Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ չէ, որ մենք ծրագրերից դուրս ենք մնում»

Օգոստոս 11,2016 15:00

Ըստ ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Վլադիմիր Կարապետյանի՝ ի հեճուկս Ադրբեջան-Իրան ծրագրերի, մենք ունենք ուրիշ «առաջընթաց»՝ հերթական անգամ Հայաստանը շրջանցելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ի հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ուղերձով դիմեց ժողովրդին եւ խորհրդարանին՝ խոստանալով. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել: Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Մեր գերնպատակը պետք է լինի վերելք ապրող Հայաստանը»:

Սերժ Սարգսյանն իր այդ ուղերձում հայկական հրաշքի բանաձեւ առաջարկեց՝ օրինակ բերելով, թե ինչպես չինացի ծանրորդը համաշխարհային ռեկորդի հասավ՝ բարձրացնելով իր ողջ կյանքի համար ամենածանր քաշը. «Կարծում եք՝ մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը… Ողջ գաղտնիքը մարդկային գիտակցության մեջ էր: Համոզված եմ` հայկական հրաշքի բանաձեւն էլ նույնն է»:

Մինչ այս տարիներին մենք հրաշքների ենք սպասում, Ադրբեջանը Իրանի ու ՌԴ-ի հետ իր ծրագրերն է հաստատում, ձեռք բերում համաձայնագիր՝ կառուցելու 172 կմ երկարությամբ Ադրբեջան-Իրան երկաթգիծ:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հիշեցնելով Սերժ Սարգսյանի վերը նշված խոստումը՝ ասաց, որ շատ կուզենար իշխանությունների բացատրությունները լսել. «Կուզենայի լսել բացատրություն՝ ինչո՞ւ դա չի կառուցվում, ինչո՞ւ չկա առաջընթաց, եւ ինչո՞ւ դրա փոխարեն մենք ունենք ուրիշ «առաջընթաց»՝ հերթական անգամ Հայաստանը շրջանցելու ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ «Առաջին անգամ չէ, որ մենք ծրագրերից դուրս ենք մնում: 98-ից սկսած՝ մենք ոչ մի տարածաշրջանային նշանակալի տնտեսական ծրագրերում չկանք, եւ դա այն գինն է, որ մենք վճարում ենք այն քաղաքականության համար, որն իրականացրել են այս տարիների ընթացքում: Որքանով է այն համահունչ միջազգային արդի զարգացումներին. հերթական անգամ մենք ականատեսն ենք, թե ինչպես են շրջանցում Հայաստանը: Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նման՝ այս մեկը նույնպես ունի ընդգծված քաղաքական բովանդակություն. եթե առաջինը կառուցվում է ի հակադրումն Կարս-Գյումրի երկաթգծի բացման, այս մեկն էլ արժեզրկում եւ տնտեսապես հարվածում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը:

Ադրբեջանի այս ակտիվությունը պայմանավորում եմ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակով եւ բուն բանակցություններով, եւ կարծում եմ, որ նաեւ կապ կա նման ծրագրեր հռչակելով՝ «անուղղակի» լրացուցիչ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա»:

Մեր դիտարկմանը՝ այս տարիներին Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված իշխանություններն անընդհատ իմիտացիա են ստեղծում, որ բանակցությունների մեջ են, ծրագրեր են կազմում, բայց մենք կարծես հետ ընկանք՝ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց. «Ձեր խոսքերը շատ մեղմ են, մենք ոչ թե հետ ընկանք, այլ մենք ոչ մի բան չենք արել այս ուղղությամբ: Ավելին՝ գալով երկկողմ հարաբերություններին՝ հիշեցնեմ, որ Իրանի նոր ղեկավարի ընտրությունից հետո անցան տարիներ, բայց պատասխան այց չի եղել Հայաստան»:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի՝ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում իշխանությունների կողմից:
Թե ինչու են նախընտրում Ադրբեջանին եւ ոչ թե մեզ՝ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մենք լավ առաջարկ չենք ներկայացրել, մենք չենք դիտարկվում որպես հուսալի գործընկեր: Ինչո՞ւ պետք է Հայաստանը այս աստիճան անտեսվի մեր գործընկերների կողմից, եւ ինչո՞ւ պետք է մեր հակառակորդին ավելի շահավետ տարանցիկի առաջարկ ներկայացնեն՝ հարկ է լսել իշխանությունների բացատրությունները: Մենք էլ համապատասխան հետեւություններ կանենք՝ հատկապես, եթե այդ բացատրությունները չլինեն»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

10.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031