Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դիվանագիտական խորամանկության է դիմել՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

Օգոստոս 11,2016 16:55

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց մեզ՝ ասելով. «Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 %-ով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»:

Մենք ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե այդ ի՞նչ 10 տոկոս ՀՆԱ-ի մասին է խոսքը: Նա պատասխանեց. «Ցավոք, Պուտինի հայտարարությունը չեմ կարդացել, հիմա զբաղված եմ օրենքի նախագիծ գրելով»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, չե՞ք կարող ասել՝ մեր ՀՆԱ-ն 10 տոկոսով աճե՞լ է ԵՏՄ անդամակցությունից հետո, ի՞նչ 10 տոկոսի մասին է խոսքը՝ նա պատասխանեց. «Բայց որ չեմ կարդացել, ո՞նց կարող եմ ասել»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի մեկնաբանությամբ՝ «Ինձ թվում է, ինքը ոչ թե նախորդ տարվա համեմատ է վերցրել, այլ 2014-ին վիճակը վատացավ, Հայաստանի վրա ազդեց ՌԴ-ի ինֆլյացիայի, պատժամիջոցների պրոբլեմները: Ինձ թվում է, ինքը մի-երկու տարվանն է իրար գումարել, որովհետեւ ես թվերը նայեցի՝ մենք նման թիվ չունենք: Վերջին հաշվով մեր ՀՆԱ-ն շուրջ 11-12 մլրդ է, ինքը եթե ասում է՝ 10 տոկոս, նշանակում է 1.2 մլրդ պիտի ավելացած լինի: Ինքը վերցրել է այն 10.5 թիվը, որը կար երկու տարի առաջ այդ շրջանում: Իր ելույթը խորամանկ էր այդ մասով, հստակ տարեթվեր չնշեց: Երբ 2014-ը վերցնում ենք 2015-ի համեմատ, այդտեղ կարող է 1.2 մլրդ ավելացած լինի՝ այդ պրոբլեմները լուծելու արդյունքում: Բայց դա պետք չէր կապել Մաքսային միության հետ, դա Մաքսային միության շնորհքը չի: ՀՀ արտաքին առեւտուրը Մաքսային միության երկրների հետ մեծ թիվ չի կազմում, հիմնականում ՌԴ-ի հետ է, բայց ինքը ուզեց ԵՏՄ մտնելու որոշումն արդարացված համարել»:

Ըստ Գագիկ Մակարյանի, այստեղ Պուտինը դիմել է դիվանագիտական խորամանկության:

Սերժ Սարգսյանն էլ այդ հանդիպմանը իր խոսքում նշում է, որ Հայաստանից արտահանումը ՌԴ 90 տոկոսով, առեւտրաշրջանառությունն աճել է: Գագիկ Մակարյանի խոսքերով՝ «Ասում է այդքան աճել է, որովհետեւ ՌԴ-ի հետ էլի այդ նույն ժամանակահատվածում առեւտրաշրջանառությունը բավականին իջավ, հետո երբ եկավ ընկավ իր տեղը՝ կարող ենք ասել՝ այսքան աճեց: Բայց եթե վերցնենք 2013-ի հետ համեմատ՝ այդտեղ նույնն են, տարբերություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031