Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւրի տրամաբանությունը գերիշխող` ներկա աշխարհաքաղաքական գործընթացներում

Օգոստոս 10,2016 21:12

Սեւրը մեզ համար համազգային պահանջատիրության իրավական հիմքն է, որը պայմանականորեն զուգորդվել է Միացյալ Հայաստանի սահմանները ճշտած Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ: Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի այժմեական հնչեղություն ունենալու մասին հայտարարել էր նախագահ Սարգսյանը ոչ միայն Վիլսոնի շիրիմին իր կատարած այցելությամբ, այլ ուղղակի նաեւ, իրավարար վճռի կայացման 90-ամյակի առիթով, հայտարարելով, որ պայմանագիրն ու վճիռը ներկայացնում են իրավական այժմեական նշանակություն:

Այցելությունն ու հայտարարությունը ամրագրվել էին նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրում տեղ գտած հետեւյալ բանաձեւումով. «Արժեւորելով…. 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում»:

Ուրեմն, եթե Վիլսոնի շիրիմին կատարված այցելությունը եւ ապա ուղղակի հայտարարությունը Սեւրով ճշտված միացյալ Հայաստանի սահմանների հայեցակարգային պետական նվիրականացում էր, ապա Հռչակագիրը արդեն Սեւրի համազգայնացումն էր: Հայաստանի Հանրապետությունը, Արցախը եւ Սփյուռքը հռչակում էին, որ Սեւրն ու իրավարար վճիռը արժեւորելի դեր ունեն Հայոց ցեղասպանության  հետեւանքների հաղթահարման առաջադրանքների իրականցման մեջ:

Սա նշանակում է պարզապես, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներում ներառվում է նաեւ տարածքային պահանջատիրությունը, որի հիմքը Սեւրի պայմանագրի հիման վրա Վիլսոնի ճշտած Հայաստանի սահմաններն են, որոնք նաեւ իրավարար վճռի նկատմամբ միջազգային օրենքի ճշտած կարգով անբեկանելի են:

Բայց Սեւրը, որի համար պետական ամենաբարձր մակարդակով եւս ընդգծվում է, որ ունի այժմեական նշանակություն, չի վերաբերում միայն հայությանը: Սեւրը աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզի վերագծում է, եւ Թուրքիայի մասնատումը, ավելի ճիշտ՝ արհեստական Թուրքիայի մասնատումը:

Այս առումով ալ այժմեական հնչեղություն ունի Սեւրի տրամաբանության վերարծարծումը: Ու բնավ պատահական չէ, որ Էրդողանը այսօր ամենաթեժ հռետորաբանությամբ եւ լարված պայքարում է Թուրքիան մասնատել ցանկացող ուժերի դեմ եւ ուղղակի մատնացույց  է անում Արեւմուտքին ու հատկապես Վաշինգտոնին:

Երկու փաստի վերհիշեցում այստեղ օգտակար կարող է լինել. նախ, թուրքական մամուլի ժամանակին կատարած հրապարակումները, որոնց համաձայն այն ժամանակվա արտգործնախարար եւ այժմ նախագահի թեկնածու Քլինթոնի Անկարայում բանակցությունների ընթացքում իր երկրին հայությանը դեպի ծով ելք պարտական լինելու նշումը, եւ երկրորդ, առաջիկա քսան տարվա համար ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի պատրաստած առաջիկա քսան տարվա կանխատեսումների զեկուցումը, ուր հստակ նշում կար Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելուն, ակնարկը ուղղելով Քուրդիստանի ստեղծմանը։

Այստեղ ավելի այժմեականություն է ապահովում Սեւրը, որը նաեւ սահմանագծել էր ստեղծվելիք Քուրդիստանը: Այժմեական այն առումով, որ տարածքային հակամարտության տեղ չէր թողում Սեւրը ճշտելով թե՜ Հայաստանի եւ թե՜ Քուրդիստանի սահմանները: Եւ գիտենք, որ Քրդական գործոնը այսօր ինչ հրատապությամբ ազդում է տարածաշրջանի զինվորաքաղաքական գործընթացների վրա եւ որքան աջակցություն  է ստանում Արեւմուտքի կողմից:

Աշխարհաքաղաքական գործընթացները ընթանում են Սեւրում իշխած զինվորաքաղաքական տրամաբանությամբ: Խնդիրը մեր պատրաստվածության հարցն է: Նախագահի հայտարարությունները պետականացրեցին Սեւրով բանաձեւված մեր պահանջները: Համահայկական հռչակագիրը համահայկականացրեց այդ առաջադրանքը: Աշխարհաքաղաքական ներկա գործընթացների հետ քայլ պահելու եւ պատրաստ լինելու համար պատեհ առիթին ճիշտ կողմնորոշվելու եւ առավելություն ձեռք բերելու համար մեզ պետք են կայուն հայրենիք, անսասան պետականություն եւ համայն հայության ներուժի նպատակաուղղված օգտագործում:

Սեւրյան տրամաբանությամբ  գործընթացներին պատրաստ լինելու, քայլ պահելու եւ պատեհ առիթին առավել ձեռք բերելու համար իրավական պետությունը նախապայմանային անհրաժեշտություն է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031