Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոտհունձը՝ հյուսիսային թևում

Օգոստոս 10,2016 13:22

Անտառներով ու ալպիական մարգագետիններով հարուստ է Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելքը՝ Հակարիի Շալուա վտակի ավազանը: Այստեղ՝ Արախիշի գյուղական համայնքի տարածքներում(հիմնականում՝ Հայթաղ և Գահանիստ բնակավայրեր) արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է խոտհունձը: Շրջանում ներկայումս կա 13000 խոշոր, 39000 մանր եղջերավոր և այլ անասուններ: Ձմռանը նախապատրաստվելու նպատակով հարավային թևում գրեթե ավարտվել է խոտհունձը(հավաքվել է մոտ 300000 հակ խոտ), իսկ հյուսիսային թևում ընթացքի մեջ է:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ օգոստոսի 9-ին մեկնեցինք հնձվորների մոտ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին, խնդիրներին: Գահանիստ բնակավայրի մոտակայքում բավականին տարածք հնձվել է; և հակ կապող մեքենան շարունակում էր աշխատել. մոտ 1000 հակ արդեն պատրաստ էր: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ աշխատանքները կատարվում են շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության աջակցությամբ, և այստեղ կհնձվի մոտ 60հա տարածք, որը կապահովի 10-12 հազար հակ խոտ: Անասնակերը ցածր գներով՝ գրեթե ինքնարժեքով, վաճառվելու է տարածքի անասնապահներին: Մեր՝ այնտեղ եղած ժամանակ մի քանի մեքենա խոտ արդեն տեղափոխվեց Բազմատուս, Վարդուտ և այլ գյուղեր: Սոս Աղաջանյանը, ով զբաղված է խոտհնձի աշխատանքներով, նաև իր անձնական մեքենայով է տեղափոխում խոտը: Արմեն Միրզոյանն ու Ալիկ Բարսեղյանն օգնում են նրան՝ բարձելով մեքենան: Սեզոնային աշխատանք է, այնուամենայնիվ որոշ ժամանակ պարապ չեն մնա:

DSCN3510 DSCN3475 DSCN3629

Արախիշ համայնքի և հարևան բնակավայրերի մեծաքանակ անասուն ունեցողներն իրենք են գալիս խոտը տանելու: Շալուա համայնքից Հարություն Ապրեսյանը, ով մոտ 40 խոշոր եղջերավոր անասուն ունի, երկրորդ ուղերթն էր կատարում: Գոհ է նման պայմաններից. ասաց՝ մոտ 500 հակ պետք է կուտակի. ձմռանը միշտ էլ անակնկալներ լինում են, և հարկ է մինչ ձյան տեղալը պատրաստ լինել: Եթե իրենք զբաղվեն խոտհնձով, գրեթե նույն ծախսն են անելու՝ չհաշված ժամանակն ու աշխատանքը: Տարածքում զարգացել է նաև մեղվաբուծությունը: Շրջանում ընդհանուր կա մոտ 6000 մեղվաընտանիք, որի մեծ մասը գտնվում է հյուսիսային համայնքներում. տարին բարենպաստ է նաև այս ճյուղի զարգացման համար: Շուտով կսկսվի մեղրաքամը: Հնձվորները դեռ շատ անելիք ունեն, մանավանդ եղանակային պայմանները նպաստավոր են: Վերադարձին Լ. Սիմոնյանն ասաց՝ կա նպատակ տարածքում նաև հացահատիկի ցանքս սկսել: Կլիմայական պայմանները հնարավորություն կտան բարձր բերքատվություն ապահովել: Այս հարցում միակ խանգարիչ հանգամանքը գործող ճանապարհների վիճակն է. կոմբայնները պետք է անցնեն նեղ, ձորապռնկներով անցնող ճանապարհներով, որը վտանգավոր է: Իսկ եթե տարածքում կոմբայններ աշխատեն, հյուսիսային թևի շատ բնակիչներ ևս կսկսեն հացահատիկ արտադրել:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031