Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք հանդիպել «Նուբարաշենի» հսկիչին,  մուտքի ոստիկանին,  ճաշարանի աշխատակցին, կալանավորին` ո՞չ». Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 11,2016 14:58

ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել կալանավորների հետ: Մասնավորապես այսօր թույլ չեն տվել ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք գնացել էին տեսակցելու Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց, երեկ նույն արգելքը դրվել է Էդմոն Մարուքյանի առաջ: Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ այսօր իրեն ևս ոչ միայն արգելել են տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամների և այդ գործի հետ կապված մյուս անձանց, այլև իրեն հնարավորություն չի տրվել անարգել շարժվել քրեակատարողական  հիմնարկում:

Aravot.am-ի  հետ զրույցում ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը իրենց` տեսակցությունը արգելելու վերաբերյալ հիմնավորումները համարեց անօրինական ու մանրամասնեց. «Հիմնավորում են, թե կա քննիչի որոշում այս փուլում, երբ գնում է նախաքննությունը, մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների և այլնի` տեսակցության արգելքը: Ստացվում է, որ պատգամավորը մտնում է «և այլն»-ի մեջ: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ պատգամավորը կարող է անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ»:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս հարցով զրուցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ. նա ևս նույն պատճառաբանությունն է բերել: Պատգամավորը վստահեցրեց, որ դիմելու է իր գործընկեր պատգամավորներին, որպեսզի հարցին ընթացք տան, թեև չի կարծում, որ այստեղ օրենքի տարընթերցում կա:  Տիկին Զոհրաբյանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին ու ստացել գրություն նույն հիմնավորմամբ. «Ըստ այդմ` պատգամավորը կարող է անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, դրանով նրա իրավունքներն ավարտվում են: Ասենք, նա կարող է հանդիպել Նուբարաշենի հսկիչին,  մուտքի ոստիկանին,  ճաշարանի աշխատակցին,  բայց կալանավորին` ոչ:  Դա համարում եմ աբսուրդ: Այստեղ ոչ թե օրենքի տարընթերցում կա, այլ կամայական արգելք: Ի՞նչ է նշանակում կարող է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ. ես չեմ գնում «Նուշարաշենի» շենքը նայելու, այն ոչ Էրմիտաժն է, ոչ Վերսալը, ոչ էլ Կոլիզեյը»:

Տիկին Զոհրաբյանը հայտնեց, թե իր տասը տարվա պատգամավորական պրակտիկայում նման դեպք չի գրանցվել, անգամ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի գործերի նախաքննոթւյան ամենապիկ փուլում, մասնավորապես մարտի 1-ի գործով, կարողացել են հանդիպել: Ուստի տիկին Զոհրաբյանը տարակուսում է, թե այդ ի՞նչ ամենազոր քննիչ է, որի որոշումը օրենքից էլ վեր է:

Նաիրա Զոհրաբյանհը նաև տեղեկացրեց, որ իրենց էր դիմել զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի մայրը` ներկայացնելով փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների մասին: Նրան ևս տեսակցել թույլ չեն տվել: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցով հանդիպել են օմբուդսմենին, և համապատասխան խումբը կզբաղվի այդ հարցով. «Պարզվում է` բոլորի վրա նույն ձևաթղթով` միայն անունը փոխված, նույն արգելանքն է դրված տեսակցության մասով: Բայց Տիգրանին այնտեղ պահելը նոնսենս է, այդ մասին տեղեկացրել եմ նաև Աղվան Հովսեփյանին»:

Aravot.am-ը պարզաբանման համար դիմել է նաև ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին: Պատասխանի դեպքում այն ևս կհրապարակենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031