Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի հոբելյանական փառատոնին հրավիրված են ոչ միայն նոր անուններ, այլեւ մի ամբողջ նվագախումբ

Օգոստոս 11,2016 13:30

Հայաստանում մշակույթի տարբեր ոլորտներում անցկացվող ավանդական, այս դեպքում՝ երաժշտական միջազգային փառատոներից հետո մասնագետները եւ հանդիսատեսը իրավամբ փաստում են, որ հաճախ փառատոնային ծրագրերում կրկնվում են ոչ միայն հրավիրված երաժիշտները, այլեւ ստեղծագործությունները: Ոմանք դա ուղղակիորեն կապում են ոչ բավարար ֆինանսական միջոցների հետ, նշելով, թե, ասենք, նույն երաժիշտը, նույնիսկ ճանաչված, մեկ-երկու անգամ հրավիրված լինելով նույն փառատոնին, երրորդ անգամ նա կարող է հոնորարային զեղչ անել կամ ելույթ ունենալ առանց վճարի:

Մասնագետների մի մասն էլ տարակուսանք է հայտնում՝ կարելի է, չէ՞, նույն երաժշտին հրավիրելու դեպքում գոնե այլ գործ մատուցել: Ծավալվող խոսակցությունների, դժգոհությունների առանցքում հայ կոմպոզիտորների երկերին համարյա չանդրադառնալն է:

Արդեն երեւանյան որոշ թատրոններ եւ երաժշտական կոլեկտիվներ հայտագրերի միջոցով ծանոթացնում են իրենց գալիք շրջանի նոր ծրագրերին: Առաջինը հանդիպեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հայտագրին, ինչից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 26-ը ՀԱՖՆ-ն կանցկացնի իր հոբելյանական 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

10-fest-banner-340x250-1
Հանդիպեցինք ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Նա շատերին մտահոգող թեմայի վերաբերյալ էլ ասաց. «Կոնկրետ ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից նախկինում անցկացված փառատոների ժամանակ մեկ-երկու անգամ կրկնվել են հրավիրյալ երաժիշտները, բայց դրանք ոչ միայն ճանաչված էին, այլեւ իսկապես աշխարհահռչակ… Հոբելյանական այս փառատոնին, որի աշխատանքներն սկսել ենք նույնիսկ նախորդը դեռ չավարտած, կմասնակցեն անվանի երաժիշտներ, որոնք առաջին անգամ են հանդես գալու Հայաստանում: Օրինակ, ուկրաինացի ալտահար Անդրեյ Վիյտովիչը, գերմանացի երաժիշտներ, ջութակահար Վիվիան Հագները, դիրիժոր Դմիտրի Յուրովսկին, թավջութակահար Յան Ֆոգլերը, ռուս թավջութակահար Բորիս Անդրիանովը եւ այլն: Վերջապես մի քանի տարի տեւած բանակցությունների արդյունքում փառատոնային օրերին միացյալ հանդես կգան մեր եւ Ենայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ ղեկավարությամբ Ենայի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Մարկ Թարդյուի»: Տիկին Սիրունյանը հավելեց նաեւ, թե հրավիրված են մեր հանդիսատեսին ծանոթ անուններ եւս, օրինակ՝ գերմանաբնակ դաշնակահար Լուսինե Խաչատրյանը, Լեւոն Չաուշյանը, որը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ հանդիսանում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը, դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, ճապոնացի ջութակահար Դայշին Կաշիմոտոն, դաշնակահար Վահագն Պապյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը… եւ իհարկե՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի որոշ երաժիշտներ, որոնք հրավիրված իրենց կոլեգաների հետ հանդես կգան կամերային համերգներով:

Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորներին անդրադառնալուն, տիկին Սիրունյանը հայտնեց, որ ի թիվս ոչ հաճախ հնչող այլ երկերի, կներկայացնեն Ջիվան Տեր-Թադեւոսյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոնստանտին Օրբելյանի սիմֆոնիաները: «Առաջին փառատոնից սկսած՝ մենք նաեւ չենք մոռանում մեր դասական կոմպոզիտորների հոբելյանները: Այս տարի մի երեկո կնվիրենք Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին: Իհարկե, ունենք նաեւ երաժշտական անակնկալներ, որոնք հայտագրի վրա նշված չեն, բայց վստահ ենք, որ նոր լիցք կտան հանդիսականին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե փառատոնին առաջին անգամ հրավիրված ճանաչված անուններից կարելի է եզրակացնել, որ մեծ հոնորարների մասին է խոսք գնում, Ռուզաննա Սիրունյանը միայն հիշեցրեց, որ ի սկզբանե փառատոնը անցնում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ իրենց կողքին է «Վիվա Սել-ՄՏՍ-ը» եւ, իհարկե, մշակույթի նախարարությունը:

Առաջին անգամ փառատոնային երեկոներից մեկը կկայանա Ստեփանակերտում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝
Փառատոնին
մասնակից
երաժիշտները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երեւի խոսքը գնում էր ոչ Լեւոն Չաուշյանի,այլ նրա որդու,թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մասին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031