«Մենք աշխատել ենք արտակարգ ռեժիմով, մենք բոլոր բողոքների հետքերով գնացել ենք, այցելություններ ենք կատարել ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահպանման վայրեր»,- Ազատության հրապարակում «Հանուն խոսքի ազատության» հավաքի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Նա նշեց, որ վերջին օրերի ընթացքում իրենք այցելել են քրեակատարողական հիմնարկներ եւ առանձնազրույցներ են ունեցել «Սասնա ծռեր» խմբի, «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ: Անդրադառնալով լրագրողների նկատմամբ կիրառած բռնությանը՝ Զոհրապ Եգանյանը ասաց, որ ՄԻՊ գրասենյակն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել է. «Հենց այդ գիշերը, երբ հայտնի դեպքերը տեղի ունեցան մարդու իրավունքների պաշտպանը շատ կոշտ հայտարարություն արեց: Այնուհետեւ մենք գրություններ ուղարկեցինք գլխավոր դատախազություն, թերեւս բոլորդ տեղյակ եք, որ հարուցվել են քրեական գործեր, միասին կհետեւենք, թե այդ քրեական գործերը ինչպիսի ընթացք եւ ամենագլխավորը՝ ինչպիսի ավարտ կունենան»:
Զոհրապ Եգանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքի շնորհիվ շատ հարցեր են կարգավորվել. «Մենք կարողանում ենք իրականացնել այն գործողությունները, որոնք օրենքով տրված են մեզ: Մենք չենք կարող ցույցի ժամանակ ոստիկանին կանգնեցնել, ասել՝ բերման մի՛ ենթարկի. մենք նման իրավունք չունենք:Մենք չենք կարող հրամայական մեթոդ կիրառել, մեր աշխատանքն է՝ արձանագրել, համապատասխան գրություն անելն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ