Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն ախորժակ ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ տարածաշրջանը կուլ տալու». Գրիգորի Այվազյան

Օգոստոս 11,2016 18:55

«Մենք խոսում ենք Ադրբեջանին զենքի մատակարարման մասին, բայց գոյություն ունի զենքի մատակարարում՝ Հայաստանին: Իհարկե, Հայաստանին ավելի քիչ է զենք մատակարարվում, բայց հայկական կողմը դա ձեռք է բերում անհամեմատ ավելի շահավետ գներով, քան Ադրբեջանը: Ադրբեջանը կանխիկ գումարով է ձեռք բերում: Եթե չլիներ ռուսական զենքը, Իսրայելից ձեռք կբերեր: Հենց հիմա էլ անընդհատ դատարկ ինքնաթիռներ են գնում Իսրայել ու վերադառնում զենքով: ՌԴ-ն իր շահերից ելնելով է վաճառում զենք, բայց թույլ չի տալու հավասարակշռությունը այնքան խախտվի՝ հօգուտ Ադրբեջանի, որ հիմնախնդիրը միակողմանի լուծում ստանա: Ղարաբաղը լծակ է՝ ճնշելու ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսելով ՌԴ-ի քաղաքականության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Ըստ նրա, մենք չպետք է մեր դաշնակիցների հանդեպ ագրեսիվ տրամադրվենք, պիտի շահերի համընկնման վրա խաղանք:

Մեր դիտարկմանը, որ արդարացնում եք ռուսական զենքի վաճառքը՝ իշխանական տեսակետը առաջ տանելով, թե ՌԴ-ից չգնի, կգնի ուրիշ երկրից, բայց մասնագետներն ասում են, որ նման տիպի հարձակողական զենք միայն Ռուսաստանն ունի, ու ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ մեզ վրա կրակում են ռուսական զենքով՝ Գրիգորի Այվազյանը արձագանքեց. «ՌԴ-ն կայսերապաշտական նկրտումներ ունի ու առաջին հարվածն ընկնում է այն երկրների վրա, որոնք ՌԴ-ի հետ սահման ունեն: Նազարբաեւի խոհեմության պատճառով է, որ Ղազախստանը դեռ չի բզկտվել փոքր կտորների: Ուկրաինայից ավելի վատ վիճակում կհայտնվեր:

Իհարկե, Ռոգոզինը, մնացածները ներկայացնում են այդ կայսերապաշտական թեւը եւ կարծում են, որ թուրքերի հետ կարող են ինչ-որ դաշինք կնքել: Բայց նրանք գերիշխող չեն ՌԴ-ում: Հիմա ՌԴ-ն ասում եք զենք է վաճառում: Այո, զենք կվաճառի ու այլ զենքով Ադրբեջանին կոչնչացնի, լեզգիական խռովություն կբարձրացնեն ու կմիջամտեն: ՌԴ-ն ախորժակ ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ տարածաշրջանը կուլ տալու: Դա նրա մոտ չի ստացվի, ՌԴ-ում միայն հանգիստ կլինեն, երբ կգիտակցեն իրենց իրական ուժերի չափը: Բայց առայժմ մենք ստիպված ենք այդ խոշոր երկրի հետ ընդհանուր լեզու գտնել»:

Ըստ Գրիգորի Այվազյանի, հաշվի առնելով, թե իրենց եղբայր Ուկրաինայի հետ ՌԴ-ն ինչպես վարվեց, կարող ենք պատկերացնել, թե մեզ հետ ինչ կանեն, ուստի պետք է ՌԴ-ի շահերին հակառակ չգնանք, պետք է ճկուն քաղաքականություն վարենք. «Այնպես անենք, որ 3 մլն հայերով ոչ թե նստեն ՌԴ-ում ու հպարտանան, այլ որ նրանց որպես պատանդ չօգտագործեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031