրի՝ յուրաքանչյուր նորածին եւ փոքր երեխա ունի պատշաճ սնուցում ստանալու իրավունք,
– երեխաների մահվան դեպքերի 45%-ը պայմանավորված է թերսնուցմամբ,
-աշխարհում 5 տարեկանից փոքր մոտ 165 միլիոն երեխա թերաճ է, իսկ 100 միլիոնն ունի քաշ/հասակ հարաբերակցության ցածր ցուցանիշ՝ որպես վատ սնուցման ու կրկնվող վարակների արդյունք: Միեւնույն ժամանակ, մոտ 43 մլն երեխա ունի ավելորդ քաշի կամ ճարպակալման խնդիր,
– 0-6 ամսական նորածինների 38%-ը կերակրվում է բացառապես կրծքով,
-երեխաների շատ փոքր մասն է ստանում լիարժեք ու անվտանգ հավելյալ սնուցում. շատ երկրներում փոքր երեխաների միայն մեկ երրորդն է ստանում բազմազանությամբ եւ հաճախականությամբ իր տարիքին համապատասխան սնունդ,
l տարեկան մոտ 220 000 երեխայի կյանք է հնարավոր փրկել՝ կրծքով կերակրելու եւ ճիշտ հավելյալ սնուցման սկզբունքների լուսաբանման միջոցով:
Մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը թերսնուցումն է: Երեխայի կյանքի առաջին երկու տարիներին սնուցման խնդիրն առանցքային դեր է կատարում առողջ աճի եւ զարգացման, ինչպես նաեւ մահացության կրճատման հարցում՝ կանխելով քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ կրծքով սնուցումն ու լիարժեք սնունդն այնքան կարեւոր են, որ, այդ խնդիրը լուծելով, յուրաքանչյուր տարի կարելի է փրկել 220 000 կյանք:
ԱՀԿ-ն եւ UNICEF-ը խորհուրդ են տալիս`
– կրծքով կերակրել ծնվելուց անմիջապես հետո՝ 1 ժամվա ընթացքում,
– բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին,
– լիարժեք եւ առողջ սնուցում ապահովել 6 ամսականից մինչեւ 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ամբողջ աշխարհում նորածինների ընդամենը 38%-ն է մինչեւ 6 ամսական հասակը կերակրվում միայն կրծքով: Դա նշանակում է, որ բազմաթիվ նորածիններ թերսնուցման խնդիր ունեն:
Մինչդեռ մինչեւ 6 ամսականը բացառապես կրծքով կերակրվելն ունի բազմաթիվ առավելություններ թե՛ երեխայի, թե՛ մոր համար: Հիմնական առավելությունն աղեստամոքսային վարակների կանխարգելումն է: Ծնվելուց անմիջապես հետո 1 ժամվա ընթացքում կրծքով կերակրելը նվազեցնում է նորածինների մահացության ցուցանիշը:
Շատ կարեւոր է 1-6 ամսական կրծքով կերակրվող երեխային հավելյալ սնունդ չտալը. այս տարիքում ցանկալի չէ նույնիսկ ջուրը:
Ըստ Doctors.am-ի
«Առավոտ»
11.08.2016