Oգոստոսի 10-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Երգչախմբային արվեստի օրերի» փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայկական ժողովրդական և էստրադային երգերի կատարումներով հանդես եկան Իրանի «Տաթև» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Համիկ Ալեքսանդրյան), Ռուսաստանի «Շողեր» երգչախումբը (խմբավար Ելենա Բեգլարյան), Էստոնիայի «Երազանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Ջաննա Շահբազյան), Եգիպտոսի «Արաքս» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Միհրան Ղազելյան), Վրաստանի «Աղբյուր» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռուզաննա Հովհաննիսյան), Հայաստանի «Գառնի» վոկալ կվինտետը (գեղարվեստական ղեկավար Սոնա Ներսիսյան) և «Ծաղկազարդ» վոկալ անսամբլը (գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյան):
Ելույթ ունեցան նաև անհատ կատարողներ Ռոզա Ցպնեցյանը՝ Ռուսաստանից, Մասիս Մինասյանը՝ Ուզբեկստանից և Վլադիմիր Ահարոնյանը՝ Հայաստանից:
Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր երգչախմբերին, մասնակիցներին և մասնավորապես հայ երգը Սփյուռքում պահպանելու ու տարածելու առաքելությունն իրականացնող ղեկավարներին և խմբավարներին` Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված փառատոնին մասնակցելու, Հայրենիքում իրենց ձայնը միասնաբար հնչեցնելու, մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու համար: Վ. Մելիքյանը նշեց. «Հայ երգը վշտի, թե ուրախության պահին միշտ ուղեկցել է շինականին ու զինվորին, կնոջն ու մանուկին: Այսօր էլ և՛ Հայաստան աշխարհում, և՛ ողջ Սփյուռքում հնչում են կոմիտասյան մեղեդիներն ու հայկական ժողովրդական երգերը, ծնվում են նոր ստեղծագործություններ` սփոփելով ու ոգեկոչելով, արտահայտելով հայի սերն ու կարոտը, ամենանվիրական զգացումները: Եվ եթե հայ երգն օտար ափերում շարունակում է հնչել այսպիսի հրաշալի մանուկների շուրթերից, ուրեմն հավերժ է հայ ժողովուրդն ու նրա մշակույթը:
Շնորհակալություն, սիրելի՛ հայրենակիցներ, որ համաշխարհայնացման այս բարդ ու հակասական ժամանակաշրջանում դուք հայ երաժշտության միջոցով ամենուրեք պահպանում եք ազգային նկարագիրը` նպաստելով հայապահպանությանը: Դուք երիտասարդների ազգային ինքնության, հայ ոգու սերմնացաններն եք, և այսօր մենք վայելեցինք ձեր աշխատանքի պտուղները: Փառատոնի օրերին դուք Հայրենիքից ստացաք նոր ստեղծագործական լիցքեր, ուժ ու կորով: Մաղթում եմ, որ ձեր բոլոր մտահղացումներն ու ծրագրերը իրականություն դառնան և հայ երգը հնչեցնեք նորանոր բեմերում` որպես մեր հաղթանակների ու ձեռքբերումների, Սփյուռքում հայ մշակույթը պահպանելու և զարգացնելու վկայություն»:
Երգչախմբերի ղեկավարներին հանձնվեցին փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ