Քաղաքագետ Արմեն Բադալյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով համարում է քարոզչական ծուղակ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այդ մասին ասել էր թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավաստիացնելով, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։
«Սա կարելի է դիտարկել քարոզչական ճնշում Հայաստանի վրա, որովհետեւ անուղղակի Հայաստանին հասկացնում են՝ եթե չհամաձայնես ԼՂ հիմնահարցի լուծման ՌԴ տարբերակին, ապա դու կստանա նաեւ Թուրքիայի անուղղակի մասնակցությունը, որը հայկական կողմի համար հաստատ ցանկալի չէ: Սա կարելի է դիտարկել քարոզչական ծուղակ կամ ՌԴ կողմից կամ ՌԴ հետ չհամաձայնեցված Թուրքիայի քարոզչական ծուղակ: Թուրքիան այնքան է իրեն համարում ՌԴ դաշնակից, տարածաշրջանում հարցեր լուծող, որ ինքը նույնպես իր լուման է փորձում ներդնել այս հարցի կարգավորման գործում»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:
Նա նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան այսպես, թե այնպես ներդրում ունի ԼՂ կարգավորման գործում, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) անդամ է, պարզապես համանախագահ ներկայացուցիչ չունի, ինչպես ՌԴ-ն, Ֆրանսիան, եւ ԱՄՆ-ն. «Թուրքիան նաեւ Ադրբեջանի դաշնակիցն է, այսինքն, անուղղակիորեն այդ կողմից ԼՂ հարցում իր ազդեցությունը թողնում է, բայց չեմ կարծում, որ ՌԴ-ն համաձայնի՝ ՄԽ համանախագահներից բացի չորրորդ երկիրը մտնի այդ գործընթացի մեջ, որովհետեւ ճիշտ է ՌԴ-ն նախագահը, երբ գնաց Ադրբեջան, հայտարարեց, որ ՌԴ-ն միանձնյա գործողություններ չի անում, իր գործողությունները համաձայնեցնում է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, ինչպես երեւում է, ՌԴ-ն ձգտում է այս հարցը կարգավորել չերեւացող, միանձնյա սկզբունքով:
Կարդացեք նաև
Իսկ այդ սկզբունքին հակասում է Թուրքիայի միջամտությունն այս գործընթացում»:
Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ եք ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի ներգրավումը, պարոն Բադալյանն ասաց. «Եթե ՌԴ-ն նույնիսկ չերեւացող համաձայնություն էլ տա Թուրքիային այդ հարցում, ապա չմոռանանք, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն համաձայնություն տան: Ֆրանսիան ներկայացնում է Եվրամիությունը, իսկ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները չափազանց լարված են, ու չեմ կարծում, որ Ֆրանսիան՝ անուղղակիորեն Եվրամիությունը, իր համաձայնությունը տա, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավվի ու իր դիրքերը Հարավային Կովկասում ամրապնդի, որովհետեւ ինքնաբերաբար դառնում է Եվրամիության մրցակից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Բադալյան. ինչով կբացատրեք Ձեր և մնացած քաղաքագետների ու վերլուծաբանների (Աստված տվել չի խնայել), հրապարակախոսների քար լռությունը Դուգինի՝ վերջերս հրապարակված հայերի և Հայաստանի մասին ամենակեղտոտ, նվաստացուցիչ, մեր ազգը և պետությունը ստորացնող «վերլուծությունների»վերաբերյալ:Մի՞թե Հայաստանում մի կենդանի քաղաքագետ,վերլուծաբան, հրապարակախոս չկա, որի ինտելեկտն ու համարձակությունը թույլ կտան պատասխանել էդ «փիլիսոփային» հենց ռուսական կամ միջազգային մամուլում, (ձևը գտեք տպելու): Թե չէ էդ բաները, որ ասում եք, մենք էլ գիտենք, քաղաքականապես գրագետ, ֆիզիկապես կոփված ժողովուրդ ենք: