Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման սկզբում նախագահներն հանդես եկան ողջույնի խոսքով, որում ներկայացրեցին բավականին «հետաքրքիր» փաստեր:
Մասնավորապես, Ռուսաստանի նախագահն իր խոսքում ասաց, որ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»:
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրվեց 2015 թվականի հունվարի 2-ից: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014 թվականին պետության ՀՆԱ-ն կազմում էր 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2015-ին այդ թիվն էական անկում ապրեց ու հասավ 10,5-ի (գրանցելով ուղիղ 10-տոկոսանոց անկում):
Ավելին, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից:
Կարդացեք նաև
Այսինքն, Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ոչ թե 10 տոկոսով աճել է (ինչպես ասած Վ. Պուտինը), այլ 8 տոկոսով նվազել է:
Ռուսաստանի նախագահի օրինակին վարկյաններ անց հետևեց նաև, Հայաստանի նախագահն, ով հավելեց, որ «վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով»:
Դժվար է ասել, թե ի՞նչ է ի նկատի ունեցել Սարգսյանը, ասելով «6 ամսում»: Եթե 6 ամիսը դա 2016 թվականի առաջին կիսամյակն էր, ապա հուլիսին դեպի ՌԴ մեր արտահանումը իրոք եղել է հունվարից համարյա կրկնակի ավել: Բայց դրա պատճառն ոչ թե տնտեսական աճն է, այլ այն, որ ամեն տարի հունվար ամսվա կեսը Հայաստանի տնտեսությունը «մեռած» է լինում: Եվ անգամ փետրվարին հունվարի համեմատ կարող է 60-70 տոկոսանոց աճ լինել:
Սարգսյանը, հավանաբար, նկատի է ունեցել 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի Ռուսաստան արտահանման աճը: Սակայն այդ աճը պայմանավորված է եղել 2015 թվականին արձանագրված աննախադեպ անկմամբ (որի համեմատ 2016-ին տնտեսությունը «ուշքի եկավ»):
Այնինչ, եթե համեմատենք ԵԱՏՄ-ի անդամակցությանը նախորդող՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՀ-ից ՌԴ արտահանումը աճել է 25 տոկոսով: Սակայն, այդ աճը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականին Ռուսաստանում արգելանքի տակ հայտնված Թուրքական ապրանքները (օրինակ՝ լոլիկը) հաճախ ներմուծվում են Հայաստան և ապա այստեղից արտահանվում են ՌԴ՝ որպես ՀՀ-ում արտադրված:
Այսինքն, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր ռուսաստանցի գործընկերոջ, ընտրել է ավելի լղոզված ու անհասկանալի տերմիններ, որոնք դժվարացնում են խոսքի աներկբա հասկացումն ու դրա իսկության պարզումը: Համենայնդեպս, իր հայտարարությունը ընկալվում է, որպես Հայաստանի տնտեսության շեշտակի աճ, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Հետևապես կարելի է արձանագրել, որ Վլադիմիր Պուտինը ակնհայտ սուտ է տարածել Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին, իսկ Սերժ Սարգսյանը, միաժամանակ, արել է հայտարարություն, որը թեև սուտ չի, սակայն մարդկանց մոտ թյուր ընկալում է ստեղծում Հայաստանի տնտեսության մասին:
Դանիել Իոաննիսյան, Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»