ԱՄՆ կառավարությունը որոշել է Հայաստանի հետ շարունակել միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Պարզվում է մեր երկիրը միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում գերազանցել է ԱՄՆ-ի սպասելիքները, ինչն էլ առիթ է տվել, որպեսզի ամերիկյան կողմը ընդլայնի համագործակցությունը:
Այսօր էլ կողմերը հաստատում են, որ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը շարունակում է մնալ սպառնալիք միջազգային անվտանգության համար:
Հիշեցնենք, որ համատեղ գործողությունների ծրագիրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին ութ տարի առաջ` ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով:
ԱՄՆ կառավարությունը մտադիր է միջուկային փորձաքննության օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս կողմից դիմելու պարագայում՝ աջակցելու միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ