Ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական TRT հեռուստաընկերության հետ զրույցում: Թուրք նախարարը հավաստիացրել է, որ հարցը այդ ձևաչափով քննարկելը ձեռնտու է բոլոր կողմերին։
Քիչ անց Չավուշօղլուն թեմայի շուրջ առավել մանրամասն խոսել է Anadolu լրատվական գործակալության հետ՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է օգնել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ այն լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։
«Մենք ավելի վաղ ևս ջանքեր ենք գործադրել տվյալ հակամարտության կարգավորման հարցում», – ասել է թուրք նախարարը, ով անցյալ ամիս պատրաստվում էր Անկարայում ընդունել հակամարտության կարգավորման հարցով զբաղվող Մինսկի խմբի համանախագահներին և կոչ անել նրանց՝ պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հանդիպումը, սակայն, տեղի չունեցավ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական բախումների պատճառով։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան այժմ քննարկում է Ռուսաստանի առաջարկները։ «Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին մենք առաջարկում էինք Հայաստանին՝ հակամարտության կարգավորման համատեքստում։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները կողմ են, որպեսզի Անկարան իր ներդրումը կատարի հակամարտության կարգավորման հարցում», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ վստահեցնելով, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում քայլեր կձեռնարկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության ձևաչափի նախաձեռնողը, հիշեցնենք, պաշտոնական Անկարան է։
Պաշտոնական Երևանն արձագանքել է Չավուշօղլուի այս հայտարարություններին: «Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, news.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանն ու հավելել՝ «Չավուշօղլուի նախորդը ևս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում