Երևանի և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ Հանքավանում օգոստոսի 6-11-ն անցկացվել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Ծրագիրն իրականացվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:
Երևանի քաղաքապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ այցելել են մարզաառողջարանական ճամբար, զրուցել ուսանողների հետ:
Հյուրերը ներկա են գտնվել հավաքի փակման հանդիսավոր միջոցառմանը, հետևել ուսանողների մարզական և գեղարվեստական ցուցադրական ելույթներին:
«Միասնության ուժը» խորագրով հավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 200 ուսանող: Ծրագրի շրջանակում մասնակիցները, հանդես գալով եռագույն ճակատներում, որոնք անվանակոչված էին Մոնթե Մելքոնյանի, Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անուններով, իրենց ուժերն են չափել մարզական, մշակութային և այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
Կազմակերպիչների խոսքով` ուսանողական-երիտասարդական հավաքի հիմնական նպատակը երկրում երիտասարդների միասնության գաղափարը գերակա դարձնելն է:
Հավաքը նվիրվել է ՀՀ անկախության 25-ամյակին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն