Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղակայված է Միջին Արևելքի արվեստի թանգարանը: Վերջինիս «Միջին Արեւելքի արվեստ» ցուցադրությունը ներառում է ճանաչված նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որն ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Իր մասնավոր հավաքածուն Մ. Գրիգորյանը 1993-ին նվիրել է Հայաստանին:
Միջին Արեւելքի արվեստի թանգարանի վարիչ Զառա Մոկացյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ շատերը, որոնք ժամանակին մոտ էին Մարկոս Գրիգորյանի հետ, վաղուց չեն էլ այցելել թանգարան: Ասում է՝ կան մարդիկ էլ, որոնք ցանկություն են հայտնել աջակցել թանգարանին, օրինակ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ցանկություն է հայտնել թանգարանի պատկերագրքի համար լուսանկարներ անել:
Տիկին Մոկացյանը նշում է, որ ողջ աշխարհում ամենաթանկ բաները միշտ էլ անձնական հավաքածուներով են հավաքվել, ու անձնական հավաքածուները միանշանակ չեն ընկալվել մեզանում:
Նա մի դրվագ հիշեց. 2000-ի սկզբներին, երբ ցուցահանդեսի փակման օրն էր, իսկ բացումը շատ հանդիսավոր էր եղել, որոշել էին այցելուներին անակնկալ անել. «Մարկոն 6 հատ շամպայն էր բերել իր հետ, քանի որ աթոռ չկար, նստել էր պատուհանի գոգին ու բոլոր այցելուներին շամպայն էր հյուրասիրում: Վերջում արդեն մի լավ գինովցել էր: Իմիջիայլոց, այն շամպայնները չէինք կարողանում բացել, այնքան ամուր էին փակված, մեկ էլ մի այցելու ներս մտավ, Մարկոն խնդրեց, որ այդ մարդը բացի: Պարզվեց՝ սիմֆոնիկ նվագախմբի համերգներից մեկին հրավիրված դիրիժոր էր: Նա մի նկար շատ էր հավանել ու խնդրում էր, որ Մարկոն վաճառի 800 դոլարով, իսկ Մարկոն կատակում էր՝ դու շամպայնը բաց արա, հետո կխոսենք…»
Մանրամասները՝ օգոստոսի 11-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ