Առաջին օգնություն երեխաներին.
հանկարծահաս հիվանդագին վիճակներ
Փոքր երեխա ունեցողները տանը պետք է անպայման ունենան պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ: Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ հանկարծակի, եւ դուք ժամանակ չեք ունենա գնալ դեղատուն:
– Տենդային ցնցումների դեպքում անպայման ահազանգեք շտապօգնություն, քանի որ երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի:
Ուշադրություն, եթե երեխայի մոտ տենդային ցնցումներ են, ապա.
Մի՛ ուշացրեք ահազանգը` թերագնահատելով իրավիճակը: Մի՛ մտածեք, որ կարող եք օգնել երեխային՝ սահմանափակվելով տնային պայմաններում ինքնուրույն բուժմամբ: Տենդային ցնցումները կարող են հետագայում էպիլեպսիայի պատճառ դառնալ:
Ինչ չի կարելի անել
– Մի՛ սուզեք երեխային սառը ջրի մեջ: Դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
– Մի՛ ծածկեք երեխային հաստ ծածկոցով կամ վերմակով, դրանք չեն թողնում, որ օրգանիզմը հովանա, եւ արդյունքում երեխայի վիճակն ավելի կբարդանա:
Սուր որովայն
Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետեւանքով երեխան կարող է ունենալ սուր ցավեր որովայնի շրջանում:
Ինչի վրա ուշադրություն դարձնել:
Սուր որովայնի ախտանշաններն են.
– որովայնի սուր, նոպայաձեւ բնույթի ցավեր, որոնք գնալով ուժեղանում են,
– սրտխառնոց, փսխում,
– աղիների նորմալ գործունեության խանգարում, փորկապություն կամ լուծ,
– փքված կամ տախտակի ամրության լարված որովայն,
– մարմնի ջերմաստիճանի բարձրացում` 37-38 C,
– գունատ, սառը, խոնավ մաշկ:
Ինչ անել
– Հանգստացրեք երեխային:
– Օգնեք երեխային հարմար դիրք ընդունել, պառկեցրեք նրան կողքի` ոտքերը ծալած դիրքում:
– Ահազանգեք շտապօգնություն: Այս վիճակը շատ վտանգավոր է, եւ զգացվում է անհետաձգելի վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:
Ինչ չի կարելի անել
– Մի տվեք երեխային ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ:
– Մի տվեք երեխային դեղորայք, հատկապես՝ ցավազրկողներ:
– Մի փորձեք տաքացնել որովայնը, օրինակ՝ տաք ջեռակի կամ լոգանքի միջոցով:
Դիմեք բժշկի կամ ահազանգեք շտապօգնություն, եթե առկա են հետեւյալ ախտանիշները.
– 38 C-ից բարձր կամ 35 C-ից ցածր ջերմություն,
– ցավեր, հատկապես՝ գլխացավ կամ որովայնի ցավեր,
– ցնցումներ,
– կրկնվող փսխումներ եւ լուծ,
– ցան,
– դժվարացած շնչառություն:
Դեղեր
– Առանց բժշկի խորհրդի` երեխային դեղեր մի՛ տվեք:
– Հստակ իմացեք, թե ինչքան, ինչ հաճախությամբ եւ որ ժամերին է պետք տալ դեղը, եւ հետեւեք բժշկի նշանակումներին:
– Անպայման հայտնեք բժշկին, եթե նկատում եք, որ դեղը կողմնակի ազդեցություն է ունենում (գլխացավեր, ցան, սրտխառնոց եւ այլն):
– Բուժումն անավարտ մի՛ թողեք, եթե նույնիսկ երեխան արդեն լավ է զգում:
Նյութը` ըստ doctors.am-ի
«Առավոտ»
10.08.2016