Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը գնում է Ալիեւի տուն՝ թեյելու, իսկ Սերժ Սարգսյանին կանչում են Մոսկվա՝ բան ասելու». Պապյանը՝ արարողակարգի մասին

Օգոստոս 10,2016 12:38

«Այն բոլոր ծրագրերը, որոնք որոշ լավատեսներ կապում էին Զանգեզուրով Իրան-Հայաստան-Վրաստան, այդ երկաթգիծը այլեւս որեւէ մեկին պետք չի լինի: Բացի տնտեսականից, այդ հանդիպումները շատ կարեւոր քաղաքական հետեւանքներ կունենան: Այն ջերմությունը, որը կար Պուտինի եւ Ալիեւի միջեւ Բաքվում, նաեւ շատ ծրագրեր, օրինակ՝մինչեւ 10 հազար ավտոմեքենա կառուցելու գործարանի հիմնարկեքը Բաքվում, դրանք կարեւորագույն ծրագրեր են: Տնտեսական լինելով հանդերձ՝ քաղաքական հետեւանքներ կունենան»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա ասաց, որ սա անպայման իր անդրադարձը կունենա Ղարաբաղի հարցի վրա. «Իր ելույթի ժամանակ Ալիեւը իր հին երգն էր երգում, բոլորի համար սպասելի էր դա: Որեւէ դիրքորոշման փոփոխություն, որ մերոնք փորձում են տարբերակել՝ ԼՂԻՄ-ի եւ շրջակա միջավայրի, նման բան գոյություն չունի: Ադրբեջանն իր կոշտ դիրքորոշման վրա է մնում: Նշում է, որ Իրանը մշտապես կողմ է եղել տարածքային ամբողջականությանը»:

Ըստ Արա Պապյանի, այս հանդիպումների շարքը մեզ համար դրական զարգացում չէր. «Եթե սրան էլ գումարում ենք Էդողանի այցը Սանկտ-Պետերբուրգ, Պուտինի հետ հանդիպումը, կես տարի տեւած խնդիրները երկու կողմն էլ հաղթահարեցին: Եթե բարեկամական հարաբերությունները չվերականգնեցին, գոնե դրա հիմքերը դրվեցին»:

Արա Պապյանը նշեց, որ մենք բավականին ծանր վիճակի մեջ ենք հայտնվել. «Մեր իշխանությունների այն քաղաքականությունը՝ բոլոր հավկիթները դնելու մի զամբյուղի մեջ, սխալ դուրս եկավ: ՌԴ-ին  ապավինում էին լիովին, նրա հետ հարաբերությունները պահպանելու համար մենք մեր հարաբերությունները փչացրեցինք գրեթե ամբողջ աշխարհի հետ: Մեր քվեարկությունները նայեք ՄԱԿ-ում, մենք այն քիչ երկրներից ենք, որ ՌԴ-ի հետ ենք քվեարկել, իսկ Ադրբեջանը դեմ կամ ձեռնպահ էր. մենք տեսնում ենք, որ երբ կան շահեր, ոչ ոք չի նայում զոհողություններին»:

Պապյանը համոզված է, որ Ադրբեջանի դիրքերն ավելի ուժեղ են, քան մեր: Նա նկատել էր արարողակարգային որոշ մանրամասներ. «Պուտինը գալիս է Բաքու, նրան դիմավորում է  փոխվարչապետը, հետո Պուտինը գնում է թեյելու Ադրբեջանի նախագահի տուն, իսկ մեզ մոտ մեր նախագահին կանչում են Մոսկվա՝ ինչ-որ բաներ ասելու համար, երբ հանգիստ կարելի էր Բաքվից մտնել Երեւան՝ գոնե արտաքին հավասարությունը պահելու համար: Էրդողանի հետ  հանդիպումը կարելի էր ոչ թե ամսի 9-ին դնել, այլ՝ 10-ին: Ի վերջո մենք ենք ստրատեգիական դաշնակից»:

Արա Պապյանը հիշեցրեց, որ անգամ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկավ Հայաստան, աշնանը նախատեսում է անպայման Ադրբեջան գնալ, թեեւ Ադրբեջանը քրիստոնյա երկիր չի. «Մենք հասկանում ենք, որ դա քաղաքական  քայլ է: Բա եթե Հռոմի պապը, լինելով կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը, դա անում է, մեր ստրատեգիական դաշնակիցը պիտի աներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նաիրի Ուրարտացի says:

    Վերջին 200 տարվա ռուս-հայկական հարաբերությունները ցույց են տվել, որ երբեմն դանդաղ, երբեմն արագ մեծ եղբոր ազգային, պետական-քաղաքական շահերը շեղվել են մեր ազգային-պետական շահերից: Ասել կուզեմ, որ մեր, անգամ կենսական շահերը, համարյա լիովին
    ոտնահարվել, դրվել է աճուրդի հանուն ռուսական շահի:Ցայտուն օրինակները շատ են, և
    պետք չէ ևս մեկ անգամ փորձության ենթարկել հայոց ազգային շահը անիմաստ ստորաքարշ
    հանդիպումներում: Քանզի ի վերուստ պարզ է, օգոստոսի 10-ին մեկ լեզվի և մեկ ականջի
    հադիպում է լինելու: Տերն ասելու է, վասալը՝ պարտավոր է լսել: Որևէ դրական նորություն
    Հայաստանի ու հայ ժողովրդի համար նման անհավասար իրավիճակում ակնկալել առնվազն
    հիմարություն է: Գուցե մի որոշ ժամանակ մեր իշխանիկները իրենց ապահով զգան ռուս մեծ
    իշխանի ներքո,բայց դա երկար չի տևի: Այնպես որ Հայաստանը նման աննպատակ հանդիպումներում անելիք չունի: Մի ելք ունենք միայն: Ձևավորել հայացքով դեպի սեփական
    ժողովուրդը/ ի Հայաստան և ի սփյուռս/ շրջված այնպիսի իշխանություն, որը թե լավ, թե վատ
    օրերում կառաջնորդի մեր ժողովուրդը դեպի հաղթնակներ:

  2. Էս իշխանությունն իսկապես այնքան սխալներ է թույլ տվել միջազգային եվ ներքին քաղաքական դաշտում իր աթոռը պահելու համար; որ նա այլեվս ի վիճակի չէ ոչինչ անելու բացի գլուխը խոնհարած օտարի ապտակներն անպատասխան ընդունելուց

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031