«Ամեն թուրքերից ավելի վատթար են մեր ներքին թուրքերը»: Մոտ 30 տարի Գարեգին Նժդեհի այս արտահայտությունը ես կարդում եմ «վերակառուցված խորհրդահայ», իսկ այնուհետեւ` անկախ Հայաստանի լրատվամիջոցներում: Ընդ որում, ենթադրվում է, որ Նժդեհի այդ արտահայտությունն այնքան իմաստուն է եւ այնքան, այսպես ասած, ունիվերսալ, որ մշտապես կիրառելի է կյանքի բոլոր հանգամանքներում: Օրինակ՝ որեւէ հավատավոր հանրապետական կարող է եզրակացնել, որ «ներքին թուրքերը» արեւմտյան դրամաշնորհներ ստացողներն են եւ այդպիսով «երկիրը քանդողները»: Մյուս կողմից՝ ես կարող եմ «ներքին թուրք» համարել կաշառք պահանջող մաքսավորին կամ թաղապետարանի աշխատակցին: Իշխանությունը (որի տեսանկյունից Նժդեհը կոմունիստների, Լենինի նման մի անձնավորություն է) գտնում է, որ «ներքին թուրքերը» ընդդիմադիրներն են: Ընդդիմությունը, բնականաբար, ճիշտ հակառակն է կարծում` «ներքին թուրքը» ժողովրդին հարստահարող իշխանությունն է, սակայն՝ ոչ միշտ, այլ միայն այն պահից, երբ իրենք դադարել են իշխանություն լինելուց, որովհետեւ իրենք չէին հարստահարում:
Ինչի՞ համար է մեզ այսօր պետք այդ բնորոշումը: Մենք չենք ասում, չէ՞, «ներքին ռուս» կամ «ներքին եզդի»: Հավանաբար, խոսքն այնպիսի «ներքին թշնամու» մասին է, որը «թուրքից էլ վատն է» (եւս մի քաղաքական կլիշե, որը 90-ականներին հաճախ էր կիրառում Արշակ Սադոյանը), եւ որին, ըստ ամենայնի, պետք է ոչնչացնել: Որովհետեւ մեր գիտակցության մեջ «թուրքը» ոչ թե ազգություններից մեկն է, այլ մի էակ, որն օժտված է բոլոր հնարավոր եւ անհնարին բացասական գծերով` արյունարբու է, նենգ եւ դաժան: Ցավոք սրտի, «թուրքի» ռացիոնալ, ոչ առասպելական ընկալումներին մենք դեռ չենք հասել:
Հետեւաբար այսօր «ներքին թուրքերը» ՀՀ քաղաքացիներ են, ներքին թշնամիներ են, որոնց պետք է ատել եւ ոչնչացնել, որովհետեւ նրանք «ծառայում են չարիքին»: Մինչդեռ նրանք, ովքեր ոչնչացնում են նրանց, «ծառայում են բարիքին»: Մնում է սահմանազատել «ներքին ազգասերներին» «ներքին թուրքերից», լուծել վերջիններիս հարցերը, որից հետո «ներքին ազգասերները» կսկսեն իրար սիրել եւ փաղաքշել:
Իրականում անգամ արտաքին թշնամուն (ես գերադասում եմ «հակառակորդ» բառը) հաղթելու համար պետք չէ նրան ատել: Պետք է ոչնչացնել նրա մարդուժը, զինտեխնիկան, տնտեսական ենթակառուցվածքները, եթե պետք է` նաեւ բնակավայրերը: Բայց դա անհրաժեշտ է անել սառնասրտորեն, առանց էմոցիաների եւ այն մասշտաբով, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար: Պատերազմը, որը շուտով վերսկսվելու է, սառնասրտություն է պահանջում:
Կարդացեք նաև
Գարեգին Նժդեհն, իհարկե, հայրենասեր մարդ էր եւ իսկական հերոս, բայց պարտադիր չէ, որ նա բոլոր հարցերում ճիշտ լինի, եւ նրա բոլոր մտքերն արդիական լինեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի տղա ունեք խմբագրությունում, որ սովորաբար ֆիզկուլտուրիկների մասին է գրում: Շատ հաճախ չի էլ հասկացվում, ո՞ր մարզաձևի մասին է, որտե՞ղ է կայացել մրցամարտը, ի՞նչ եղավ: Հիմա նա էլ է քաղաքական բաներ գրում`մեծ հետույքների, մարդկային մտքի ելևէջների և այլ կարևոր բաների մասին: Ասածս ինչ է,` էս դժվար պահին, երբ դուք համոզված եք, որ պատերազմը շուտով վերսկսելու է, էս ի՞նչ եք գրում: «Ամեն թշնամուց ավելի վատթար են մեր ներքին թշնամին» պարզ ու պրիմիտիվ միտքն ի՞նչ եք քննարկում: Երևի ներքի թշնամի չկա՞: Մանրամասն ցուցակը հայտնե՞մ:
Հակառակորդը սպորտում է լինում եւ նրան չեն ոչնչացնում, չեն սպանում: Իսկ եթե մեկին պատրատվում ես ոչնչացնել, կամ եթե նա է պատրաստվում քեզ ոչնչացնել, ապա դա հենց թշնամություն է: Թշնամություն է նաեւ, եթե այդ երեւույթը տեղի ունի նույն ազգի ներսում: Այնպես որ նույն ազգի ներսում (անունը պայմանականորեն թուրք դնենք, ինչպես ասել է Նժդեհը, եւ այս հարցում նա բացարձակապես ճիշտ է) նույնպես կա թշնամություն, որն անմիջականորեն կապված է տվյալ անձի գործողությունների հետ: Մեր պարագայում, ցավոք, նման գործողություններ հիմնականում կատարում են պետական լծակները տնօրինող կամ դրանց շատ մոտ կանգնած մարդիկ: Սա էլ Ձեզ մեր ներքին թուրքը: Իսկ Դուք ասում եք ներքին թուրքեր չկան:
Մի հինգ օր առաջ Բեռլինում մի թուրք խանութպանից ճամպրուկ էի գնում, և քանի որ իր գերմաներենը իմից մի քիչ էր թույլ, բավականին երկար ՛՛զրուցեցինք՛՛ ճամպրուկի որակի, ծավալի և հարմարության մասին: Երբ արդեն վճարում էի, այդ մարդը չկարողացավ զսպել իր հետաքրքրությունը և անուղղակի հարցի միջոցով փորձեց պարզել, թե որտեղացի եմ. ՛՛Reisen Sie?” / Ճամփորդո՞ւմ եք /
Այո՛, ասացի, ես Հայասատանից եմ: / Ja, ich komme aus Armenien. /
Ա՜, Էրմանիստա՜ն, բացականչեց թուրքը և ինձ համար անսպասելի կերպով գլուխը կախեց…
Նժդեհը, անշուշտ, մշտապես լինելով կենաց-մահու պայքարի մեջ, ներքին թուրք ասելով նկատի ուներ բոլորովին այլ մարդկային տիպ՝ այն թուրքին, որի համար հայրենասիրությունը հայ սպանելն է, կամ գոնե հային ծանր վնաս պատճառելը:
Ես ևս գտնում եմ, որ նույնիսկ Նժդեհի պես մեծ հայը անսխալական լինել չի կարող, սակայն նրա ներքին թուրք բնորոշումը կմնա արդիական այնքան ժամանակ, քանի դեռ կա համաթուրքական վտանգը և ընչաքաղցությունից կուրացած իշխանավորն ու կերակրատաշտի վկաները:
Ըստ իս՝ ներքին թուրքը յան վերջածանցով ազգանուն կրող մարդկային այն մուտացիան է, որն իշխանության է գալիս իր երկրի և ազգի առաջընթացի ու ապահովության մասին լոլոներ կարդալով, սակայն աթոռը զավթելուց հետո կատարում է քայլեր, որոնք միտված են միայն իր և իր մերձավորների իշխանական դիրքերի ամրապնդմանը և նեղ շահերի սպասարկմանը, ինչն էլ երկիրը հետևողականորեն տանում է կեղեքման, բարոյալքման և ի վերջո՝ լքման, ինչին ականատես ենք այսօր:
Իմ պատկերացմամբ՝ ներքին թուրքը լիովին համապատասխանում է ”мусор” կատեգորիայի ոստիկանի կերպարին, որը լինելով բարոյազուրկ բառի լայն իմաստով, մինչև արմունկները թաթախված է կեղտի և արյան մեջ:
«Թուրքը» այդ արտայայտութեան մէջ գործածուած է պարզապէս որպէս «թշնամի»ի հոմանիշ, որպէս հասարակ գոյական: Լեզուական դարձուածք մը՝ որ կրնայ հիմնավորուիլ այն պատմական եւ առարկայական իրողութեամբ որ, անմիջական գիծի վրայ, եւ բազմաթիւ դարեր շարունակ, թուրքերը – իրենց հաւաքական ընդհանուր ինքութեամբ կամ նշանակալից մեծամասնութեամբ – հանդիսացած են հայերու եւ հայութեան թշնամիները:
Այս բանավէճի հետաքրքրական մասը ուրեմն այն է թէ՝ արդեօք կա՞ն, կարո՞ղ է որ գոյութիւն ունենա հայութեան – գիտակցաբար – թշնամի հայորդիներ…
Մնացեալը արդէն «politically correct» կոչված ներկայ ժամանակների յատուկ մտային բռնատիրութեան երեւոյթն է, կամ ել կ’իյնանք արդէն դաւադրական բարդածանց կամ զարտուղի տեսութիւններու մէջ, ըստ որոնց խորքին մէջ թուրքերը հայերուն թշնամին չեն, այլ… սա.. նա… չգիտեմ ինչ…
Այն ինչ որ աւելի յստակօրէն ափսոսալի է, սակայն, կարգ մը հայերի անմիտ հակումն է, յուզական ծայրահեղ պոռթկումներու մէջ, հայեր – կամ հայերի վարքագիծը -նոյնացնել թուրք մասնայատուկ դերակատարներու – կամ թուրքերի կողմէ գործուած մասնայատուկ արարքներու – հետ ՝ Հայաստանի Նախագահը Թալաաթ է, կառավարութիւնը հայոց ցեղասպանութիւն է գործադրում, եւայլն. Մինչդեռ եթէ մի պահ, մի քիչ մտածենք, հեշտօրէն պիտի անդրադառնանք թէ այս թեթևսոլիկ եւ զզվելի չափազանցութիւնները առաջին հերթին նախատինք են՝ նիւթի առարկայ մեր բառացի մարտիրոսների նկատմամբ: Բայց ո՞վ տրամադրութիւն ունի մտածելու…
Նոյն դիտանկիւնից, «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախօսը այդ հիւանդագին շեղումի ցայտուն մի օրինակն էր: Եւ տեսանք թէ ան ուր հասցուց մեզ…
Զիս կանխող չորս անձերու տեսակէտները կը բաժնեմ ; Չեմ կարծեր որ Նժդեհ չէր գիտեր թուրքը “Ներքին թուրքէն ” զանազանել- դժբախտաբար կան ներքին թուրքեր որ իրենց անսահման ընչաքաղցութեամբ օրէ օր երկիրը կը քանդեն այնպիսի կատաղութեամբ որ ոչ մէկ տարբերութիւն ունին ազէրիներէն և թուրքերէն ; Ներքինները իրենց աւերիչ գործին համար արդարանալի պիտակներ և օրէնքներ ստեղծած են որոնց դէմ բողոքողը կը դառնայ “դաւաճան”
միւսներու դէմ ժողովուրդը ոտքի կ`ելլէ իր ունեցած բոլոր միջոցներով Չորս օրուայ ընթացքին դուրս շպրտելու…Մինչ Նժդեհի ակնարկած ներքինները այնքան խոր արմատներ ունին որ երկիրը սկսած են պարպել իր հարազատ ժողովուրդէն; Համոզուած եմ որ Նժդեհ լիուլի իրաւունք ունէր;
Վատ պարողի համար արտաքին թե ներքին թշնամին կամ էլ վատ կառավարությունը խանգարիչ հանգամանքներ են, իսկ լավ պարողը ինքն է դառնում խանգարիչ հանգամանք արտաքին թե ներքին թշնամու ու էդ վատ կառավարության համար: Մեզ հաջողակ, այսինքն՝ լավ պարողներ են պետք, որոնք մեզ կսովորեցնեն գլխացավանք դառնալ մեր արտաքին թե ներքին թշնամու կամ էլ վատ կառավարության համար:
Հարգելի Լավատես, արտաքին թշնամու համար գլխացավանք կարող է եւ դառնալ նույն այդ «ներքին թուրքը»: Իսկ եթե այդ «ներքին թուրքը» պետական լծակները տնօրինողն է, դու ինչքան էլ ուզում ես լավատես եղիր ու մարտնչիր, շանսերդ գրեթե 0 են նրան գլխացավանք դառնալու համար: Նա վարչարարությամբ քեզ կոչնչացնի ու վերջ:
Շնորհակալություն արձագանքելու համար:
Մենք ունենք հայոց քաղաքացիներ գումարած հայոց Սփյուռք, որոնք իրենց խելք ու շնորհքով ու փողով կարող են արդյունավետ մրցել բոլոր այն տիկնիկավարների հետ, որոնք կառավարում են մեր պետական լծակները տնօրինողին, մնում է միավորվել ու ուժ դառնալ, դա էլ կարելի է անել ժամանակակից ցանցային ծրագրավորման ու կառավարման միջոցներով: Այդ միջոցներով հասնում ենք եռանդի ու ժամանակի փոքրագույն ծախսին, որն էլ ամենազոր Աստծու գործելաոճն է 🙂 :