Թուրքագետ Հակոբ Չաքրյանի մեկնաբանմամբ, Թուրքիան ուզում է ՌԴ-ին փաստի առջեւ կանգնեցնել՝ փորձելով միջազգային ասպարեզում ստեղծել պատրանք, թե այդ ԼՂ հիմնահարցի կարգավորումը պետք է քննարկվի Թուրքիա- Ադրբեջան- Ռուսաստան ձեւաչափով:
Պարոն Չաքրյանից հետաքրքրվեցինք՝ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ֆոնին հնարավո՞ր է ՌԴ-ն իսկապես նպաստի թուրքական կողմի ներգրավմանը, ի պատասխան պարոն Չաքրյանն ասաց.
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում շահագրգռված է Թուրքիան, ոչ թե ՌԴ-ն: Այսինքն, Էրդողանի այցը եւ հանդիպումը Պուտինի հետ ընդամենը հարաբերությունները բարելավվելու բարի կամքի արտահայտություն էր, որեւէ կոնկրետ արդյունք չտվեց, իսկ ԼՂ հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ նախագահող երկրների գործն է, կարգավորման նախաձեռնությունը նրանցն է: Եթե հարցը դնեն Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով քննարկելուն, դա ՄԽ մյուս համանախագահների կողմից կդիտարկվի որպես ոտնձգություն ԼՂ հիմնահարցի կարգավորմանը»,- Aravot.am-ին ասաց թուրքագետը:
Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ եք Թուրքիայի ներգրավվումը գործընթացում, պարոն Չաքրյանը պատասխանեց. «Ավելի շատ Թուրքիան կցանկանար հարցի կարգավորմանը հասնել ՌԴ միջոցով, այսինքն, ՌԴ-ն Հայաստանի վրա ճնշում գործադրի հօգուտ Ադրբեջանի, թե ինչքանով է հնարավոր, խիստ կասկածելի է: Մանավանդ, որ Պուտին-Էրդողան հանդիպումը արդյունք դեռ չի տվել, պարզապես կողմերը պատրաստակամություն են հայտնել վերականգնել տնտեսական հարաբերությունները»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ
Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով: Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Միթե չի ավարտվել հայկական հարցը Ռուս-Թուրքական բանակցություններով լուծելու
դարաշրջանը: Հարյուր տարի առաջ կատարվածի արդյունքը տեսնում ենք,տեսնում է ողջ
աշխարհը, հատկապես առաջադեմ համարվող երկրները: Եւ ինչ, կրկին հին ջրաղացն է
պտտվում,հերթական անգամ ուզում ենք կանգնել կոտրած տաշտակի առաջ: Ուշքի եկ,
հայ ժողովուրդ, զգոն եղիր: Այսօր էլ փորձ է արվում, ոչ ավել, ոչ պակաս հայկական
հարցը լուծել ռուսաստան-թուրքիա-ադրբեջան դավադիր ձևաչափով: Երկու թուրքական
պետությունը շատ չէ արդյոք: Ինձ թվում է, մտածելու,այլ գործելու ժամանակն է: Վաղն
ուշ է լինելու: