«Մենք պաշտպանում ենք լրագրողների, այսինքն՝ մեր, աշխատանքի իրավունքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան նախաձեռնել են լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Արամ Աբրահամյանը նաեւ նախաձեռնող խմբի անդամ է:
«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 27-ին նաեւ լրագրողների դեմ ուղղված ակցիա էր: Այնպես չէր, որ ոստիկանությունը գործում էր ցուցարարների դեմ, եւ հանկարծ լրագրողները հայտնվեցին ոստիկանների, այսպես ասած, «դռբի տակ»: Ոստիկանները թիրախավորված, նպատակաուղղված աշխատում էին, որպեսզի այն մարդիկ, որոնք ունեին տեսախցիկներ, ֆոտոխցիկներ կամ պարզապես այլ ապարատներ, չկարողանան լուսաբանել, չկարողանալ ցույց տալ այն, թե ինչ է տեղի ունենում: Մենք պայքարում ենք նրա համար, որ անկախ ամեն ինչից կարողանանք ցույց տալ այն, թե ինչ է տեղի ունենում: Հետեւությունները, մեկնաբանությունները, վերլուծությունները պետք է անեն ընթերցողները»,- ասաց նա:
Ինչպես հայտնի է, Սարի թաղում լրագրողների խոչընդոտելու գործի շրջանակներում ձերբակալվել է երկու քաղաքացի: Հարցին, թե հնարավոր է, որ հավաքը ազդեցություն է ունեցել այդ քայլի վրա, Արամ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչպես ասում են, ջուրը քարը ծակում է: Ես չեմ կարծում, որ հենց այս ակցիայի պատճառով նրանք արեցին, բայց մեր գրածների, մեր ստորագրած հայտարարության, տարբեր տեսակի ակցիաների, հոդվածների, հրապարակումների եւ ելույթների արդյունքում է տեղի ունեցել: Ես չեմ կարծում, որ այս ակցիայից հետո ամեն ինչ կշտկվի, այդպես չէ, իհարկե՛: Մենք պետք է միասնական լինենք, հետեւողական լինենք միասին՝ անկախ նրանից, թե ով ինչ հայացքներ ունի ու ինչպես է լուսաբանում, մենք պետք է բոլորին հնարավորություն տանք լուսաբանել այնպես, ինչպես ցանկանում են»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով նախագահը ներողություն է խնդրել եւ հորդորել մոռանալ կատարվածը՝ Արամ Աբրահամյանը ասաց. «Ճիշտը ներողությունն ընդունելն է: Ես կարծում եմ, որ լավ է արել, որ ներողություն է խնդրել, բայց դա, բնականաբար, բավարար չէ: Մեր աչքը պետք է տեսնի ազատազրկված եւ դատարանի առաջ կանգնած ոստիկաններին՝ անկախ նրանից՝ նրանք համազգեստով են եղել այդ օրը, թե առանց համազգեստի:
Երբ որ մեր աչքը տեսնի այդ մարդկանց, որոնք դատարանի առաջ են կանգնել, այդ ժամանակ մենք կմտածենք, որ ինչ-որ բան առաջ է գնացել: Հիմա սկսել են նորից հետաքննել անցած տարվա հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձությունները, այնպես չլինի, որ հիմա՝ այս իրադարձությունները մեկ տարի հետո սկսեն քննել: Երբ որ լինեն ազատազրկված մարդիկ, երբ որ լինեն մարդիկ, որոնք կանգնել են դատարանի առաջ՝ լրագրողներին խոչընդոտելու համար, այդ ժամանակ մենք կտեսնենք, որ առաջընթաց կա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ