Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է ՉԺՀ Հարբին քաղաքի Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինի գլխավորած պատվիրակության հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով չինացի հյուրերին՝ քաղաքապետի գլխավոր խորհրդականը նախ ներկայացրել է Երևանի համառոտ պատմությունը, կառավարման ներկայիս մոդելը և առաջիկա տարիների ծրագրային ռազմավարությունը: Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը նաև նշել է Չինաստանի կառավարության նվիրատվությամբ ձեռք բերված չինական ավտոբուսներն զգալիորեն նպաստել են Երևանի տրանսպորտային երթուղիների կանոնավոր աշխատանքին: Վանո Վարդանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության և համատեղ ծրագրերն իրականացնելու հնարավորությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Նշվել է, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկի Չինաստանի նոր դեսպանատան շենքի շինարարությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գուան Հեյբինը նշել է, որ անչափ տպավորված է Երևանում անցկացրած օրերից, Երևանի մաքրությունից և երևանցիների հյուրընկալությունից: Չինացի հյուրը նույնպես համառոտ ներկայացրել է շուրջ 11 միլիոն բնակիչ ունեցող Հարբինի պատմությունը և հույս հայտնել, որ վերը նշված ոլորտներում Երևանն ու Հարբինը համագործակցության իսկապես լավ հեռանկարներ ունեն: Գուան Հեյբինը հատկանշել է, որ երևանյան տպավորությունների ու հանդիպումների մասին իր դիտարկումները կներկայացնի Հարբինի քաղաքային իշխանություններին, որից հետո, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի տեղի գործարարների ու լրատվամիջոցների ճանաչողական այցը Երևան:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնել` կոնկրետ ուղղություններով երկուստեք փոխշահավետ համագործակցություն ծավալելու նպատակով: Չինական կողմը նաև երևանյան պատվիրակությանը Հարբինում հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնել:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն