Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 12-ին մոլորակի բոլոր հայերը ոտքի են կանգնում». Կոչեր՝ Ազատության հրապարակից

Օգոստոս 10,2016 23:15

Ազատության հրապարակում ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող «Սասնա ծռերի» այսօր նույնպես հանրահավաք է անցկացվել:

Քաղաքացի Գայանե Գասպարյանն անդրադարձավ Արարատ Խանդոյանի կալանքի մասին բողոքի քննությանը, որն այսօր Վերաքննիչ դատարանում չկայացավ. «Այսօր ժամը երեքին Վերաքննիչ քրեական դատարանում ենք եղել, 15.30 պետք է դատը լիներ՝ Արարատ Խանդոյանի, որը չի եղել խմբավորման հետ: Ընդամենը միտինգի է եկել՝ եղբոր ու եղբոր ընկերների իրավունքները պաշտպանելու համար, բայց միտինգից բռնի ուժով կալանավորում են: Այսօրվա դատը պետք է որոշեր՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ձերբակալումն անօրեն էր, դատական գործընթացը պետք է առանց  Արարատի ներկայության լիներ։ Բայց կեցցե մեր փաստաբանը, ծափահարենք Արա Ղարագյոզյանին՝ ազնիվ ու բարոյական փաստաբան, նա պահանջեց դատը հետաձգել»:

Նա նաեւ կոչ արեց բոլորին ի պաշտպանություն Խանդոյանի համախմբվել. «Ամսի 12-ին մոլորակի բոլոր հայերը ոտքի են կանգնում, ժամը 17-ին էստեղ ենք լինելու, խնդրում եմ բոլոր շրջաններից եկեք Երևան»:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանն էլ հայտարարեց, որ Արարատ Խանդոյանի համար ստորագրահավաք է նախաձեռնվել Ազատության հրապարակում:

Մեկ այլ քաղաքացի էլ կոչ արեց վաղը հավաքվել Վերաքննիչ դատարանի մոտ Հայկ Հովհաննիսյանի համար. «Վաղը Վերաքննիչ դատարանում Հայկ Հովհաննիսյանին որոշել են դատել հինգից ութ տարի՝ ոչ մի ապացույց չունենալով, բայց տեղյակ ենք, որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, կարող են դատել, եթե կան երիտասարդներ, որոնց հետաքրքրում է իրենց հայրենակցի ճակատագիրը, վաղը առավոտյան ժամը տասնմեկին թող լինեն Վերաքննիչ դատարանում:

Առանց որեւէ հայտարարության որոշել են տղաներին դատել, գործ կոտրել, բայց մենք թույլ չենք տա, այսօր մի բան արեցինք, դատը հետաձգվեց, վաղն էլ կանենք»:

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանն էլ հիշեց, որ այսօր Սեւրի պայմանագրի հերթական տարեդարձն է. «Մի պայմանագրի, որ մեր ճակատագիրը ողբերգական դարձրեց, ո՞րն է պատճառը, որովհետեւ աշխարհն այնպիսին էր, ինչպիսին այսօր է, միայն այն օրերին ավելի ստոր էր, քան այս օրերին:

Մենք պետք  է հասկանանք՝ ինչ է կատարվում չորս բոլորը, ոնց դուրս գանք այն ուղին, որը մեզ համար ընդունելի է… Ժողովուրդը պետք է ամբողջանա, իր բոլոր ուժերը համախմբի, միայն այն ժամանակ նա կարող է հասկանալ և միայն այն ժամանակ նա իրավունք կունենա գոյություն պահպանել այս աշխարհում և իրականացնել մարդու բարձրագույն առաքելությունը… Աշխարհը խելագարվել է… Մարդիկ չեն հասկանում այսօրվա վիճակի ծայրագույն լինելը ամբողջ մոլորակով մեկ, հատկապես մեր տարածաշրջանում: Մեծագույն առաքելությունը, որը սպասում է մեզ, պետք է հետ բերենք հայկականությունը՝ այն, ինչ ուզում են մեզնից դուրս շպրտել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ քանի՞ մասնակից կար, այս հաւաքին
    թէ ոչ՝ կարեւոր չէ այդ տեղեկությունը…

    նոյն մօտեցումով ալ, վստահ բան է թէ «մոլորակի բոլոր հայերը» այդտեղ են լինելու ամսի 12-ին

    արդէն աշխարհում դէպի Հայաստան ոչ մի ավիատոմս չի մնացել…

    շատեր հասնելու են լողալով…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031