Քիչ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օգտվելով պատգամավորական իրենց իրավունքից՝ ԱԺ պատգամավորները պնդել են, որ պետք է տեսակցեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց։ Նուբարաշեն քրեակատարողականի պետը, ինչպես նաեւ՝ Քրեակատարողական վարչության ղեկավարությունը հերթական անգամ արգելել է պատգամավորներին տեսակցել կալանավորված անձանց։
Կրկին անգամ ուզում ենք արձանագրել, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի արգելումը օրենքի կոպտագույն խախտում է։
Ավելին, ԲՀԿ պատգամավորներին էր դիմել զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանի մայրը, ներկայացնելով փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների եւ մասնավորապես, խիստ վտանգավոր՝ անշաքար դիաբետի մասով։ ԲՀԿ պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել նաեւ նշյալ հիվանդ կալանավորի հետ։
Նաիրա Զոհրաբյանը դիմել է Օմբուդսմենին՝ Տիգրան Մարգարյանի մասով, Արման Թաթոյանը խնդրել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրել Տիգրան Մարգարյանի հիվանդությունների մասին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, եւ այս պահին երիտասարդ կալանավորի մայրը Օմբուդսմենի գրասենյակում է։
Կարդացեք նաև
Մենք հետամուտ ենք լինելու, որ պատգամավորների՝ կալանավորված անձանց տեսակցելու իրավունքի անօրինական արգելանքը հանվի եւ պատգամավորները, ինչպես եղել է նախկին բոլոր դեպքերում, անարգել կարողանան իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները։
ԲՀԿ մամուլի ծառայություն