Փաստաբան Արայիկ Պապիկյանը Aravot.am-ին հայտնեց, որ քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում այցելել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին (լուսանկարում):
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը հինգ օր հացադուլ էր հայտարարել՝ խնդրելով կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանին եւ Տիգրան Մանսուրյանին տեսակցել իրեն: Աշոտ Պետրոսյանը Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել է հացադուլը:
«Լավ, բավարար վիճակում է, ե՛ւ սնունդ է ընդունում, ե՛ւ բուժօգնություն է ստանում իր վիճակը բավարար է»,- մեզ հայտնեց Արայիկ Պապյանը: Նրա խոսքերով՝ դատապարտյալների հիվանդանոցը՝ որպես հիվանդանոց, հարմարեցված չէ. «Երկու-երեք օրը մեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից մասնագետները գալիս են եւ բուժօգնություն են ցուցաբերում: Այսինքն՝ ծառայողների, բուժանձնակազմի վերաբերմունքը շատ լավն է, բայց պայմանները, մեղմ ասած, բավարար չեն, հեռու են բավարար կոչվելուց, որովհետեւ չկան նեղ մասնագիտացում ունեցող մասնագեր, չկան հիվանդանոցի սենյակին համապատասխան գույք:
Այդ առումով վիճակը շատ վատ է, որովհետեւ լավ կլիներ, որ ինքը քաղաքացիական հիվանդանոցում բուժումները ստանար, նոր հետո՝ սահմանված կարգով: Պայմանները բավարար չեն, որ Աշոտ Պետրոսյանը բավարար բուժօգնություն ստանա: Այն փաստը, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից են գալիս վիրակապում եւ այլ գործողություններ կատարում, ցույց է տալիս, որ դատապարտյալների հիվանդանոցը չունի այդ հնարավորությունները»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Աշոտ Պետրոսյանի ինքնազգացողությանը՝ փաստաբանն ասաց. «Ինքը շատ կայուն բնավորության տեր անձ է եւ նույնիսկ երբեւէ չի ասում, որ ինչ-որ ցավեր ունի: Չնայած՝ երբ որ նայում ես տեսնում ես վերքերը, բայց ինքը ամուր է, չի դժգոհում: Դե հրազենային վնասվածք է, ամեն դեպքում, որոշ ցավեր կան, բայց ինքը չի բողոքում»:
Արայիկ Պապիկյանը մեզ հայտնեց, որ օգոստոսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում Աշոտ Պետրոսյանի գործով դատական նիստն է լինելու. փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ նրա խափանման միջոցը փոխելու պահանջով:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել րեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ զավթելը եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենք-զինամթերք տեղափոխելը եւ պահելը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ