Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը խոսում են «հայրենասիրության» մասին

Օգոստոս 11,2016 14:30

Այնինչ քաղաքականության հիմքում պետք է լինի Մարդը

Հարցազրույց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ:

– Պարոն Ենոքյան, վերջին օրերին իրավապահներ են հեռացվում իրենց պաշտոններից: Ինչի՞ մասին են վկայում պաշտոնանկությունները: Հասարակության սպասելիքնե՞րն են փորձում արդարացնել, թե՞ իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել:

– Կարծում եմ՝ սա վկայում է իշխանության ծայրահեղ անպատասխանատվության մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ամենաարժեքավոր բանը, որ Սերժ Սարգսյանն ունի, կառուցած բուրգն է, եւ նա որեւէ կերպ թույլ չի տա, որ այդ բուրգը սասանվի, ճեղքեր ունենա: Այս առումով նա փայփայում եւ գուրգուրում է բուրգը, ինչը, ի դեպ, որեւէ կապ չունի Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստան պետության հետ, դա նրա սեփական բուրգն է, սեփական իշխանությունն է:

– Գուցե նաեւ մի քանիսին քավության նոխազ դարձնելու քաղաքականությո՞ւն է:

– Մի քանի մարդու քավության նոխազ դարձնելը, իհարկե, ոչինչ չի նշանակում, քանի որ նրանք բուրգի կարեւոր մասեր չեն, նրանց կարելի է հանգիստ փոխարինել ուրիշներով:

– Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարակա՞նը:

– Կոստանյանի հրաժարականը երեւի թե մի փոքր բացառություն է, որովհետեւ, ըստ էության, ասվեց, որ նրան կտրվի մեկ այլ պաշտոն, այսինքն՝ նա նույնպես համարվում է բուրգի անփոխարինելի մաս: Այս դեպքում, հավանաբար, ներքին ինտրիգներ են, որոնց արդյունքում Կոստանյանը կտեղափոխվի այլ պաշտոնի:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը

Այստեղ մեկ կարեւոր բան պետք է նկատել՝ ինչքան Սերժ Սարգսյանն ուժեղացնում է իր բուրգը, այնքան թուլանում է պետությունը, այսինքն՝ մենք ունենք իշխանություն, բայց թույլ պետություն: Դա պայմանավորված է նրանով, որ բուրգն ուժեղացնելով` այն կտրվում է երկրից ու քաղաքացիներից, եւ այս առումով բուրգը որեւէ կերպ չի արտահայտում պետության շահերը, իսկ դա նշանակում է` թույլ պետություն է:

– Սերժ Սարգսյանը վերջերս իր ելույթում խոսեց երկրում առկա խնդիրների «լուծումներն արագացնելու» անհրաժեշտության մասին՝ նշելով. «Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո», ու վստահեցրեց, որ ընդամենը ամիսներ անց ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն: Կարելի՞ է ենթադրել, որ ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, կարվեն, օրինակ` կառավարության փոփոխություն, թե՞ այս իրավիճակը կպահպանվի:

– Այս իրավիճակը կշարունակվի: Նախ` մենք սովոր ենք նրան, որ Սերժ Սարգսյանի խոսքերը չեն համընկնում գործի հետ: Երկրորդ` Սերժ Սարգսյանը շատ հզոր է իմիտացիոն գործունեության մեջ: Այսինքն՝ նա կստեղծի մի բան, որն իր համար կկոչվի ազգային համաձայնության կառավարություն, որը որեւէ կապ չի ունենա ազգային համաձայնության հետ: Ի վերջո, հասարակությունն այնքան է մասնատված, որ շատ դժվար է հասկանալ, թե ազգային համաձայնությունը ինչ է, ինչ են ցանկանում քաղաքացիները: Այնպես որ՝ նույնիսկ ամենաբարի ցանկությունների դեպքում Սերժ Սարգսյանը չի կարող ստեղծել այդ ազգային համաձայնության կառավարությունը:

Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ չկա քաղաքական դաշտ: Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտն ամբողջովին վերացրել է` ընդդիմադիրներին կա՛մ գնելով, կա՛մ մեկին պաշտոն տալով, մյուսին` բիզնես, մյուսին` խոստում, իսկ մյուս մասին պարզապես ոչնչացրել է, դուրս է մղել քաղաքական դաշտից: Սա նշանակում է, որ քաղաքացիներն արտահայտվելու համար չունեն քաղաքական ասպարեզ։ Ի դեպ, ցավոք, մեր նոր Սահմանադրությունն այնպիսին է, որ միայն քաղաքական կուսակցություններն են ունենում գործելու հնարավորություն, իսկ նրանք հիմա կամ գոյություն չունեն, կամ Սերժ Սարգսյանի գրպանում են:

Երբ Սերժ Սարգսյանն ամայացնում էր քաղաքական դաշտն ու իր համար ստեղծում էր քաղաքական ուժեր` նա պարզապես մի կարեւոր, բնական սկզբունքի էր դեմ գնում, դա հավասարակշռության սկզբունքն է: Այսինքն՝ հիմա մի նժարանի, մի առանցքանի պետություն է, մինչդեռ ասվել է, որ մեր երկրում ժողովրդավարություն է, դա ասվել է անգամ Սերժ Սարգսյանի կողմից, եւ եթե անգամ չասվեր էլ, հասարակությունը ցանկանում է իր իրավունքները, այսինքն՝ կամա, թե ակամա նա պետք է ձեւավորի այլ տիպի բեւեռներ, այլ տիպի ուժեր՝ թեկուզ այնպիսի արտառոց արտահայտությամբ, ինչպես «Սասնա ծռերն» են: Հավասարակշռության սկզբունքը բնության սկզբունք է, որը Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի կամ այլ ճարպկամիտ միջոցներով չի լինում հաղթահարել։

– Պարոն Ենոքյան, Հայաստանի անկախացումից 25 տարի անց հայտնվեցինք մի իրավիճակում, երբ պարզվեց, որ հասարակության մի մասն արդարացնում է բռնությամբ հարցեր լուծելը, իսկ ովքեր անընդունելի էին համարում «Սասնա ծռերի» պայքարի ձեւը` զենքով քաղաքական պահանջներ ներկայացնելը, նրանք անմիջապես կապվում են իշխանության հետ: Ինչո՞ւ, այսքան տարիների ընթացքում մեր հասարակությունն այնքան չի՞ զարգացել, թե՞ իշխանության նկատմամբ մեծ անվստահությամբ է բացատրվում այս իրավիճակը:

– Մենք այս ընթացքում զարգացրել ենք մի կարեւորագույն կատեգորիա, որը կոչվում է «հայրենասիրություն»: Դա այն կատեգորիան է, որն արդարացնում է ամեն ինչ: Այսինքն՝ եթե ինչ-որ բանի անունը դնում ես «հայրենասիրություն», դրա տակ ինչ ասես՝ կարող ես անել, ընդհուպ մինչեւ ահաբեկչություն: Այս կատեգորիան լուրջ զարգացում ապրեց Ռոբերտ Քոչարյանից հետո, երբ պետք էր ամեն ինչ խառնել իրար, իսկ երբ որ ամեն ինչ խառնում ես, անունը դնում ես «հայրենասիրություն»:

«Հայրենասիրությունը» շատ հաճախ նույնացվում է հողերի հետ, եւ վերջին ընթացքում մենք տեսանք, որ հողերը սկսեցին չափել արդեն որպես «հայրենասիրության» կատեգորիա: Սերժ Սարգսյանը հողերը չափում էր հեկտարներով, Ժիրայր Սեֆիլյանը «հայրենասիրությունը» չափում էր քառակուսի մետրերով: Այսինքն՝ մենք հանգեցինք նրան, որ «հայրենասիրությունը» եւ հողը իրար հավասար կատեգորիաներ դարձան:
Քանի որ «հայրենասիրությունը» համընդգրկուն, շատ հզոր հասկացություն է, ոչ ոք չի ցանկանում այդ թրենդից դուրս գալ, եւ դա է պատճառը, որ ե՛ւ իշխանություններին մոտ շրջանակները, ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ ակտիվիստները, ե՛ւ անգամ մարդու իրավունքների պաշտպանները մեծ դժվարություն ունեն խոսելու այս դեպքում մարդկանց մասին, նրանք հիմնականում խոսում են «հայրենասիրության» մասին:

Աշխարհում կա մեկ այլ կարեւոր կատեգորիա, որի վրա հիմնված է քաղաքականությունը: Դա մարդն է: Մեզ մոտ եթե խոսում ես մարդու մասին, քաղաքացիների մասին` դառնում ես ինչ-որ անհասկանալի հումանիստ, որը շատ հաճախ Հայաստանում չեն ընդունում, դրա փոխարեն ընդունում են հողը:

– Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, խորհրդարանական ընտրություններից առաջ նոր քաղաքական ուժեր կձեւավորվե՞ն այն անհատների կողմից, որոնք այսօր հարթակում աջակցում են «Սասնա ծռերին»:

– Այնուամենայնիվ, «Սասնա ծռերի» արարքի մեջ կամ մինչ այդ Նախախորհրդարանի գործունեության մեջ քաղաքական բովանդակություն չկար, քաղաքական խնդիր չէր դրվում, քաղաքացիական անհնազանդության խնդիր էր դրվում` անհասկանալի էր, թե ինչու: Խնդիր չէր դրվում իշխանության մարմիններ ձեւավորելու, այլ դրա փոխարեն խնդիր էր դրվում` իշխանություններին հասկացնելու: Այս ուժերի գաղափարախոսությունն այն մասին է, որ ընտրություններ չպետք է լինեն, քաղաքական մեխանիզմներ չպետք է աշխատեն: Նրանց քաղաքական ուժ անվանելը դժվար է, սա պարզապես ուժի վրա հիմնված կառույց է, անունն ինչ ուզում եք, կարող եք դնել` ահաբեկչական, զինյալ կառույց, որը հիմնվում է մեկ հիմնական գաղափարի վրա, ինչը մեր դեպքում բովանդակազրկվել է, բայց կոչվել է «հայրենասիրություն»:

– Պարոն Ենոքյան, բավական անսպասելի կամ արհեստականորեն «Սասնա ծռերն» իրենց քննադատության սլաքն ուղղեցին ընդդեմ Ռուսաստանի, «ապագաղութացման» մասին սկսեցին խոսել: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Սա իսկապես հետաքրքիր էր, որ այսքան տարիների ընթացքում Նախախորհրդարանի գործունեության մեջ առաջին անգամ քաղաքական տեքստ հայտնվեց: Ընդդեմ Ռուսաստանի չէր խոսվել նրանց ոչ մի հանրահավաքում, ՌԴ-ի դեմ չէր խոսվում «Սասնա ծռերի» զինված գործողության օրերին` մինչեւ վերջին օրը: Մի քանի պատճառներ կարելի է բերել: Կարծում եմ՝ նրանք վերջին օրերին հասկացան, որ զինված գործողությունից հետո Ռուսաստանը կտրուկ հանդես եկավ նրանց դեմ` կոչ անելով իշխանություններին անմիջապես սկսել նրանց չեզոքացնելու օպերացիան, մյուս կողմից, իհարկե, նրանք ցանկացան այս ամենի մեջ դնել քաղաքական բովանդակություն, եւ երրորդը` առաջին անգամ խոսելով քաղաքական տեքստով՝ այս գործողությունից նրանք թողեցին մի լուրջ բիծ` թույլ տալով հնչեցնել ենթադրություններ, թե իբր այս ամենը կազմակերպված էր Արեւմուտքի կողմից:

Մինչդեռ իրականում մենք տեսնում ենք, որ «Սասնա ծռերի» գործողություններից շահում են զուտ Ադրբեջանն ու Ռուսաստանը, քանի որ մի կողմից՝ թուլանում է Սերժ Սարգսյանը, մյուս կողմից՝ թուլանում է Հայաստանի Հանրապետությունը, եւ նրա հետ շատ ավելի հեշտ է խոսել: Մյուս կողմից՝ անլուրջ է անգամ այն արգումենտները, թե` ահա, Սերժ Սարգսյանի առաջ հայտնվեց լուրջ ընդդիմախոս, եւ նա բանակցություններում կարող է ցույց տալ, թե` տեսեք, արմատական դիրքերից հանդես եկողներ կան, բայց նրանց բոլորին Սերժ Սարգսյանն արդեն ձերբակալել է, արդեն չկա այդ ուժը:

– Բայց հասարակական ընկալում կա, եւ հստակ ընդգծվեց, որ ոչ մի զիջում չպետք է թույլ տալ: Դա ձեռնտու չէ՞ Սերժ Սարգսյանին:

– Հասարակական այդ պահանջի վրա, կարծում եմ, կձեւավորվի քաղաքական ուժ, արդեն դրանց անունը տրվել է` «800 հեկտարի ակումբ», որը ընտրություններում հանդես կգա հենց այդ լոզունգով, այսինքն` մաքուր «հայրենասիրական»` առանց մարդկանց, եւ դա Սերժ Սարգսյանի համար կարող է խնդիր լինել: Բայց քանի որ դրանք առայժմ մարգինալ ուժեր են, չունեն լուրջ ներկայություն Հայաստանի քաղաքական դաշտում, Սերժ Սարգսյանը դեռ չունի նման արգումենտ, որպեսզի ցույց տա իր հետ բանակցողներին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031