Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական վարպետները քաղաքապետի հետ հանդիպում են ուզում

Օգոստոս 10,2016 18:40

Օգոստոսի 11-ին քաղաքապետարանի մեկ պատուհանի մոտ Վերնիսաժի խնդրով հավաքվելու են ասեղնագործ-ձեռագործ ժողովրդական վարպետները: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը, իրենք ցանկանում են անպայման հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Տիկին Կարապետյանն ասաց, որ ժողովրդական վարպետները՝ շուրջ 40 հոգի, խնդիր ունեն Վերնիսաժի տեղերի հետ կապված: Նրա ասելով, դիմել էին քաղաքապետարան, ստացել էին պատասխան, որն իրենց չի բավարարել:

«Այսօր առավոտյան մեզ զանգել է թաղապետարանի առեւտրի բաժնից մի երիտասարդ եւ ասել է, որ վաղը 11:45-ին լինենք քաղաքապետարանում: Ես ասացի, որ եթե այդ հանդիպումը չի լինելու քաղաքապետի հետ, մենք չենք մասնակցի: Իսկ պարոնն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, իրեն ընդամենը խնդրել են փոխանցել: Մենք 40 հոգի ենք, բայց մի 25 հոգին տեղում կլինի, եւ երեւի 5-6 հոգով ներս մտնենք, թեեւ խնդիրը բոլորիս է վերաբերվում»,-ասաց ժողովրդական վարպետը;

Նա նաեւ հավելեց, որ  Վերնիսաժի բացման  օրվանից իրենք կանգնած են եղել Բյուզանդի փողոցի հարակից տարածքում: «Փաստեր ունենք, տարբեր դիմումների պատասխաններ, որ այդ տարածքը եղել է Վերնիսաժինը: Մենք այդտեղ կանգնած ենք եղել 1991 թ.-ից, նույն հատվածում փողոցի բանուկ մասերում կանգնած են եղել նաեւ հնամաշ իրեր վաճառողներ, ու նրանց հանելու համար մեզ էլ հետները հանել: Դրանից հետո ժամանակավորապես տեղավորեցին ցաքուցրիվ անհարմար վայրերում՝ մինչեւ վերանորոգումն ավարտվի, խոստացել էին վերանորոգումից հետո նորմալ տեղեր գտնել: Մենք գարնանը խորհրդակցության մասնակցեցինք քաղաքապետարանում, որտեղ մեզ խոստացան, որ ծրագրի ավարտից հետո մեր տեղերում կմնանք, բայց հետո հանեցին: Խոստացել էին, որ ինչպես կանգնել ենք, նույն հերթականությամբ կտեղափոխվենք նորակառույց ճեմուղիներից մեկը՝ առանց  տեղերի չափի եւ գնավարձի փոփոխման, բայց այսօր իրենք մեզ տեղեր են առաջարկում ոչ թե Վերնիսաժի հիմնական տարածքում, այլ մուտքային, ելքային մասերում,  ընդ որում 3 մետր բարձրությամբ երկաթե ճաղավանդակները  շատ անհարմար  են եւ հնարավոր չէ նրանց վրա ձեռագործ աշխատանքներ ցուցադրել: Մենք պահանջում ենք, որ կատարեն խոստումը՝ տեղերը պետք է համաչափ բաժանված լինեն ժողովրդական մշակույթի բոլոր ճյուղերի միջեւ»,-կարծում է մեր զրուցակիցը:

Քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, քաղաքապետարանի տեսակետը կներկայացնենք  ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031