Խոշոր հրդեհի ենթարկված Գյումրու Հակոբյան փողոցի բնակիչների խոսակցության միակ թեման այսօր հրշեջ ծառայության աշխատանքն էր: Բնակիչներից մի քանիսը, օրինակ` Հակոբյան փողոց 6-րդ նրբանցք, թիվ 8 տան բնակչուհի Գյուլխանդա Հարությունյանը պնդում էր, որ հրշեջ ծառայությունն այնքան ուշ է հասել օգնության, որ այս փողոցի վեց տան կտուրներ ու Մանուկյանների տունն ամբողջապես այրվել են:
«Մինչև եկան, մինչև հասան, մյուս տների կտուրներն էլ այրվեցին: Ծխի հոտ առա, դուրս ելա, սկզբում մտածում էի, տեսնես՝ ինչ են վառել, որ էսպես ծխի հոտը տարածվել է, նորից տուն մտա: 10 րոպե հետո ձայն լսեցի, թե կռիշն է կպել, թռա դուրս, տեսա, որ մեր տան կռիշը վառվում է, ուզեցի հրշեջ ծառայություն զանգել, համարը մոռացել էի, հրշեջ ծառայությունը հեռու չէ մեր փողոցից, վազեցի հրշեջ: Էնտեղ էլ ինձ լավ ջղայնացրեցին, բայց երկու ավտո հետս վերցրած եկա: Հրշեջի մեքենաներից մեկը փողոցի մի մասում կանգնեց, մյուսը՝ մեր տան մոտ: Հրշեջները մեր տան մոտ կանգնած մեքենայի միջից շորից խողովակ փռեցին, տեսանք, որ ջուրը չի հասնում կտուր, շլանգի ծակերից թափվում էր ջուրը: Մի երեխա եկավ, շլանգ գցեցեինք, էդ երեխեն ավելի շատ օգուտ տվեց, քան իրենք, ու ես ձայն չպիտի հանեի՞, չպիտի՞ կռվեի, քննադատեի հրշեջներին, հա՞», -զայրացած ասաց Գյուլխանդա Հարությունյանը:
Այս տիկնոջ խոսքի վրա հարևանուհին՝ թիվ 10 բնակչուհին գոռաց. «Մենք ենք արել հրշեջի գործը, իմանաք»:
Կարդացեք նաև
Իհարկե, ոչ բոլորն էին քննադատում հրշեջ ծառայությանը, հատկապես թաղի տղամարդիկ նշում էին, որ նրանց գործը հեշտ չէ, թաղ եկած երկու հրշեջ մեքենաներն էլ շատ հին էին, անսարքին, խողովակները ծակ էին: Թաղի տղամարդկանցից մեկը, տեսնելով, որ կանայք խստորեն քննադատում են հրշեջներին, ասաց. «Գիտեք ցավն ինչ է, ոստիկան պուպուշցնելու համար միլիարդ ունեն, բայց Գյումրու համար մի հրշեջ մեքենա գնելու փող չունեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ