Այսօր Ազատության հրապարակում ավանդական դարձած հանրահավաքը մեկնարկեց հայրենասիրական երգերով, ինչը հանրահավաքի որոշ մասնակիցների սրտով չէր:
Հարություն Աղլամազյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել հանրահավաքի մասնակիցներին:
Հայ կանանց ճակատից Իրինա Ավետիսյանը ընթերցեց նամակը, որտեղ Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է, որ ԶԼՄ-ներում չնայած իրենց վերագրվում է, թե հետապնդում են ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու նպատակը, մինչդեռ իրենք Հայաստանի ապագաղութացման նպատակն են հետապնդում: Նա խոստանում է, որ շուտով կներկայացնի այդ ծրագիրը, թե ինչպես է հնարավոր վերակերտել ՀՀ-ն. «Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձեւավորվել ազգային համաձայնության կառավարություն: Որպես կանոն, այն ձևավորվում է ԱԺ կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը եւ պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի՝ ազգի կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը եւ կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են: Ապագաղութացումը առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային բաղադրիչներից»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի,պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը իր ելույթում հենց նման կառավարություն ստեղծելու մասին է խոսում:
Կարդացեք նաև
Վարուժան Ավետիսյանն էլ նամակում առաջարկում է ստեղծել ժողովրդի վստահության կառավարությունը, որը, ի տարբերություն ազգային համաձայնության կառավարության, հենվում է ազգի կամքի վրա եւ կոչված է իրականացնելու նրա նպատակը. «Մեր համոզմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձեւավորվի քաղաքական եւ հասարակական միավորումներով՝ ապագաղութացման եւ Հայաստանի վերակերտման գաղափարներով: Ժողովրդի վստահության կառավարությունը Արցախի ազատագրված տարածքների հետ կապված պետք է ունենա ոչ մի թիզ հող սկզբունքը»:
Ըստ Վարուժան Ավետիսյանի, ժողովրդի վստահության կառավարության կազմում պետք է լինեն այնպիսի գործիչներ, որոնք կխոստանան ազատել Հայաստանը ռուս-թուրքական դավադիր երկընտրանքից. «Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ունենք Քուռ-Արաքս Հայաստանի տեսլականը»:
Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է նաեւ, թե ինչ ժամկետներում է պատրաստվում պետական կառավարման համակարգը, տնտեսությունը ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատել. «Այդ ժամանակահատվածը չի կարող 1 տարուց պակաս լինել, միեւնույն ժամանակ այն չի կարող լինել 2 տարուց ավելի: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Պետք է այդ ընթացքում իրականացվի քաղաքական տնտեսական եւ գործակալական լյուստրացիա՝ գաղտնազերծում, պետք է ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձեւավորվեն ռուսական ազդեցության տակ չգտնվող, գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, լինի ապախորհրդայնացում եւ ապակոմունիզմացում: Պետք է վերանայվի ՌԴ-ի հետ կնքված միջազգային պայմանագրաիրավական փաստաթղթերը, իսկ ՌԴ սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ-ի սահմանապահներով»:
Հավաքվածները ծափերով ողջունեցին այս առաջարկը, ինչպես նաեւ այն, որ Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է Հայաստանը դուրս հանի ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի կազմից:
Բացի այդ, նախատեսվում է նոր Սահմանադրություն մշակել ու անցկացնել. «Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպի ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ՝ այլընտրանքային եղանակով եւ մեծամասնականով: Ժամանակավոր խորհրդարանն էլ պետք է ձեւավորի ժողովրդի վստահության կառավարություն»:
Նամակի վերջում Վարուժան Ավետիսյանը կոչ է անում շարունակել հանրահավաքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ