Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 12,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունհինգերորդ

ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվ Վարուժը ժպտալով ինձ ասաց՝ «էսօրվա մասին էլ կգրես ու մյուս պատմվածքներիդ հետ առանձին գրքով կտպես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էսօրվա մասին որ գրես, շատ հետաքրքիր պատմվածք կստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ ֆինալը հետաքրքիր կստացվի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ֆինալ», եւ Վարուժը    մի քիչ  մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «պատմվածքը ֆինալ չի ունենո՞ւմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ի՞նչ գիտես, որ պատմվածք եմ գրելու», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօրվա իրադարձությունների մասին մենակ պատմվածք կարաս գրես» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «կարող ա՞ պոեմ գրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «պոեմ չէ, բայց կարող ա վեպ գրեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ էլ գրես, մեկ ա՝ ֆինալը պարտադիր ա» եւ մի  քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գրական գործը  պարտադիր պիտի ֆինալ ունենա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց էսօրվա օրը  դեռ չի ավարտվել՝ շարունակվում ա» եւ դիմանկարիս նայելով ավելացրի՝ «որ էս պորտրետս ինձ նվիրես, շատ ուժեղ ֆինալ կստացվի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ավելի ուժեղ ֆինալ եմ մտածել», եւ ես ոգեւորված հարցրի՝ «ի՞նչ ես մտածել», եւ Վարուժը ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած՝ հենց նոր մտածեցի», եւ ես անհամբեր հարցրի՝ «ի՞նչ մտածեցիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մտածեցի՝ հազար տարվա ընկեր ենք, բայց քեզ ոչ մի նկար չեմ նվիրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ճիշտն ասած՝ ես էլ եմ էդ մասին մտածել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրավունք ունես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու էլ իրավունք ունես», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ իրավունք ունեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «իրավունք ունես սխալդ ուղղես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու  ասաց՝ «ես իմ իրավունքները շատ լավ եմ պատկերացնում» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «դու չպիտի ինձ թելադրես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես քեզ ոչ մի բան չեմ թելադրում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «դո՛ւ ասացիր», եւ Վարուժը  զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ հազար տարվա ընկեր ենք, բայց ինձ ոչ մի նկար չես նվիրել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ եմ ասել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ սխալ չեմ համարում, որ ուղղեմ կամ չուղղեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ մյուս նկարիչ ընկերներդ քեզ նկար են նվիրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «նկարիչներից ամենամոտիկ ընկերս դու ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էն մյուսները որ քեզ նկար նվիրեին, դժվար էլ վերցնեիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ չպիտի վերցնեի», եւ Վարուժը քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ որ մտքիդ դնես, իրենցից լավ կնկարես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ Կոջոյան ու Թերլեմեզյան ես սովորել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նկարչություն էլ հաստատ իրենցից լավ ես հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ճաշակի առումով էլ իրենցից ահագին բարձր ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նույնիսկ համեմատելն ա ամոթ», եւ ես ժպտալով  ասացի՝ «նոր ինչ-որ բան էիր ասում», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում էիր՝ ինչ-որ նկար ես ուզում ինձ նվիրես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու խիստ տոնով ասաց՝ «եթե էդ արհամարհական տոնով շարունակես, ոչ մի նկար էլ չեմ նվիրի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ արհամարհական տոն», եւ Վարուժը նեղացած ասաց՝ «ասում ես՝ ինչ-որ նկար» եւ մի քիչ մտածեց ու խիստ  տոնով ավելացրեց՝ «ոչ թե ինչ-որ  նկար եմ ուզում նվիրեմ, այլ՝ շատ կոնկրետ ու շատ սիրուն նկար», եւ ես ոգեւորված ասացի՝ «դու գեշ նկար չունես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ շոյված եմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել