Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պատկերված անձինք ոստիկանության հետ առնչություն չունեն. Ահարոնյանը՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին

Օգոստոս 10,2016 22:30

Ոստիկանության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ լրագրողների նկատմամբ բռնություն վերջին տարիներին միայն ցույցերի, ոստիկանական գործողությունների ընթացքում է լինում.

«Ես այս պահին չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակման, ազատ խոսքի, իր մտքի համար: Այսինքն՝ լրագրողի հոդվածի համար նրա նկատմամբ հաշվեհարդար կիրառեն, ես նման դեպք չեմ հիշում: Արտակարգ իրավիճակներում, երբ որ ոստիկանությունը գործողություններ է կիրառում, երբ որ կան չարտոնված հանրահավաքներ, այո՛, հավանականություն կա, որ կարող է լրագրողը վնասվածք ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իր տեխնիկան վնասվի, դա ամբողջ աշխարհում ընդունված է, եւ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, որ նման միջոցառումների ժամանակ այդ ռիսկն ինքը կրում է: Այլ հարց է՝ դա արվո՞ւմ է դիտավորությամբ, թե՞ ոչ դիտավորությամբ, այսինքն՝ ոստիկանությունը գործողություն է անում եւ ոստիկանության ծառայողը կարող է ոչ դիտավորությամբ վնասել, խոչընդոտել, խոսքը դրա մասին չէ: Ցավոք նշեմ, որ կան դեպքեր, երբ որոշ անձանց կողմից ակնհայտ են դիտավորություն` հենց լրագրողի նկատմամբ բռնության:

Հունիսի 23-ին՝ անցած տարվա «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ կար, բարձրաձայնվեց, Հատուկ քննչական ծառայությունում քննություն սկսվեց: Իհարկե՛, լրագրողներից շատերը դժգոհ են՝ ինչու երկար տեւեց, ուրեմն՝ կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, որոնք պարտադիր են, որոշ ժամանակահատված են պահանջում: Դուք ինքներդ տեղյակ եք, որ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Այս ընթացքում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության արդյունքներով, անցած դեպքերի հետ կապված, ոստիկանության աշխատողները կարգապահական տույժի են ենթարկվել: Շատերի համար բավարար չէ այդ պատժատեսակը, բայց եկեք ընդունենք, որ մարդը չի կարող առավել ծանր պատժի արժանանալ, քան նախատեսված է օրենսդրությամբ»:

Նկատառմանը, թե բռնություն կատարողները քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ակցիայի մասնակից չեն եղել, այլ եղել են ոստիկանության հետ, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Կան տեսանյութեր, կան լուսանկարներ, որտեղ պատկերված են անձինք, որոնք ոստիկանության ծառայողներ են, պատկերված են անձինք, որոնք ոստիկանության հետ առնչություն չունեն: Ես դեռ չեմ տեսել, ես չեմ բացառում, որ նման տեսանյութեր լինեն, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ այս պահին քննություն է ընթանում, բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսել ոստիկանության ծառայող քաղաքացիական անձ տեսանյութում, որը բռնություն է կիրառում թե՛ լրագրողի, թե՛ քաղաքացու նկատմամբ»:

Դիտարկմանը, թե ուղիղ եթերով այդ ամենը տեսել ենք, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Եթե դուք ինձ այդ ուղիղ եթերի տեսագրությունը ցույց տաք, որտեղ երեւում է բռնություն կիրառող ձեր կողմից նշված քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողը, ես ներողություն կխնդրեմ: Հակառակ դեպքում՝ կուզեմ, որ դուք անեք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031