Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական վարպետը՝ պաշտոնյաներին. «Ձեր կանանց ու աղջիկներին մեզ մոտ ուղարկեք» (Ֆոտոշարք)

Օգոստոս 11,2016 15:53

Օգոստոսի 11-ին Վերնիսաժի տարածքում բացման օրվանից ձեռագործ արվեստի ստեղծագործություններ վաճառող ժողովրդական վարպետները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Նրանք հանդիպում էին խնդրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից:

Վարպետներին սկզբում ընդունեց Կենտրոն վարչական շրջանի առեւտրի բաժնի պետ Հարություն Հակոբյանը՝ ասելով, որ նրանց պատվիրակությանը պատրաստ է ընդունել մի հանձնաժողով, որի մեջ մտնում է հանրային խորհրդի անդամ Կամո Հովհաննիսյանը, փոխքաղաքապետեր Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը: Նա առաջարկեց, որ 5-6 հոգու ընտրեն իրենցից ու բարձրանան վերեւ:

Ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը դեմ էր, նա պնդում էր, որ իրենց միայն Տարոն Մարգարյանն ընդունի: Հարություն Հակոբյանն ասաց, որ քաղաքապետը զբաղված է, բայց նրա ձեւավորած խմբի անդամները կիջնեն, ու բոլոր վարպետների ներկայությամբ կքննարկվի իրենց հուզող խնդիրը: Քիչ անց քաղաքապետի լիազորած հանձնաժողովն ինքն իջավ ներքեւ՝ ժողովրդական վարպետների հետ հանդիպման:

Փոխքաղաքապետ Օհանյանն ասաց, որ կփորձեն հանգիստ հարցը քննարկել, լսել մտահոգությունները, ներկայացնել քաղաքապետարանի մոտեցումները եւ ընդհանուր հայտարարի գալ: «Մենք ձեր կողքին ենք»,-ասաց նա:

varpet6 varpet1 varpet2 varpet3 varpet5

«Ինչ Վերնիսաժը վարձակալական տարածք է դարձել, մենք չենք զգացել, որ մեր կողքին եք»,- չհամաձայնեց Վարդիշաղ Կարապետյանը: Նա նաեւ կոչ արեց ժողովրդական վարպետների հետ վարվել այնպես, ինչպես վարվում են բոլոր քաղաքակիրթ երկրներում, քանի որ իրենք մոռացությունից փրկում են ազգային արժեքները:

«Մեկ գծամետր տարածքի համար 1000 դրամ գին եք դրել, ոչ մի ժողովրդական վարպետ չի կարող այդ գինը վճարել»,-տարակուսանք հայտնեց տիկինը: Մեկ այլ վարպետ էլ զայրացած շարունակեց. « էդպես, որ գնա, մեր տները պետք է գրավի տակ դնենք, որ տարածքի գումարը վճարենք, միայն ձեր գրպանները լցնելու մասին եք մտածում»:

Ժողովրդական վարպետները ներկայացրին, թե ինչ բարդ է մի ծաղիկ անգամ ասեղնագործելը եւ պաշտոնյաներին առաջարկեցին իրենց մոտ սովորելու ուղարկել իրենց կանանց ու աղջիկներին: Նրանք նաեւ պահանջեցին ամենաքիչը 3 գծամետր տարածք Վերնիսաժի՝ իրենց զբաղեցրած նախկին տեղերում, այլ ոչ թե այնպիսի հատվածում, որտեղից հետո վարձակալն իրենց հեշտությամբ դուրս կանի:

Փոխքաղաքապետ Օհանյանը շեշտեց, որ խիստ վերահսկողություն կա Վերնիսաժի տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ, բայց Վերնիսաժի կազմակերպումը օրենքով վերապահված է միայն ՏԻՄ մարմիններին: Նաեւ հավելեց, որ տարածքը բարեկարգելուց հետո էլ վարձակալության պայմանները չեն փոխվելու, Արամի եւ Բուզանդի փողոցները մաքրվելու են, Վերնիսաժը արդիականցվելու է, առեւտուրը կանոնակարգվելու է, ու քաղաքապետարանի կայքում բաց քննարկման է դրված, թե ինչ կարող է այնտեղ վաճառվել, ինչ՝ ոչ: Օհանյանի խոսքով, օրինակ՝ հնամաշ շորեր, կենցաղային քիմիայի արտադրանք, գյուղմթերք չի վաճառվելու:

«Այն տեղերը, որ ձեզ առաջարկվում են, համամիտ չեմ, թե վատն են»,-ասաց փոխքաղաքապետը՝ ընդունելով, որ նախագծված կոնստրուկցիաներն իրոք հարմար չէին վարպետների ձեռքի աշխատանքները ցուցադրելու համար, վստահեցրեց, որ որոշ փոփոխություններ են արվում:

Ժողովրդական վարպետներին մտահոգում էր նաեւ այն հարցը, թե ինչու է քաղաքապետարանի որոշմամբ Վերնիսաժն այժմ կոչվում ցուցահանդես-վաճառքի կենտրոն, ինչը ենթադրում է, որ այդտեղ կարելի է ամեն ինչ վաճառել: Փոխքաղաքապետ Օհանյանն ասաց, որ Վերնիսաժը տարածքի ժողովրդական անունն է, եւ այդ փոփոխությունից վերջինիս բնույթը չի փոխվում:

Ժողովրդական վարպետների անունից հանդես եկող Վարդիշաղ Կարապետյանը Aravot.am-ին ասաց, որ քաղաքապետարանի առաջարկներն իրենց չեն բավարարում, որովհետեւ հավասարաչափ վերաբերմունքի արժանանալը քաղաքապետարանն ու վարձակալը նույնացնում են, դիցուք, արծաթագործի եւ ասեղնագործողի՝ հավասարաչափ գումար վճարելու հետ: «Սա այն դեպքում, երբ արծաթագործը մեկ օրում կարող է վաճառել իր աշխատանքը եւ ստանալ 40000 դրամ, իսկ ես մեկ ամիս ասեղնագործեմ եւ իմ ամբողջ ամսվա աշխատանքի համար ստացած գումարը վճարեմ տեղի վարձ»,-նեղսրտեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ պատրաստվում են դիմել նաեւ մշակույթի նախարարություն եւ կառավարություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031